Լրահոս
Օրվա լրահոսը

«Չմեկնաբանել, չքննադատել, չքննարկել իր աշխատավայր հանդիսացող հանրային իշխանության մարմնի գործառույթները, որոշումները, գործունեությանն առնչվող խնդիրները». ԿԳՄՍՆ շրջաբերականը. «Փաստ»

Փետրվար 26,2026 10:20

«Փաստ» թերթի տրամադրության տակ է հայտնվել ՀՀ ԿԳՄՍՆ ստորաբաժանումների ղեկավարներին, նաև՝ Լեզվի կոմիտեի նախագահին ուղղված շրջաբերական: Հասկանալի է՝ այն կրթության, գիտության ու մնացյալի նախարարության ղեկավար կազմի մտքի արգասիքն է: Սույն «շրջաբերականը», ըստ փաստաթղթում նշվածի, նպատակաուղղված է «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում բարեվարքության տարրերի պահպանման ամրապնդմանը», և նախանշված են այդ նպատակով հանձնարարվող գործողություններն ու քայլերը:

Չափազանց հետաքրքրաշարժ փաստաթուղթ է: Օրինակ՝ 2-րդ ենթակետում կա այսպիսի նշում (կետադրությունը և ուղղագրությունը՝ ըստ բնագրի, խմբագրելու և սրբագրելու իրավունք չենք վերապահել մեզ). «Նախարարության բոլոր աշխատակիցները անկախ իրենց կարգավիճակից և համոզմունքներից չպետք է անձնական համոզմունքների շրջանակներից մեկնաբանեն ցանկացած ծառայողական որոշումներ, խուսափեն մեկնաբանել ղեկավարի հրամանները սեփական հակասող անձնական մտքերի տեսանկյունից, ցուցաբերեն մասնագիտական և օբյեկտիվ վարքագիծ»:

Բայց սրանք դեռ «ծաղիկներն» են: Փաստաթղթի 5-րդ ենթակետն ուղղակի հրաշագեղ է: Համոզվեք ինքներդ. «… Հանրային ծառայողը պարտավոր է սոցիալական ցանցերում և ոչ միայն, այդ թվում՝ առօրյա կյանքում՝ աշխատավայրից դուրս, հասարակական տրանսպորտում, միջոցառումներում և այլն, չմեկնաբանել, չքննադատել, չքննարկել իր աշխատավայր հանդիսացող հանրային իշխանության մարմնի գործառույթները, որոշումները, գործունեությանն առնչվող խնդիրները և իրավական հարցերը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա բխում է ի պաշտոնե իրականացվող գործառույթներից, ինչպես նաև դրանց վերաբերյալ չտարածել ոչ պաշտոնական լուրեր…»:

Եթե «պաշտոնագրական» այս բառակույտը վերծանենք ու ընկալելի հայերենով վերաշարադրենք, ապա հրահանգը կամ հրամանը հետևյալն է. ոչ մի տեղ. ո՛չ տանը, ո՛չ բակում, ո՛չ ընտանիքի անդամների, ո՛չ հարևանների, ո՛չ համակուրսեցիների, ընդհանրապես ոչ մեկի հետ ոչինչ չխոսե՛լ, իշխանություններին, նախարարին, իշխող կուսակցությանը չքննադատե՛լ: Հակիրճ՝ լինել համր, ձայնազուրկ, չունենալ կարծիք, տեսակետ, առավել ևս՝ չհամարձակվել այն որևէ կերպ արտահայտել: Հասկանալի է՝ վայրկենապես գործազրկվելու սպառնալիքով:

Շարունակությունն էլ պակաս «հրաշք» չէ. «Հանրային ծառայողը պարտավոր է խուսափել սոցիալական ցանցերում և ոչ միայն (ու ո՞րն է այդ անորոշ ու համընդգրկուն «ոչ միայն»-ը-թղթ.) , այդ թվում՝ առօրյա կյանքում՝ աշխատավայրից դուրս, հասարակական տրանսպորտում, միջոցառումներում և այլն, անձնական այնպիսի լուսանկարներ և տեսագրություններ հրապարակելուց, որոնք կարող են հանրային ծառայությունը վարկաբեկող լուրերի տարածման պատճառ հանդիսանալ»:

Առհասարակ, սա ի՞նչ է. ներգերատեսչական շրջաբերակա՞ն, թե՞ համակենտրոնացման ճամբարի օրինակելի կանոնադրություն:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728