Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական սպառնալիքները՝ ՀՀ ներսից

Փետրվար 24,2026 20:25 Share

-Թուրքիայի կողմից առաջին սպառնալիքը ուղղված մեզ Արցախն էր, տեսնում ենք՝ այդ սպառնալիքը այսօր լուծված է: Ներկա իշխանությունները ոչ միայն տապալելով տարատեսակ գործընթացներ՝ 2020 թվականի պատերազմի հանգրվանին են բերել ՀՀ-ն, այլև հիմա ամեն կերպ պետական հռետորաբանության մեջ Արցախ հասկացությունը լիովին ջնջվում է, ինչը ՀՀ կողմից թուրքական հստակ սպառնալիքին նպաստելու դրսևորում է,- այսօր Համահայկական հասարակական դաշինքի մեկնարկին անդրադառնալով Թուրքիայից եկող սպառնալիքներին, դրանց Հայաստանի արձագանքին՝ ասաց պատմաբան Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ երկրորդ սպառնալիքը Թուրքիայի դիրքորոշումն է մեր ազգային ու պետական սիմվոլիկայի նկատմամբ և դեռ 1992-ից Թուրքիայի կողմից մեր առջև դրված 7 նախապայմանների մեջ էին ազգային, պետական սիմվոլիկայից հրաժարվելը. «Արարատ լեռան, անկախության հռչակագրի, զինանշանի և այլն: Այս ուղղությամբ տեսնում ենք՝ ՀՀ-ում հիմա ինչպիսի արձագանք կա: Արձագանքը շատ համահունչ է թուրքական պահանջին: Մեզանում երբևէ չի եղել քննարկում Արարատ լեռան ընկալման, որպես սիմվոլիկա և այլն, հիմա «ինքնիշխանության մոլուցքից» ելնելով՝ շրջանառության մեջ է դրվել:

Դա ոչ թե ՀՀ- ում ծնված գաղափար է, այլ Թուրքիայի հստակ սպառնալիք-պահանջ է և ՀՀ կողմից գլխահակ դրան համաձայնելու հերթական քայլն է: Երրորդ թիրախը մեր ազգային ինքնության պատմական հետնաբեմն էր: Կարող եմ մի քանի ելույթ մեջբերել Էրդողանից, որտեղ նա թիրախավորում է հայ ժողովրդի պատմական հիշողությունը, թե ինչպես են մտածում այդ պատմության մասին և հորդորում հրաժարվել հին պատմություններից, որոնք թշնամանք են հարուցում: Այսօր դրա արձագանքը ՀՀ-ում այսպես կոչված նոր, իրական Հայաստան կոնցեպտն է, որտեղ որևէ հիշողություն անցյալից չկա: Իսկ այն ազգերը, որոնք հրաժարվում են իրենց անցյալից, չեմ կարծում, որ կարող են շատ լուրջ տեղ գրավել համաշխարհային քաղաքակրթության մեջ: Թուրքական վերջին սպառնալիքը հայկական սփյուռքն էր և Հայ Առաքելական եկեղեցին:

Որևէ մեկը չի կարող ինձ համոզել, որ Հայ եկեղեցին թուրքական հստակ թիրախ չէ: Հստակ թիրախ է եղել, բազմաթիվ կոնցեպտուալ փաստաթղթերում կան բազմաթիվ վերլուծություններ: Հայաստանում ծավալվող հարձակումը եկեղեցու վրա նույնպես չեմ կարող առանձին դիտարկել թուրքական այս սպառնալիքից…Թուրքիայում ոչինչ չի փոխվել, թուրքական սպառնալիքները նույնն են, եթե ինչ-որ բան փոխվել է, փոխվել է ՀՀ պաշտպանվելու գիտակցումը, հասարակությանը ներկայացվող և Թուրքիայից բխող սպառնալիքների էությունը: Քաղաքակրթական ընտրության միջև Հայաստանը ներկայացվում է նոր անունով՝ նյութական Հայաստան, Հայաստան, որը հիմնված է միայն նյութական շահի վրա»:

Ըստ պատմաբանի՝ Զանգեզուրի միջանցք հասկացությունն էլ պանթուրքիզմի դրսևորում է. «Այն մարդիկ, որոնք ծաղրում են ու չեն տեսնում դրա վտանգները, նրանց դժվարանում եմ բնութագրել։

Բոլորը ոգևորված խոսում են TRIPP-ի մասին, Թրամփի ուղուց: Զանգեզուրի միջանցքը անվանափոխվեց TRIPP-ի, դա ոչ թե հանուն Հայաստանի արվեց, այլ այդ ամբողջ կոնֆլիկտի լուծումը հենված է Արցախի ողբերգության, Հայաստանի նահանջի, Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջներին ինքնակամ կքվելու ու այդ բոլոր պահանջները կատարելու մտայնության վրա:

Ճանապարհ բացվեց Իրանը մեկուսացնելու, Ռուսաստանը դուրս մղելու, իսկ ՀՀ-ն՝ որպես քաղաքական գործոն ոչնչացնելու: Այս ամենի կոնտեքստում մեզ առաջարկվում է նյութական Հայաստանի տեսլականը: Մի մտածեք, որ Սյունիքի հանդեպ մեր ինքնիշխանությունը տուժում է, մտածեք, որ դրա դիմաց բացվում են չիպի գործարաններ, արհեստական բանականության էլեմենտներ են մտցվում և այլն…

էդ ինքնիշխանության տնազը, երբ Թրամփը ասում է՝ ոտքի կանգնեք Ալիևին ու Փաշինյանին, իրար ձեռք սեղմեք, չգիտեմ՝ դա որքանով է ինքնիշխանություն, երբ մյուս գերտերության լիդերն է դա ասում: Մենք կանգնած ենք քաղաքակրթական ընտրության առջև, դա հստակ երկու ընտրություն ունի՝ լինել պարտված, զիջող ու ծաղրանքի արժանացող, թե՞ սխալները վերաարժևորող, պարտությունը ընդունելով հանդերձ՝ հետևություններ անող և ապագայի հանդեպ արժանապատիվ տեսլական ունեցող ազգ ու պետություն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728