«Շատ կարեւոր եւ առանցքային հարց է, թե ինչ է կատարվում իրավապահ համակարգում… Ես ուզում եմ հիշեցնել, թե հայրենիքի հանձնման պահին այս մարդիկ ինչով էին զբաղված՝ բառիս բուն իմաստով սեփական ժողովրդին խոշտանգելով, ահաբեկելով, գործեր կարելով, ընդդիմադիրներին հետապնդելով, քահանայաց դասին սպառնալիքներ հնչեցնելով, կեղծ տեսանյութեր սարքելով, մարդկանց անկողիններ մտնելով… Եվ սա բարեփոխված ոստիկանությունն է»,-«Հայելի» ակումբում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ոստիկանապետի երեք տեղակալների պաշտոնանկ արվելուն, զոհվածների ծնողներին Եռաբլուրում քաշքշելուն, Կիրանցի դեպքերին ոստիկանների մասնակցությանը:
«Այս մարդիկ մասնակցել են Նիկոլի ազգակործան պրոցեսներին եւ կարեւոր դերակատարություն են ունեցել, ինչը ոչ մի կերպ չի ջնջվելու մեր պատմական հիշողությունից: Ինչքան էլ նրանց պաշտոնանկ անեն, փորձեն տանել ու մեկ այլ տեղ օգտագործել, փաստը մնում է փաստ: Այսքան տարիների ընթացքում այս մարդիկ զբաղվել են ամեն ինչով, բացի իրենց գործից:
Քրեական վիճակը խայտառակ վիճակ է, ամեն օր տեսնում ենք սպանություններ, ռազբոռկաներ, զենքի գործադրմամբ անդառնալի հետեւանքներ, մեր մատաղ սերունդը բառիս բուն իմաստով կոտորվում է: Վերջին ամիսներին 50 մահվան դեպք է արձանագրվել՝ հրազենի գործադրմամբ, թմրանյութերը լիուլի տարածվում են ամեն մի բակում, ամեն մի «բեսեդկայում», ամեն մի կրթական հաստատությունում: Գողությունների մասին էլ խոսք չկա, մարդիկ տան մեջ՝ գողերը մտնում, թալանում ու դուրս են գալիս, իսկ մեր հայրենակիցները չեն վստահում ոստիկանությունը»,-նշեց պատգամավորը:
«Եթե 120-140 հոգի աշխատողներով քննչական կոմիտեն պետք է զբաղված լինի մի սրբազանի վրա գործ կարելով, Սամվել Կարապետյանի դեպքում էլ՝ 150 հոգով, վիճակը սա կլինի…Իրավապահ համակարգը միայն մի գործով է զբաղված՝ կատարում է ազգակործան պատուհասի հրահանգները ու գործեր կարում… Ինչ հանցավորության դեմ պայքար, ինչ գողության դեմ պայքար…
Կարդացեք նաև
Ասում է՝ 20 երիտասարդ մեկին ծեծել է, ու ոստիկանական գվարդիան գնացել, օդ է կրակել, երիտասարդները փախել են…Մեղա քեզ, Տեր Աստված… Սա ձեռքբերում են համարում, որ գվարդիան գնացել ու օդ է կրակել: Այսինքն` գործ ունենք բարդակի, ամենաթողության, անպատժելիության եւ շատ դեպքերում նաեւ իշխանության հետ փոխկապակցված մարդկանց տարբեր քրեական գործերի ջրելու հետ»,-փաստեց Գառնիկ Դանիելյանը:
Ինչ վերաբերվում է թոշակառուների թոշակը ընտրություններից առաջ 10.000 դրամով բարձրացնելուն, այս մասին էլ Գառնիկ Դանիելյանը նշեց. «Լավ է, որ 10.000 դրամ բարձրացնում է, բայց այդ 10.000 դրամը մարդկանց քթերից թանկացումների հաշվին հանելու են: Մենք ասում ենք՝ կենսաթոշակը պետք է այնքան բարձրանա, ի դեպ, այդ խոստումը տվել էր ինքը, որ միջին սպառողական զամբյուղը ապահովի, ինչը կազմում է մի 80.000 դրամ: Իսկ ուր է, չկա…Որ մի խոստումն է արել, որ դա անի… Թոզ մի փչի ժողովրդի աչքին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































