Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում դեղերի գների մակարդակը տարիներ շարունակ մնում է տարածաշրջանային ամենաբարձր ցուցանիշներից մեկը. «Փաստ»

Փետրվար 24,2026 11:12

Հայաստանում դեղերի գների մակարդակը տարիներ շարունակ մնում է տարածաշրջանային ամենաբարձր ցուցանիշներից մեկը, մինչդեռ բնակչության ընդհանուր բարեկեցության մակարդակը չի համապատասխանում այդ գներին, ինչը ստեղծում է խիստ անհամաչափություն և սոցիալական լարվածություն։ Օրինակ՝ Վրաստանում դեղերի գներն անհամեմատ ավելի էժան են, քան Հայաստանում: Եվ շատ հայաստանցիներ՝ հատկապես սահմանամերձ շրջաններից, դեղորայք գնելու համար մեկնում են Վրաստան:

Դեղորայքի շուկայի կառուցվածքային հիմնախնդիրներից մեկը մրցակցության իրական մեխանիզմների բացակայությունն է, որը պայմանավորված է շուկայի մասնակիցների սահմանափակ քանակով և դեղերի ոլորտում ընդգրկված ընկերությունների գրեթե մենաշնորհային դիրքերով։ Հայաստանում գործող դեղատների ցանցերի մեծ մասը պատկանում է մի քանի խոշոր բիզնես խմբերի, որոնք վերահսկում են ինչպես ներմուծման ուղիները, այնպես էլ մանրածախ առևտուրը, ինչը հնարավորություն է տալիս արհեստականորեն պահել գները բարձր մակարդակի վրա՝ անկախ շուկայական այլ գործոններից։

Այս իրավիճակը ստեղծում է պատրանք, թե դեղատների մեծ քանակությունը վկայում է մրցակցության մասին, սակայն իրականում տարբեր ապրանքանիշերի տակ թաքնված են նույն սեփականատերերը, որոնք համաձայնեցված քաղաքականություն են վարում գնագոյացման հարցում՝ առավելագույնս մեծացնելով իրենց շահույթը սպառողների հաշվին։ Դրա հետ մեկտեղ ներմուծողների և դեղատների միջև հարաբերությունները հաճախ ուղեկցվում են անթափանցիկ գործարքներով, լրացուցիչ վճարումներով և խրախուսավճարներով, որոնք, ի վերջո, ներառվում են դեղի վերջնական գնի մեջ՝ դարձնելով այն անհասանելի շատերի համար։ Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ Հայաստանում դեղորայքի գները հաճախ գերազանցում են նույն դեղամիջոցների գները զարգացած երկրներում, ինչը բացատրվում է ոչ միայն ներմուծման ծախսերով կամ փոքր շուկայի յուրահատկություններով, այլև պետական կարգավորման թույլ մեխանիզմներով։

Այս ամենին ավելանում է նաև բժիշկ-հիվանդ հարաբերությունների շղթայում դեղորայքի նշանակման խնդիրը։ Այս տեսանկյունից բացակայում է վստահելի և թափանցիկ համակարգը, որը կապահովի բժշկի կողմից նշանակված դեղերի անհրաժեշտությունն ու արդյունավետությունը՝ զերծ դեղագործական ընկերությունների շահադիտական ազդեցությունից, ինչը հաճախ իրականացվում է մարքեթինգի մեջ ներգրավված բուժաշխատողների միջոցով։

Հայաստանում դեղորայքի որակի ապահովումը նույնպես մնում է լուրջ մարտահրավեր, քանի որ շուկա են մուտք գործում ոչ միայն բարձրորակ դեղամիջոցներ, այլև այնպիսի ապրանքներ, որոնք կասկածելի արդյունավետություն ունեն կամ նույնիսկ կարող են վտանգավոր լինել առողջության համար։

Մյուս կողմից էլ դեղամիջոցների մասով ինքնաբավության մակարդակը ապահովելու, ներմուծումից կախվածությունը նվազեցնելու և բնակչության համար դեղերի անվտանգությունն ու մատչելիությունը ապահովելու նպատակով Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի դեղերի տեղական արտադրությունը խրախուսելու ուղղությամբ:

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728