Ռուսաստանցի հայտնի գրող Բորիս Ակունինը տարիներ առաջ գրառում էր արել՝ «մահախոսականը փչացնելու» մասին: Նա բերում է իր բնագավառում առավել հայտնի՝ դասական օրինակները: Տաղանդաշատ ռուս գրող Մաքսիմ Գորկին հրաշալի ստեղծագործությունների հեղինակ է, մինչեւ 1920-ական թվականների վերջը, ընդհանուր առմամբ, արժանապատիվ կյանքով է ապրել: Սակայն 1929 թվականին մեկնել էր ստալինյան Սոլովկի, ըստ էության, մահվան ճամբարը՝ տեսնելու, թե ինչպես են դատապարտյալները «վերադաստիարակվում»: Մոտ մեկ տարի անց տեռորն արդարացնող հոդված էր գրել՝ «Եթե թշնամին չի հանձնվում, նրան ոչնչացնում են»: Արդյունքում ստացավ շքեղ առանձնատուն եւ կյանքի օրոք՝ Նիժնի Նովգորոդ քաղաքի՝ իր պատվին վերանվանում: Կորցրեց՝ ամբողջապես դրական մահախոսական ունենալու հնարավորությունը:
Նույնը՝ ոչ պակաս տաղանդավոր նորվեգացի գրող Կնուտ Համսունը: 80 տարեկանում կենդանի դասական էր, տասը տարի անց համընդհանուր անարգանքի էր արժանացել՝ նացիստներին սատարելու համար: Փառաբանում էր Հիտլերին, իր նոբելյան մեդալը հանձնել է Գեբելսին (ծանոթ սյուժե է, այդպես չէ՞):
Ոչ միայն այդ մասշտաբի, այլեւ համեմատաբար ավելի համեստ վաստակ ունեցող արվեստագետները, գիտնականները եւ, առավել եւս, հոգեւորականները, իրավապաշտպանները պետք է խուսափեն տոքսիկ միջավայր ընկնելուց: Ամենատոքսիկն, իհարկե, իշխանությունն է, հատկապես բռնապետական իշխանությունը: Բայց, համենայնդեպս, արժե հեռու մնալ ցանկացած իշխանությունից: Այսպես ասած, ապահովության համար:
Թե չէ այն ամենը, ինչ ստեղծել ես, ինչին հասել ես, կարող է ջուրն ընկնել, եւ մահախոսականի մեկ տողը՝ «այսինչ թվականից այսինչ թվականը մաս էր կազմում այսինչ կառույցի եւ հանդես էր գալիս գործող ռեժիմի պաշտպանությամբ», կարող է խաչ քաշել քո ամբողջ կենսագրության վրա, ինչպիսի հրաշալի, օրինակ, բանաստեղծ, քահանա կամ եպիսկոպոս էլ լինեիր անցյալում:
Կարդացեք նաև
…Ինքը՝ Ակունինը (Չխարտիշվիլին) 2024 թվականին պուտինյան ռեժիմի կողմից հռչակվել էր «օտարերկրյա գործակալ»՝ պատերազմի մասին «անցանկալի տեղեկություններ տարածելու համար»: Ներկայումս Լոնդոնում ապրող գրողի դեմ իր հայրենիքում բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Նկարը ստեղծված է արհեստական բանականության միջոցով


















































