Լրահոս
Օրվա լրահոսը

«Ահա դատարանի վճիռը, որ դու իրավունք չունես այդ հացից չտալու…». Տեր Եղիշեի մղձավանջը

Փետրվար 25,2026 17:36

Սուրբ Պատարագի ընթացքում մի մարդ Սուրբ Խորանի վարագույրը բացեց և ասում է.

-Ինձ էդ հացից տուր (Ի նկատի ունի Սուրբ Հաղորդությունը)։

-Եղբայր,- ասում եմ,- անցած անգամ էլ ասացի, որ Մեծ Պահքի ընթացքում Սուրբ Հաղորդություն չի տրվում։ Հիմա խանգարում ես Պատարագը և անկարելի բան ես ասում։

Հանեց մի թուղթ և թափահարում է մեկ դեպի ժողովրդի կողմը, մեկ դեպի Սուրբ Խորանը։ Եվ բղավում է.

-Ահա դատարանի վճիռը, որ դու իրավունք չունես այդ հացից չտալու։ Դու ոտնահարում ես կուշտ լինելու իմ իրավունքը։ Եթե չտաս, մարդիկ կան, կգան, քեզ ստիպեն։ Դա քո որոշելով չի։

Շփոթվել եմ։ Ասում եմ.
-Ախր դու մկրտված էլ չես։ Հետևաբար պարզ չէ՝ քրիստոնյա՞ ես, թե՝ ոչ։

Հանում է մեկ այլ թուղթ.

-Ահա,- բղավում է,- դատարանն է որոշել, որ կապ չունի՝ մկրտված եմ, թե ոչ։ Դու իրավունք չունես ինձ այդպիսի հարցեր տալու։ Այդ հացից տուր։ Եվ միշտ պարտավոր ես դա անել։ Եթե չէ,- շարունակում է բղավել,- քեզ կստիպեն դա անել։

-Ախր դա անհնար է. եկեղեցում այդպիսի կարգեր չունենք,֊ ասում եմ ես։

Իսկ նա տրցակով թղթեր է հանում, շաղ տալիս եկեղեցում և ասում.

-Հավաքիր թղթերը և հերթով կատարիր վճիռները։

Նեղսրտում էի, թե Պատարագը թողած՝ այս ինչ զրույցի եմ բռնվել։

Ուզում էի փակել վարագույրը, որ ընդհատված Պատարագը շարունակեմ, այդ պահին արթնացա։

Այս ի՞նչ մղձավանջ էր։

Աչքերս տրորում եմ և ծանր տպավորությունը ցրելու համար սկսում եմ թերթել լրահոսը։

Մի տեսանյութում փաստաբանը համեստորեն ասում է.

-Անհնարին է դա և ակնհայտ ապօրինի։

Իսկ երազիս մարդը, թղթերի տրցակը թևի տակ, համարյա բղավում է.

-Դատարանն ինչ ասաց, պիտի անեք, օրինական թե ապօրինի, ապա թե ոչ՝ կալանքի կենթարկվեք։

Եվ նորից եմ աչքերս տրորում. գուցե դեռ երա՞զն է շարունակվում։

Եվ վախենում եմ տեղիցս վեր կենալ։ Ինձ թվում է՝ ահաբեկչության զոհ եմ դարձել, և հասկացողությունս անասելի կտտանքների է ենթարկվել։

Եվ ամրապնդվելու համար կամաց շշնջում եմ.

-Տեր Հիսուս Քրիստոս, ողորմիր ազգիս և ինձ՝ բազմամեղիս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728