Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության Հարավային Կովկասի երկրների խմբի նախագահ Գոթիե Ռիկորի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան երկկողմ գործարար կապերի ընդլայնման կարևոր ցուցիչ է։
Կարդացեք նաև
Այս համատեքստոմ փոխվարչապետն անդրադարձել է երկու երկրների մասնավոր հատվածների փոխգործակցության կարևորությանը՝ հատկապես նոր որակի բիզնես մշակույթի, այդ թվում՝ ներդրումների ներգրավմանը զուգահեռ նոր գիտելիքի, տեխնոլոգիաների և կարողությունների ձևավորման տեսանկյունից։
Հանդիպման ընթացքում ֆրանսիական մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները մանրամասն անդրադարձ են կատարել իրենց գործունեության հիմնական ուղղություններին և պատրաստակամություն հայտնել կուտակած փորձն ու մասնագիտական ներուժը ծառայեցնելու Հայաստանում տարբեր ձևաչափերով ներդրումային ծրագրերի իրականացմանը։
Անդրադառնալով համագործակցության հնարավոր ուղղություններին՝ Տիգրան Խաչատրյանը վստահեցրել է, որ Կառավարության կողմից գործադրվում են հետևողական ջանքեր՝ երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի ամրապնդման և հայաստանյան ներդրումային միջավայրը ֆրանսիական ընկերություններին ավելի գրավիչ դարձնելու ուղղությամբ։
ՀՀ կառավարություն



















































