Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստի ժամանակ ներկայացվեցին ապացույց հանդիսացող տեսանյութերը: «Ցուցմունք տվող անձինք ասում են մեքենան քարոզարշավի ժամանակ պտտվել է գյուղամեջով, իբր թե բակում են տեսել մեքենան ենթադրյալ միջադեպի ժամանակ, հետո եկել է կուտակումների տեղը, բայց ըստ էության տեսանյութերով հերքվեց այդ ամենը»,- նշեց Գևորգ և Համբարձում Ներսիսյանների պաշտպան, փաստաբան Էմին Խաչատրյանը:
Նա դատարանին նաև հայտնեց, որ Գևորգ Ներսիսյանի բժշկական փաստաթղթերը ներկայացվել են դատարանին և լրացուցիչ հետազոտության անհրաժեշտություն կա, Գևորգ Ներսիսյանը 2 հետազոտություն պետք է անցնի, ու նաև քանի որ դեկտեմբեր ամսին գտնվել է կալանավայրում, չի ներկայացել թոշակի հետ կապված հարցերը կարգավորելու համար, և թոշակը կասեցվել է: Փաստաբանը խնդրեց, որ մեկ օր կարճ ժամանակահատվածով Գևորգ Ներսիսյանը կարողանա զբաղվել թոշակի վերականգնման հարցով:
Հարցաքննություններին նախապատրաստվելու համար պաշտպանը դատարանին խնդրեց հետաձգել դատական նիստը: Դատարանը ևս գտավ, որ հարցաքննությունը կիսատ չմնալու նպատակով ճիշտ կլինի չսկսել օրվա ավարտին: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 23-ին 16:00-ին:
Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը և որդին՝ Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվել էին Վաղարշապատում՝ «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի հայտարարության հիման վրա, թե իբր փորձել են խոչընդոտել նախընտրական քարոզչությունը։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































