Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր գծերի թանկացումը․ հարված վարորդի գրպանի՞ն, թե՞ չհաշվարկված բեռ քաղաքային բյուջեի համար. «Հետք»

Փետրվար 23,2026 13:34 Share

«Հետք». 2024-2025 թվականներին Երևանի վճարովի ավտոկայանատեղիները՝ «կարմիր գծերը», քաղաքային բյուջեն հարստացրել են ավելի քան 3.8 մլրդ դրամով։ 2022-2023 թթ․ համեմատ այս գումարը ավելի քան կրկնակի շատ է։

2024 թվականի հունվարի 1-ից Երևանի վճարովի ավտոկայանատեղիներում կայանման վճարները թանկացան։ Քաղաքը բաժանվեց «Ա» և «Բ» գոտիների։ Կենտրոնի «Ա» գոտում կարմիր գծերով առանձնացված կայանատեղիների տարեկան վճարը 12 հազարից դարձավ 160 հազար դրամ, իսկ Արաբկիրի «Բ» գոտին կապույտով գծանշվեց՝ 24 հազար տարեկան վճարով։

Քաղաքային իշխանությունը դրույքաչափերի այս փոփոխությունը հիմնավորեց մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափելու ծրագրով։ Այս հիմնավորումը, սակայն, համոզիչ չթվաց ո՛չ Երևանի բնակիչներին, ո՛չ էլ Վարչական դատարանին։ Թեև դատարանը երկու գործով նշված դրույթներն անվավեր է ճանաչել, սակայն որոշումներն օրինական ուժի մեջ չեն մտել, քանի որ Երևանի ավագանին բողոքարկել է։ 2026-ի համար ևս դրույքաչափերը չեն փոփոխվել, վարորդները շարունակում են կայանման համար բարձր գին վճարել:

2024 թվականին ավտոկայանատեղիներում կայանելու համար վճարված ընդհանուր գումարը կազմել է 2 միլիարդ 18 միլիոն 640 հազար դրամ, որի 37%-ը՝ 752.8 միլիոն դրամը, վճարվել է տարեկան կայանման համար։ Ավելի պարզ ասած՝ 3711 վարորդ 160 հազար դրամ վճարել է «Ա» գոտում 1 տարի կայանելու համար, 6627 վարորդ՝ 24 հազար դրամ Արաբկիրի «Բ» գոտու համար։

2025-ին այս գումարը 10.8%-ով պակասեց՝ հանրագումարում կազմելով 1 միլիարդ 801 միլիոն 230 հազար դրամ։ Նախորդ տարի 2699 վարորդ միանվագ 160 հազար դրամ է վճարել, 3022-ը՝ 24 հազար։

Թեև վերջին երկու տարիներին կարմիր գծերից հավաքագրված գումարները նկատելիորեն ավել են հին դրույքաչափերով հաշվարկված գումարներից, մի բան ևս ակնհայտ է․ ավելի քիչ վարորդներ են տարեկան կայանման համար վճարում։ Եթե 2024-ից առաջ 40-45 հազար վարորդ նախընտրում էր 12 հազար դրամ վճարել ու ամբողջ տարվա ընթացքում կայանել կարմիր գծերում, 2024-ին վճարման այս տարբերակը շուրջ 10 հազար վարորդի համար էր հարմար։ 2025-ին ևս այս թիվը կրճատվեց՝ շուրջ 5700 վճարում տարեկան կայանման համար։

Երբ Երևանի ավագանին 2023-ի վերջին քննարկում էր կարմիր գծերի դրույքաչափերի փոփոխության հարցը, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ ինքն է այս որոշման պատասխանատուն ու թանկացման մեղավորը։

Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Վարչական դատարանում վիճարկում է Երևան համայնքում տեղական վճարների 2024 և 2025 թվականների դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման՝ վճարովի ավտոկայանատեղիների թանկացմանը վերաբերող դրույթները:

Վարչական դատարանը 2024 թ. դրույքաչափերին վերաբերող դրույթն անվավեր է ճանաչել, քանի որ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղիներում կայանելու համար տեղական վճարի չափն օրենքի ուժով չի կարող գերազանցել մատուցած ծառայության համար անհրաժեշտ ծախսերի չափը: Իսկ տեղական վճարի դրույքաչափի բարձրացումն ընդհանրապես չի կարող կիրառվել որևէ փողոցի բեռնաթափման նպատակով, կամ որ նույնն է՝ դրույքաչափի բարձրացման հիմքում չի կարող դրվել որևէ փողոցի բեռնաթափման նպատակը:

Քաղաքապետարանը բողոքարկել է Վարչական դատարանի որոշումը: Վերաքննիչ վարչական դատարանը դեռևս 2025 թ. սեպտեմբերի 1-ին վարույթ է ընդունել բողոքը ու կարծես «մոռացել» դրա մասին: Մինչ օրս որոշում հրապարակված չէ:

Գրեթե նույն հիմնավորմամբ Վարչական դատարանն անվավեր է ճանաչել նաև 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման համապատասխան դրույթները: Քաղաքապետարանը որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, սակայն վերադաս ատյանն անփոփոխ է թողել որոշումը: Երևանի քաղաքապետարանը 2026թ. հունվարի 13-ին վճռաբեկ բողոք է ներկայացրել, որի վերաբերյալ դեռ որոշում կայացված չէ:

Դատարանի որոշումների օրինական ուժ ստանալուց հետո վարորդները հնարավորություն կունենան հետ ստանալ վճարած գումարները, ինչը ևս ծանր բեռ կարող է լինել քաղաքային բյուջեի վրա:

Նարե Պետրոսյան,
Գրիշա Բալասանյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728