Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Արամյան. «Ինչու տնտեսական ցուցանիշների հետ մեկտեղ չի լավանում հասարակության սոցիալական վիճակը եւ դեռ մի բան էլ` ավելի է վատանում». «Հրապարակ»

Փետրվար 24,2026 10:33 Share

Վերջին շրջանում Ֆեյսբուքում շատերն են ակտիվացել, այդ թվում` էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Նա խոսում է ՀՆԱ-ի ավելացման մասին, հայտարարում, որ արտաքին պարտքը թեպետ բացարձակ թվով կրկնապատկվել է, սակայն իրականում նվազել է: 2017 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն 11,5 մլրդ դոլար է եղել, 2025-ին` 29,2 մլրդ դոլար, եւ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է: Մինչդեռ ՀՆԱ-ի այդ աճի հիմնական մասը խաղային բիզնեսն է, դա ռեալ տնտեսական աճ չէ, այլ՝ տոքսիկ աճ:

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով Պապոյանի հայտարարությունների մասին, նկատում է. «Ես ընդհանրապես այդ պարզունակ համեմատությունը չեմ հասկանում: Մարդիկ ինչպե՞ս են ներկայիս տնտեսական կյանքը համեմատում, ասենք, 2017 թվականի տնտեսական կյանքի հետ: Սա ամենասխալ ու պարզունակ մոտեցումն է, այն պրոֆեսիոնալ մոտեցում չէ, ինչպես նաեւ՝ հասարակությանը մոլորության մեջ է գցում: Նույն սկզբունքով եկեք 2008-ի ՀՆԱ-ն համեմատենք 1996-ի ՀՆԱ-ի հետ, այն անգամներով ավել է: Կամ, ասենք, 2016-ի ՀՆԱ-ն եկեք համեմատենք 2006-ի ՀՆԱ-ի հետ, կտեսնենք, որ էական ավել է ստացվում: Չի կարելի նման բան անել: Ես հասկանում եմ, որ նրանք քաղաքական կուրս ունեն, որ պետք է ցույց տան՝ ՀՆԱ-ն աճել է, բայց դա բնական է` պետք է աճի: Տնտեսական աճ կա, ակնհայտ է, որ ՀՆԱ-ն պետք է չաճի: Այստեղ հարցն այն է, թե ինչու տնտեսական ցուցանիշների հետ մեկտեղ չի լավանում հասարակության սոցիալական վիճակը եւ դեռ մի բան էլ` ավելի է վատանում: Պետք է հասկանանք, թե ինչի մասին է խոսքը, ի վերջո՝ հասարակությունը միայն բարձր եկամուտ ստացողներից չէ բաղկացած: Տնտեսական քաղաքականություն մշակողների թիվ մեկ մարտահրավերն այն է, որ միավոր տնտեսական աճից շատ ավելի օգտվում են միջին եւ բարձր եկամուտ ունեցողները, քան սոցիալականապես անապահովներն ու խոցելիները: Ինչո՞ւ են տնտեսական քաղաքականություն մշակողները ջանքեր գործադրում, որպեսզի միջամտեն այն բանին, որ երեւույթը շարունակական չլինի»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728