«2018 թվականի մեծ աղմուկ առաջացավ, երբ խոսվում էր Մոնումենտում գտնվող առանձնատների մասին՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույք։ 2018 թվականի հոկտեմբերին քրեական գործ հարուցվեց ՀՔԾ-ում, որից հետո մամուլում կան հրապարակումներ, որ Հակակոռուպցիոն կոմիտեից որեւէ արձագանք չկա կամ դատախազությունն էլ լուրջ արձագանք չի տալիս այդ գործերի վերաբերյալ։ Արդյոք կա՞ գործ, վարույթ։ Բոլորս գիտենք, թե այդ առանձնատներն ում են պատկանում կամ գուցե չգիտենք, բայց այդ առանձնատները կան եւ գտնվում են տեղում»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։
Դավոյանը դժգոհեց, որ 2018 թվականին ՔՊ-ի տված խոստումների կատարումը դանդաղում է։ «Օրինակ՝ այս գործը 2018 թվականից մինչեւ այսօր քննվում է, եւ որեւէ քաղաքացու հետաքրքիր չէ՝ քննիչները շատ են, քիչ են, ինչո՞ւ են քիչ։ Մարդիկ հարցերի պատասխաններն են ուզում՝ ինչո՞ւ են գործերը երկար քննվում։ Մեր տված խոստումների շատ մասը դանդաղում են, բազմաթիվ նման գործեր կան, որոնք տարիներով գնում են։ Եվ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ գործերը դանդաղում են՝ մինչեւ հլա տեսնենք, թե էս ընտրություններում ինչ կլինի»,- նշեց Դավոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Արթուր Նահապետյանն ասաց, որ Մոնումենտի դղյակների վերաբերյալ վարույթ կա, որը քննվում է 2018 թվականից։ «Քննության ձգձգման պատճառը եղել են նշանակված բազմատեսակ փորձաքննությունները։ Սակայն ներկայումս մենք փորձաքննությունների եզրակացությունները ստացել ենք եւ հիմնավորել ենք, որ մի շարք հողամասեր համարվում են Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածով նախատեսված օտարման ոչ ենթակա հողամասեր։ Եվ այս մասով առաջիկայում մենք գործողություններ կիրականացնենք, Մոնումենտում խախտումներով հողատարածքների օտարման գործերով պաշտոնյաների մասով իրավական գնահատական կտանք»,- ասաց Նահապետյանը։ Նա հավելեց, որ խոսքը շուրջ 20 հողակտորի մասին է։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































