Հայաստանի երրորդ հանրապետության գոյության ողջ ընթացքում Հայաստանը երբեք ՌԴ-ի ծայրագավառ չի եղել․ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության համագումարի իր ելույթում հայտարարեց կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ հակադարձելով իշխանական այն թեզին, թե Հայաստանը մշտապես եղել է «ռուսական գուբերնիա», իսկ իրենց իշխանության գալով՝ դարձել է լուրջ խաղացող։
ՀՀ երեք նախագահներն էլ, ըստ Սուրենյանցի, իրենց արտաքին քաղաքականության մեջ ձախողումներ ունեցել են, բայց Հայաստանին վերաբերող բոլոր որոշումները կայացվել են Հայաստանում։ Ավելին, իր համար տարակուսելի է ՀՀ երրորդ հանրապետության, որը ձեւավորվել էր 1988-ի լուսավոր շարժման հիման եւ արցախյան առաջին պատերազմում մեր հազարավոր զոհերի կյանքի գնի վրա, ծայրագավառ անվանումը։
Իր բնութագրմամբ, մինչ 2018-ը մենք ունեինք անկախ Հայաստանի Հանրապետություն եւ Երեւանի կենտրոնում արժանապատվության պանթեոն՝ Եռաբլուր, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը վերածեց փլատակների՝ մեծացնելով Եռաբլուրը։ Նաեւ հավելում է՝ այն ՀՀ-ն Փաշինյանը համարում է ծայրագավառ, երբ ինքը ՀՀ գոյությունն ասում է առնվազն 99 տարով է երաշխավորել՝ կապելով աշխարհաքաղաքական մեկ կենտրոնի, մեկ ծրագրի՝ ԹՐԻՓՓ-ի հետ․ «Երկիրդ, ընդհանրապես, ոչ ինքնիշխանություն ունի, ոչ սուբյեկտայնություն․ վայ էն երկրին, որի ճակատագիրը 80-200 միլիոն դոլարի ծրագրից պիտի կախված լինի»։
Սուրեն Սուրենյանցը զգուշացնում է՝ սին է ՔՊ-ական իշխանության կողմից առաջ մղվող այն թեզը, թե ամեն ինչ ի սկզբանե կանխորոշված է, եւ ընտրությունները ոչինչ չեն փոխելու։ Այն, որ ՀՀ գործող իշխանությունը տոտալ ռեպրեսիաների է անցել՝ հասարակության տարբեր խավերի դեմ, այդ թվում նաեւ Հայ առաքելական եկեղեցու եւ հայտարարում է, որ «աշխարհի հզորները» իրենց հետ են, իր գնահատմամբ վախերի քողարկում է․ «Եթե ամեն ինչ կանխորոշված լիներ, իրենք ջղաձիգ շարժումների մեջ չէին լինի։ Նիկոլ Փաշինյանի խնդիրը ապատիկ հասարակություն ստեղծելն է։ Ինքը հասարակության որեւէ շերտում այլեւս հենարան չունի եւ հույսը այն է, որ կարողանալ ապատիկ հասարակություն ստեղծել, որպեսզի մարդիկ ընտրությունների չմասնակցեն»։
Կարդացեք նաև
Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ, Հայաստանը երկու թշնամի ունի՝ մեր հարեւան արեւելյան եւ արեւմտյան պետությունները․ «Հայաստանի ընտրությունների ճակատագիրը որոշում է Հայաստանի ժողովուրդը։ Մենք չպետք է թույլ տանք, որ որեւէ մայրաքաղաք փորձի ներազդել մեր քաղաքական քարտեզի վրա։ Բոլոր գործընկերների նկատմամբ մեծ հարգանք ունենք, բայց Հայաստանի ճակատագիրը որոշվելու է Հայաստանի ժողովրդի կամարտահայտությամբ, ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Մոսկվայում»։
Ի դեպ, Հայաստանի համար կարեւոր գործընկեր երկրներից Սուրենյանցը համարում է նաեւ Չինաստանը, Իրանը, Վրաստանը։
Ինչ վերաբերվում է իշխանության կողմից գեներացվող մյուս թեզին, թե ՌԴ-ն Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում, Սուրեն սուրենյանցը հայտարարում է․ «Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարում են Թուրքիան եւ Ադրբեջանը՝ Նիկոլ Փաշինյանի միջոցով»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































