Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի մահվան դեպք պահանջում է թափանցիկություն և հաշվետվողականություն. հայտարարություն

Փետրվար 24,2026 14:43 Share

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունն իր խորը մտահոգությունն է հայտնում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող 43-ամյա կալանավորված անձի կենսաբանական մահվան վերաբերյալ, որն արձանագրվել է 2026 թվականի փետրվարի 17-ին՝ պալիատիվ բուժօգնության կենտրոնում։

Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ կալանավորված անձի ինքնազգացողության վատթարացման պատճառով 2026 թվականի հունվարի 29-ին կանչվել է շտապօգնություն, որի միջոցով վերջինս տեղափոխվել է քաղաքացիական բժշկական կենտրոն։ Այնուհետև, 2026 թվականի փետրվարի 4-ին, կալանավորված անձը տեղափոխվել է պալիատիվ բուժօգնության կենտրոն, որտեղ 2026 թվականի փետրվարի 17-ին արձանագրվել է նրա կենսաբանական մահը։ Ըստ մամուլի հրապարակման՝ մահվան փաստը հաստատվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից:

Կազմակերպության համար մտահոգիչ է այն հանգամանքը, որ կալանավորված անձի կենսաբանական մահն արձանագրվել է փետրվարի 17-ին, մինչդեռ հանրությունն այդ մասին տեղեկացել է միայն փետրվարի 23-ին՝ մամուլի հրապարակումից հետո։ Ազատությունից զրկված անձանց մահվան յուրաքանչյուր դեպք գտնվում է պետության անմիջական պատասխանատվության ներքո և ենթակա է անհապաղ, լիարժեք և թափանցիկ հանրային իրազեկման։ Հակառակ պարագայում առաջանում են թափանցիկության և հաշվետվողականության վերաբերյալ հիմնավոր մտահոգություններ, ինչպես նաև ձևավորվում է տպավորություն, որ նման դեպքերը կարող են մնալ քողարկված և չարժանանալ պատշաճ ուշադրության՝ առանց մամուլի միջամտության։ Նման գործելակերպն անընդունելի է իրավական պետության և մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար սկզբունքների տեսանկյունից։

Հատկանշական է, որ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ կալանավորված անձը տեղափոխվել է պալիատիվ բուժօգնության կենտրոն, ինչը վկայում է առողջական վիճակի ծայրահեղ ծանր լինելու մասին։ Յուրաքանչյուր անձի կյանքի և առողջության պաշտպանությունը պետության անմիջական և անվերապահ պարտավորությունն է, հատկապես այն դեպքերում, երբ անձը գտնվում է պետության լիակատար վերահսկողության ներքո։ Այս համատեքստում առանձնակի կարևոր է պարզել, թե արդյո՞ք կալանավորված անձի առողջական վիճակը համատեղելի է եղել կալանքի պայմանների հետ, արդյո՞ք ապահովվել է ժամանակին, համարժեք և ամբողջական բժշկական օգնություն, արդյո՞ք իրականացվել է առողջական վիճակի պատշաճ և անկախ բժշկական գնահատում։ Միաժամանակ անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք քննարկվել է խափանման միջոցի փոփոխության հնարավորությունը՝ հաշվի առնելով առողջական վիճակը, և արդյո՞ք պետությունն ամբողջությամբ կատարել է կյանքի իրավունքի պաշտպանության իր պոզիտիվ պարտավորությունները։

Կալանքի պայմաններում գտնվող անձանց կյանքի իրավունքը պաշտպանված է ոչ միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, այլև Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններով։ Պետությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ բացառելու համար կանխարգելելի մահվան ցանկացած դեպք ազատությունից զրկման վայրերում։

Կազմակերպությունը կարևորում է, որ տվյալ դեպքի բոլոր հանգամանքները ենթարկվեն լիարժեք, անկախ և արդյունավետ քննության՝ ապահովելու համար հանրային վստահությունը և բացառելու համար նման դեպքերի կրկնությունն ապագայում։ Միաժամանակ ընդգծում է, որ ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման և բժշկական օգնության տրամադրման համակարգը պետք է շարունակաբար գտնվի պետական և հանրային վերահսկողության ներքո՝ որպես մարդու արժանապատվության և հիմնարար իրավունքների պաշտպանության անբաժանելի երաշխիք։

Իրավական նախաձեռնությունների կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728