«Ադրբեջանական բենզինը հենց գալիս է՝ 420 դրամով, շատ արագ սպառվում է։ Ինչքան արագ ենք բերում, այնքան արագ է սպառվում։ Մեր ժողովուրդը արագ գնում է՝ առնում է։ Հենց ադրբեջանական բենզինը վերջանում է, բնականաբար, մյուս բենզինը նորից թանկանում է։ Դրա հետեւությունը ո՞րն է։ Որ պետք է ադրբեջանական բենզին շատ բերենք, որ միշտ շատ լինի էժան գնով բենզին՝ մեր ժողովրդի համար։ Ինչքան շատ բերեն, այնքան գները կիջնի ներքեւ։ Մինչեւ այդ ապրանքի մուտքը Հայաստան, ես «ռեգուլյար» բենզին տեսել եմ 500-520 դրամով, հիմա եթե անգամ 440 է․ կներեք, մի լիտրը 75 դրամ, տաս լիտրը եղավ 750 դրամ․․․ եթե ամեն տաս լիտրի մեջ մարդը դա խնայում է, էդ մարդու գրպանն էդ փողը կծակի՞»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ հավելելով, որ եթե նախկինում այդ փողը դուրս էր գալիս մեր երկրից, այժմ այդ գումարը մեր երկրում է մնում։
Նա նաեւ ասաց, որ դեռ քննարկվում է, թե Հայաստանն ի՞նչ է արտահանելու Ադրբեջան։ Երկու երկրներից փոխադարձ արտահանումների ցանկերը ներկայացված են, մնացածը՝ ժամանակի խնդիր է։ Մի բանում է Գեւորգ Պապոյանը վստահ՝ առեւտուր լինելու է, այն էլ՝ միլիոնավոր դոլարների, դրա ներուժը կա։
Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությանը, որ ադրբեջանական բենզինի նոր խմբաքանակ է Հայաստան գալու, Պապոյանը ծանոթ չէ։ Մանրամասներ էլ չգիտի։ Ասաց՝ այդ գործն իրենք թողել են բիզնեսին, «գործը ռելսերի վրա է», մնացածը՝ տեխնիկական հարց է։
Իսկ կենսաթոշակների եւ նպաստների 10 հազարական դրամներով բարձրացումն ասում է, մեր տնտեսական աճի արդյունք է։ Հաշվարկել է՝ լրացուցիչ 75 միլիարդի խնդիր է առաջանալու, բայց հոգս չի համարում, վերաբաշխումների միջոցով կանեն։ Հարցին՝ ինչո՞ւ նախկինում տնտեսական աճը, որի մասին խոսում էին իրենք, չէր ուղղվում այդ նպատակին, պատասխանեց՝ այլ նպատակների էր ուղղվում։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































