«2025 թվականից մեր ուշադրության կենտրոնում է կրոնական զբոսաշրջությունը: Հայաստանը որպես առաջին քրիստոնյա երկիր՝ ունենալով այսքան մեծ քրիստոնեական ժառանգություն, այնուամենայնիվ, աշխարհին դեռ բավարար չի ներկայացրել իր ներուժը: Շատ զբոսաշրջիկներ չգիտեն Հայաստանի առաջին քրիստոնյա երկիր լինելու մասին, եւ այս ուղղությամբ մենք նույնպես ըստ ռազմավարության եւ ըստ կատարվող ծրագրերի պլանի՝ իրականացնելու ենք աշխատանքներ»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գեւորգյանը:
Ի թիվս այլնի՝ Զբոսաշրջության կոմիտեի նախագահը նշեց, որ անցյալ տարի մասնակցել են միջազգային 6 ցուցահանդեսի, կառուցելով Արմենիա տաղավարը՝ իրենց հետ տանելով նաեւ բիզնես ոլորտի ներկայացուցիչների, որպեսզի նրանք կարողանան նոր գործընկերային հարաբերություններ հաստատել:
«Այս տարի մենք շեշտը դնելու ենք նրա վրա, որ տուրօպերատորները, գիդերը, ուղեկցողները, որոնք աշխատում են զբոսաշրջիկների հետ, մեկ օրվա ընթացքում ոչ միայն, օրինակ, այցելեն միայն եկեղեցիներ, այլ լինի մեկ եկեղեցի, մեկ ամրոց, մեկ բնադիտում, մեկ մաստեր կլաս, մեկ խոհարարական փորձառություն եւ այլն: Կփորձենք դիվերսիֆիկացնել զբոսաշրջային արդյունքը, ինչը կբերի նրան, որ զբոսաշրջիկը նախ շատ ավելի երկար մնա Հայաստանում, ինչը մեր հիմնական գործառույթների մեջ է, նաեւ կուզենա վերադառնալ»,-հավելեց նա:
Ասուլիսն ամբողջությամբ
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































