«2022-2025 թվականներին կոռուպցիայի ընկալման համաթիվը 46-47-ի միջև է։ Սա լճացում է։ Բավականին տհաճ երևույթ է․ մեզ թող չուրախացնի այն փաստը, որ մեր հարևաններից միայն Վրաստանն է ավելի լավ վիճակում․ կոռուպցիայի ընկալման համաթիվը 50 է։ Բայց մյուս երկրների և ԵԱՏՄ երկրների համեմատ շատ ավելի լավ վիճակում ենք գտնվում։ Սովորաբար, եթե կոռուպցիայի ընկալման համաթիվը 50-ից ցածր է, տարբեր երկրներում էմպիրիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ դա լուրջ խնդիր է»,- Մամուլի ազգային ակումբում «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակում անցկացված հանդիպման ժամանակ հայտնեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանը։
Նա ասաց՝ 2025-ին կոռուպցիայի ընկալման համաթիվը 46 էր։ Անդրադառնալով վիճակագրությանը՝ նշեց․ «Մինչև 2018 թվականը 35-ի շուրջ էր տատանումը՝ 32-35։ Իրականում տվյալները նախորդ տարվա տվյալներն են։ 2019-2020-ին համաթիվը կտրուկ բարձրացավ՝ 35-42, հետո դարձավ 49։ Սրանք իրականում 2018-2019-ի զարգացումներն էին, որոնք բերեցին աճին, որից հետո մի փոքր նվազեց՝ դառնալով 46։ Վիճակագրորեն զգալի էր փոփոխությունը, բայց շատ քիչ, որից հետո մնաց այդ մակարդակի վրա։
Վարուժան Հոկտանյանը վստահեցրեց՝ աշխարհում չկա երկիր, որտեղ կոռուպցիա չկա․ «2025-ին կոռուպցիայի ընկալման ամենաբարձր համաթիվն ունեցել է Դանիան, որը 89 է։ Սա լավագույնն է, որը կա։ Դեռ մենք դուրս չենք եկել այն իրավիճակից, որ ասենք՝ կոռուպցիա կա, բայց առանձնապես չի ազդում։ Դա կարող են ասել սկանդինավյան երկրներում»։
Վարուժան Հոկտանյանը փաստեց՝ մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը ուժի մեջ է Հակակոռուպցիոն ռազմավարությունը, որտեղ որպես թիրախ նշված է, որ այս տարի պետք է կոռուպցիայի ընկալման համաթիվը հասնի 55-ի․ «Եթե 2025-ին ունեցել ենք 46 ցուցանիշը, նշանակում է, որ 9 միավոր պետք է այս տարի լավանա։ 2018-2019-ին տարեկան յոթ միավոր էր լավանում․ այդպիսի փոփոխություններ, քայլեր, որ արվեցին։ Եթե այն ժամանակ դա այդքան չավելացավ, չեմ կարծում, հիմա նախանշաններ էլ չեմ տեսնում, որ կունենանք այդպիսի առաջընթաց։ Սա արդեն խնդիր է»։
Կարդացեք նաև
Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ Հակակոռուպցիոն քաղաքականությունը չի ազդել կոռուպցիայի ընկալումների վրա․ «Սա հիմնական հարցն է, որ պետք է տան քաղաքականություն որոշողները, որոշումներ կայացնողները, թե ինչու համար են այդ գործողություններն արվում։ Պետք է ասենք, որ գործողություններն այնքան էլ լավ չեն արվում, շատ գործողություններ ուղղակի չեն արվում։ Օրինակ՝ ստեղծվեցին հակակոռուպցիոն մասնագիտացված մարմիններ՝ Հակակոռուպցիոն կոմիտե, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Հակակոռուպցիոն դատարաններ, ենթադրվում էր, որ այդ ամենը կուժեղացնի պայքարը կոռուպցիայի դեմ, բայց ընկալումներով տեսնում ենք, որ իրավիճակն էապես չի փոխվել։ 2020-2021-ի համեմատ բավականին նահանջել ենք»։
Լրագրողների փաստմանը՝ իշխանություններն ասում են, որ սա կոռուպցիայի ընկալումն է, դեռ սա չի նշանակում, որ կոռուպցիա կա, Վարուժան Հոկտանյանն արձագանքեց․ «Հինգերորդ ռազմավարությունն է իրականացվում․ բոլոր հինգ ռազմավարությունների ժամանակ էլ որպես թիրախ դրվում էր այս համաթիվը։ Ունենք կոռելյացիա կոռուպցիայի ընկալման և կոռուպցիայի մակարդակի միջև։ Եթե ասում են՝ ուշադրություն մի դարձրեք, ուրեմն թող հանեն այն թիրախը, որ ասում են, թե 55 պիտի լինի համաթիվը։ Դժբախտաբար այդ մշակույթը մեր պետական մարմիններում տարածված է․ բոլորը մեղավոր են` բացի իրենցից։ Եթե ունենք սա, ուրեմն մեղավոր է ընկալումը, ոչ թե իրենք»։
Հարցին՝ սա նշանակում է, որ ՀՀ-ում համակարգային կոռուպցիա կա՞, թե՞ ոչ, Վարուժան Հոկտանյանը պատասխանեց․ «Ոչինչ դրա մասին ասել չենք կարող։ Դրա համար պետք են լուրջ ուսումնասիրություններ։ Այդ 6 աղբյուրներից մի քանի հարցեր են, որոնք պահանջում են ավելի խորքային ուսումնասիրություն՝ հասկանալու համար այդ երևույթները, որի պատճառով մենք չենք առաջադիմել, ունեն ավելի համակարգային բնո՞ւյթ, թե՞ դա փոքր մաշստաբի կոռուպցիա է, որը շատ տարածված է, և դա անում են ցածր օղակի չինովնիկները, դրա համար այսպես վատ է վիճակը։ Կա համակարգային կոռուպցիա, եթե տարանջատում ենք մեծ կոռուպցիան և կա բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիան։ Դրանք նույնանական չեն։ Ես ավելի շատ հակված եմ ասելու, որ սա ավելի մեծ կոռուպցիայի և բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիայի պատկերն է, քանի որ հիսունից ցածր է ցուցանիշը։ Մենք հաստատ կարող ենք ասել, որ սա փոքր մասշտաբի կոռուպցիա չէ, ավելի բարձր մակարդակի է, բայց համակարգային կոռուպցիա ասելու համար շատ ավելի լուրջ ուսումնասիրություն է պետք անել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































