Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներողություն եմ խնդրում այն քաղաքացիներից, ովքեր կարծում են, որ ընդդիմադիր ճամբարում ներքին բախումների ժամանակը չէ». Արմեն Աշոտյանի եւ Աղվան Վարդանյանի հեռակա բանավեճը

Փետրվար 25,2026 18:07

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետեւյալ տեսաուղերձին:

 

Աղվան Վարդանյանը մասնավորապես գրել է. «Երկար մտածում էի՝ խոսե՞մ, թե չէ: Երբ մարդուն գնահատում ես, չես ուզում կորցնել։ Մինչեւ նա չի խախտում այս պարզ, մարդկային օրենքը: Գիտեմ՝ խոսելը բան չի փոխելու, բայց չխոսես, կմտածեն՝ պատասխան չեղավ, հաջորդ անգամ ավելին թույլ կտան իրենց։ Այլեւս երկու հոգու մեջ մարդկային ոչինչ չի մնա: Քանի որ գնահատում եմ՝ պատասխանեմ:

Անցած շաբաթ օրը Գյումրիում էինք՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորներով: Ժողովրդի հետ հանդիպում, դահլիճում՝ մոտ 400 քաղաքացի: Հարցուպատասխանին մեկը ասում է՝ ինչո՞ւ ճշմարտությունը չեք ասում, ինչո՞ւ չեք ասում, որ էս խեղկատակին (բնականաբար Ն.Փ.-ին նկատի ունի) բերել են առաջին ու երրորդ նախագահը: Ավագի իրավունքով վերցնում եմ բարձրախոսը:

-Անունդ ի՞նչ է,- հարցնում եմ: -Մնացական:

Մնացական ջան, ասում եմ, մենք ի՞նչ ենք անում էստեղ, ինչի՞ց ենք խոսում: Ասում ենք՝ էս չարիքը պետք է հեռացնենք: Նպատակը սա է, խնդիր ունենք լուծելու: Էսօր մենք բանակցում-քննարկում ենք ընդդիմադիր բոլոր ուժերի հետ, ձեզ հետ՝ ի՞նչ քայլեր անենք միասին, ինչպե՞ս գլխավոր խնդիրը լուծենք: Հիմա մեզ ի՞նչ է տալու անցյալը փորփրելը: Հիմա պետք է ոչ թե հետ, այլ՝ առաջ նայել, որ նպատակն իրագործվի, խնդիրը լուծվի: Մենք էլ շատ բան ենք տեսել, շատ բան գիտենք, բայց դրա ժամանակը չէ, անիմաստ է: Էդպիսի կարծիք ունեցողներ կան, կասկածներ կան, հեռացնենք, հետո կխոսենք։ Հիմա խնդիրը լուծելու ժամանակն է:

Համաձա՞յն ես, Մնացական,- ասում եմ ու չսպասելով պատասխանի՝ համաձայն ես, ասում եմ: Դահլիճը ծափահարում է:

Հաջորդ օրը ինձ են ուղարկում Արմեն Աշոտյանի (արդեն ասել եմ ՝գնահատելի մարդու) լայվը՝ «Ո՞վ է բերել Նիկոլին» վերնագրով: Ասում է՝ «Հայաստան» դաշինքից Աղվան Վարդանյանը բեմադրված հարցի է պատասխանում: Սուտ է ասում:

Ինքը լավ գիտի՝ ո՛չ ներկուսակցական, ո՛չ այլ բեմադրությունների չեմ մասնակցում: Գյումրեցի մարդը հարց է տվել. ի՞նչ բեմադրված: Բայց որ սուտն ասել է, էլ չի կարողանում կանգնել։ Առանց անունները տալու՝ սկսում է Նիկոլին բերելու մեջ մեղադրել «Հայաստան» դաշինքի ներկա բոլոր պատգամավորներին՝ Աննա Գրիգորյանին, Սեյրան Օհանյանին, Լևոն Քոչարյանի ընտանիքին, դաշնակցականներ Իշխան Սաղաթելյանին, Քրիստինե Վարդանյանին, Արթուր Խաչատրյանին: Ու ոգևորված եզրակացնում՝ ավելի մեծ մեղավորներ չկան:

Հետո էլ ուրախ չարախնդում է, թե ընդդիմադիր դաշտում «Հայաստան» դաշինքն այլեւս առաջին ջութակ չէ ու հորդորում է՝ հեռու խաղալ «Հանրապետական» կուսակցությունից:

Լայվը լսելուց հետո զանգում եմ Աշոտյանին, մտերմաբար, ինձ նման մի քիչ կոպիտ ասում եմ՝ ինչ մտածում եմ եւ ինչ եմ պատասխանել քաղաքացուն:

Ասում է՝ ես «Հանրապետական» կուսակցության փոխնախագահն եմ:

Ուշադիր լսիր, Աշոտյան, «Հանրապետականի» հետ ոչ մոտ, ոչ հեռու խաղալու ցանկություն չունեմ: Խնդիր կա լուծելու, որոշեք՝ մասնակցո՞ւմ եք, թե՞ չէ: «Հայաստան» դաշինքին, նախագահ Քոչարյանին թիրախավորելը գերնպատակ մի դարձրեք: Շատ եք արել։

Առաջին, երկրորդ, հինգերորդ ջութակի թեմա էլ չկա: Կա նպատակ, կա խնդիր, կա լուծում։ Մենք դրանով ենք զբաղված:

Լավ է, որ «Հանրապետական» կուսակցության փոխնախագահն ես, բայց վատ է, որ սուտ ու պարտադրված ես խոսում: Մի վտանգավոր միտք էլ՝ վատն է այն փոխնախագահը, ով չի ուզում նախագահ դառնալ»:

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է այս գրառմանը՝ ստորագրելով ՀՀԿ (վատ) փոխնախագահ. «Ընկեր Աղվանը, թողնելով նախընտրական եռուզեռը եւ չհամակերպվելով Գյումրիում տեղի ունեցած միջադեպին իմ պատեհ արձագանքի հետ, օրեր անց որոշել է մի առանձին հոդվածով արձագանքել ինձ։

Ինչ խոսք, նա գրավոր խոսքի վարպետ է, շատ ավելի հմուտ, քան Գյումրիում տեղի ունեցածի ընթացքում էմոցիոնալ եւ, մեղմ ասած, անհաջող բանավոր ձեւակերպումները «ով է բերել Նիկոլին» հարցի շուրջ։

Սակայն նույնիսկ աշխատած եւ մշակված գրավոր տեքստում իր մոտ չստացվեց խուսափել իրավիճակն էլ ավելի սրող ձեւակերպումներից։ Էլ չեմ ասում՝ չհիմնավորված մեծամտության եւ պսեւդոմենթորական տոնի մասին։

Եթե իրոք գնահատում ես հարաբերություններ, մեկընդմիշտ մոռացիր այդ տոնը մեզ հետ շփումներում։

Եվ քանզի ինքս բարձր եմ գնահատում մեր հարաբերությունները, ուստի չեմ կարող անտարբեր անցնել իր աշխատանքի արդյունքում ստեղծված տեքստի կողքով, չարձագանքել եւ արհամարհել այն։

1.Ընկեր Աղվան, ես (քո ասած «Աշոտյանը») երբեք հրապարակավ չեմ ստում։ Սա ընդունիր որպես աքսիոմ, որպես ոսկե կանոն, որպես կարմիր գիծ, որպես նախանձելի օրինակ։

2.Քեզ ոչ ոք չի մեղադրել այդ բեմադրության մեջ, բեմադրել են ուրիշները։ Օրինակ, նրանք, ովքեր ձեր ճամբարում տարիներ շարունակ թույն ու մաղձ են տարածում Հանրապետականի հասցեին։ Նրանք, ովքեր Նիկոլին թողած իրենց քարոզչական ռեսուրսները (ՏԳ, ֆեյքեր, կայքեր) ուղղում են մեր դեմ։ Նրանք, ովքեր այնքան են եփել այդ լեղապուրն ու մաղձաբրդոշը, որ արդեն դահլիճներում են հնչեցվում անհարիր եւ անբարո մեղադրանքներ Հանրապետականի հասցեին։

3.Բեմադրություն ասացիր՝ հիշեցի. «տարանջատում» օպերացիայից ի՞նչ կա։

4.Մեզ Նիկոլին բերելու մեջ ցանկացած մեղադրանք, անկախ թե ում կողմից է հնչեցվում, անձնական վիրավորանք է իմ եւ իմ կուսակցության հասցեին՝ այստեղից բխող բոլոր լեգիտիմ եւ ոմանց համար դառը հետեւանքներով։

5.Ընկեր Աղվանը նեղսրտում է, երբ ի արձագանք իր երկիմաստ եւ սադրիչ ձեւակերպումների ես ընդամենը հիշեցնում եմ «ով է բերել Նիկոլին» հարցի ավելի թիրախային հասցեատերերին։ Մի նեղվիր, փոխարենը պատրաստ եղիր ձեր իսկ կողմից շահարկվող թեմայի անխուսափելի եւ հիմնավոր զարգացումներին։

6.Ընկեր Աղվանին թվաց, թե ուժեղ վերջաբան է գտել իր գեղարվեստական էսսեի համար՝ «Վատն է այն փոխնախագահը, որ չի ուզում նախագահ դառնալ»։ Նա չգիտի, որ սնափառությունն իմ ամենասիրված մեղքը չէ։

Իսկ թե որն է՝ նախկինում կկիսվեի իր հետ, բայց նա իր հոդվածում փաստարկների սակավությունը փորձեց կոմպենսացնել առանց իմ համաձայնության անձնական զրույցի վրա հրապարակավ հղում անելով (այն էլ՝ կամայական եւ աղճատված)։ O tempora, o mores:

Եվ ի վերջո, ընկեր Աղվան, մեր նախագահն իր տեղում է, իսկ ձե՞րը…

Հ.Գ. Ներողություն եմ խնդրում այն քաղաքացիներից, ովքեր կարծում են, որ ընդդիմադիր ճամբարում ներքին բախումների ժամանակը չէ։ Ես չեմ սկսել, բայց ոչ մի բան անպատասխան չեմ թողնելու։ Բավ է»:

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728