Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն թույլ չի տա, որ որոշ գործիչներ իրենց անցյալի սխալները մեր հաշվին խմբագրեն. Տիգրան Աբրահամյանի պատասխանը Աղվան Վարդանյանին

Փետրվար 23,2026 11:22 Share

«Շատ տարօրինակ է, որ խորհրդարանական ընդդիմության գործընկերները շարունակում են փորփրել մի իրադարձություն, որտեղ փաստերը ակնհայտորեն իրենց օգտին չեն խոսում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ արձագանքելով օրերս Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հնչած հայտարարություններին։

Հիշեցնենք՝ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունեն ընդդիմադիր պատգամավորները Նիկոլ Փաշինյանին իշխանություն բերողների մասին և ինչպե՞ս են պայքարելու դրա դեմ: «Բոլորս էլ գիտենք, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել 1-ին և 3-րդ նախագահները, եկեք պարզ խոսենք, դրանից խոսենք, դուք ի՞նչ կարծիքի եք դրա մասին և ինչո՞վ եք փորձում պայքարել դրա դեմ»,- հարցն այսպես էր ձևակերպել քաղաքացին։ Ի պատասխան՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանն ասել էր․ «Մենք էլ շատ բան գիտենք, մենք էլ շատ բան ենք տեսել, բայց էսօր գնալ, փորփրել հրապարակային, ես անձամբ կարծում եմ, որ ճիշտ չէ։ Վստահ եմ, Մնացական ջան, ես էլ գիտեմ, բայց էսօր մեր խնդիրը ուրիշ է։ Կգա ժամանակ, էդ հարցերի պատասխանները բացահայտ կերևան, կտրվեն, կան կասկածներ, կան հարցեր, բայց էսօրվա խնդիրը, նպատակը ուրիշ է, ոչ թե հետ գնալ, այլ առաջ նայել, որ կարողանանք հիմնական հարցը լուծել, համաձա՞յն ես»։

«Հետաքրքրական է, որ թեման ակտիվացնում է մի գործիչ, ով նախորդ տարի, ճիշտ այս ժամանակներին, ընդդիմադիր ուժերի տարանջատման գործընթաց սկսելու մասին ազդարարեց. ու դա այն դեպքում, որ տարանջատումը տեղի էր ունեցել 2018-ի հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ մի կողմում ՀՀԿ-ն էր, իսկ հրապարակներում, փողոցներում՝ նաև իրենք։ Ավելին՝ հետ գնացեք ոչ այդքան հեռավոր 2018 թվական․ ովքե՞ր էին ՀՀԿ-ի դեմ խրոխտ, իսկ որոշ դեպքերում՝ վիրավորական բնույթի ելույթներ ունենում, մեղադրում իշխանությունը Փաշինյանին չհանձնելու մեջ։ Հետ գնացեք 2018-ի մայիս, տեսեք, թե ովքեր են Փաշինյանին առաջադրել վարչապետի պաշտոնում, նրա հետ կոալիցիա կազմել, պաշտոններ ստանձնել ու պաշտոնավարել մինչև այն պահը, երբ նույն Փաշինյանը, բառիս բուն իմաստով, փողոցում որոշեց, որ նրանք իրենց վերապահված դերը կատարել են, ու արդեն նրանց տուն գնալու ժամանակն է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նկատեցինք՝ խորհրդարանական ընտրությունների շեմին «Պատիվ ունեմ» և «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունների միջև հերթական փոխհրաձգության ալիքն է սկսվում։ Տիգրան Աբրահամյանը հակադարձեց՝ ասելով, որ սա չի համարում երկու խմբակցությունների լարվածության կամ փոխհրաձգության թեմա․ «Կան կոնկրետ անձինք, ովքեր այս թեման տարբեր առիթներով ակտիվացնում են, և սա ես «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը չեմ համարում, որովհետև դա, նախ, չի բխում իրենց թիմային ու անձնական առաջնահերթություններից, երկրորդ՝ դժվար է տրամաբանություն փնտրել ընտրական գործընթացների համատեքստում ՀՀԿ-ին թիրախավորելու հարցում, որովհետև դա որևէ ուժի համար չի կարող շահեկան լինել»։

Հարցին՝ խնդիրը առավելապես վերաբերում է 2-րդ և 3-րդ նախագահների լարված հարաբերություններին, ակնարկը նաև եկրո՞րդ նախագահին է վերաբերում, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշեց, որ չի կարող մեկնաբանել նախագահների միջև առկա հարաբերությունները, որովհետև կոռեկտ չի համարում մտնելու այդ դաշտ։

«Բայց մի բան շատ ակնհայտ է․ որոշակի պարբերականությամբ ՀՀԿ-ի դեմ տարաբնույթ թիրախավորումը տեղի է ունենում 2-րդ նախագահի հետ ասոցացվող գործիչների կամ ակտիվիստների կողմից։ Մենք այս թեման վաղուց ավարտված էինք համարում, նորմալ էլ չենք համարում, որ երկրում առկա ողջ խնդիրները թողած՝ ստիպված արձագանքում ենք այս կամ այն անձի հորինվածքին կամ մտքի թռիչքին, սակայն թույլ չենք տա, որպեսզի որոշ գործիչներ կամ ուժեր իրենց քարոզչությունը կամ անցյալի սխալները փորձեն ՀՀԿ-ի հաշվին խմբագրել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով՝ հուսով է, որ այս թեման շարունակություն չի ունենա, իսկ ընտրական ցիկլում իրական ընդդիմադիր ուժերն իրենց ռեսուրսներն ու հնարավորությունները կկենտրոնացնեն ոչ թե իրար, այլ փաշինյանական իշխանության դեմ։

Հիշեցրեցինք, որ 2018-ին Աղվան Վարդանյանը կոշտ ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից և հայտարարեց, որ ֆարս է տեղի ունենում, ու ինքը դրան չի մասնակցելու։

«Այո, պետք է արձանագրել, որ Աղվան Վարդանյանն է եղել այն եզակի պատգամավորը, ով 2018-ին դեմ է գնացել իր խմբակցության որոշմանը, ինչի պատճառով էլ, եթե չեմ սխալվում, հեռացվել է կուսակցությունից։ Իսկ ի՞նչ որոշմանն էր դեմ գնացել, շատերը հիշում են, չէ՞։ Խնդիրն էլ հենց դա է։ Այն մարդը, ով լավագույնս գիտի, թե իրականում ինչ է տեղի ունեցել 2018-ի ապրիլ-մայիս օրերին, ովքեր էին պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, ովքեր էին փողոցում ու ԱԺ-ում պաշտպանում Փաշինյանի վարչապետական նախասիրությունները, ինքը պետք է իր կեցվածքով ու խոսքով կանխի ՀՀԿ-ի դեմ արհեստական և իրականությանը չհամապատասխանող մեղադրանքները», – ասաց Տիգրան Աբրահամյանը։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նույն թեմայով անդրադարձը՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728