Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսի կանչելու գործընթացը, որը դարձել է հասանելի գրեթե բոլորին, իրականում վերածվել է բարդ տնտեսական և սոցիալական խնդրի, որտեղ թափանցիկության պակասը պայմաններ է ստեղծում անվստահության խորացման համար. «Փաստ»

Փետրվար 24,2026 10:20

Տաքսի կանչելու գործընթացը, որը դարձել է սովորական և հասանելի գրեթե բոլորին, իրականում վերածվել է բարդ տնտեսական և սոցիալական խնդրի, որտեղ թափանցիկության պակասը պայմաններ է ստեղծում անվստահության խորացման համար, իսկ կարգավորումների բացակայությունը կամ թերությունը խորացնում է աշխատանքային իրավունքների ոտնահարումները։

Այսպիսով, ուղևորների դժգոհությունը հիմնականում պայմանավորված է գնագոյացման անհասկանալի մեխանիզմներով, երբ նույն ճանապարհի համար տարբեր ժամանակահատվածներում կամ եղանակային պայմաններում գինը կտրուկ փոխվում է՝ մեծամասամբ զուրկ լինելով տրամաբանական բացատրությունից, ինչը ստեղծում է այն զգացողությունը, որ սակագները պայմանավորված չեն օբյեկտիվ շուկայական կամ ծառայության որակի չափանիշներով, այլ կամայական որոշումների արդյունք են։

Մյուս կողմից էլ՝ խնդիրների երկրորդ, ոչ պակաս կարևոր հատվածը վերաբերում է հենց վարորդներին, ովքեր, լինելով այս համակարգի անփոխարինելի օղակը, բարդ իրավիճակի են բախվում, քանի որ Հայաստանում գրանցված շուրջ 120 հազար օնլայն տաքսի վարորդների մեծ մասը զրկված է հիմնական աշխատանքային երաշխիքներից, չնայած նրանցից շատերն օրական միջինը 10 ժամ աշխատում են։ Վարորդների բողոքների հիմնական մասը բաժին է ընկնում նրան, որ իրենց վաստակած գումարի զգալի մասը գնում է միջնորդավճարներին և հարկերին, մինչդեռ նրանք փաստացի չունեն սոցիալական որևէ պաշտպանություն, քանի որ հաճախ նույնիսկ գրանցված աշխատող չեն համարվում և, հետևաբար, չեն կարող օգտվել առողջապահական համընդհանուր ապահովագրության համակարգից կամ այլ սոցիալական արտոնություններից, որոնք բնորոշ են ֆորմալ զբաղվածություն ունեցող քաղաքացիներին։

Այս իրավիճակը խորանում է նաև այն պատճառով, որ վարորդները գտնվում են կախվածության մեջ առցանց հարթակների կողմից սահմանված խիստ կանոններից, սակայն չունեն հնարավորություն՝ պաշտպանելու իրենց շահերը կամ ազդելու միջնորդավճարների չափի վրա, ինչը նրանց դարձնում է խոցելի թիրախ շուկայական տատանումների և ընկերությունների կամայական որոշումների առջև։

Անցած տարի օնլայն տաքսիների ոլորտում կատարված կարգավորումները փորձեցին լուծել հարկային վարչարարական որոշ խնդիրներ՝ սահմանելով, որ պատվերներն օնլայն հարթակով ընդունող վարորդները ազատվում են հարկերը հաշվարկելու և փոխանցելու, ինչպես նաև դրամարկղային սարք ձեռք բերելու պարտավորությունից, քանի որ այդ գործառույթներն ամբողջությամբ փոխանցվեցին կազմակերպություններին կամ հարթակներին, որտեղ կտրոններն ավտոմատ գեներացվում են հավելվածում։

Այժմ այս առցանց հարթակներն են հավաքում վարորդների տվյալները, հաշվարկում ու փոխանցում հարկերը, վերահսկում վճարումները և իրականացնում գրեթե բոլոր վարչարարական գործընթացները, ինչը տեսականորեն պետք է ապահովեր կարգուկանոն, բայց գործնականում հանգեցրել է նրան, որ խոշոր ընկերությունները դարձել են ոլորտի առանցքային դերակատարներ՝ իրենց ձեռքում կենտրոնացնելով հսկայական տվյալների բազա և լծակներ՝ շուկայական պայմաններ ու գներ թելադրելու համար։

Առցանց հարթակներ սպասարկող ընկերությունների կողմից շուկայի մոնոպոլացման կամ օլիգոպոլիկ վերահսկողության սպառնալիքը դառնում է ավելի շոշափելի, երբ տվյալների կենտրոնացումը թույլ է տալիս ազդել ոչ միայն գնագոյացման, այլև վարորդների աշխատավարձերի և աշխատանքային ռեժիմի վրա՝ առանց որևէ արտաքին վերահսկողության կամ թափանցիկության մեխանիզմների։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728