Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց հաշվառվողի կամ սեփականատիրոջ գրավոր դիմումի որևէ հաշվառում փոփոխման ենթակա չէ. Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն

Փետրվար 26,2026 10:25

ՀՀ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, ի պատասխան երեկ Ֆեյսբուքում տարբեր օգտատերերի կողմից շրջանառվող տեղեկատվության, որ, ստուգելով elections.am կայքը, հայտնաբերել են, որ իրենց հասցեներում անհայտ քաղաքացիներ են հաշվառված (գրանցված), ներկայացրել է հետեւյալ պարզաբանումը.

Հարգելի՛ քաղաքացիներ,
Պարզաբանում ենք, որ անձին հաշվառելու ընթացակարգերը և անհրաժեշտ փաստաթղթերը կանոնակարգվում են ՀՀ կառավարության 14.07.2005թ. թիվ 1231-Ն որոշմամբ։

Անձը որևէ բնակելի տարածքի հասցեով կարող է հաշվառվել 2 եղանակով՝

1.բնակելի տարածքի սեփականատիրոջ կամ սեփականատերերի գրավոր համաձայնությամբ (տվյալ դեպքում փաստացի բնակության հանգամանքը չի ստուգվում),

2.փաստացի բնակության հիմունքներով։ Այս դեպքում անձը գրավոր հայտնում է իր բնակվելու հասցեն լիազոր մարմնին՝ դիմելով տվյալ հասցեում հաշվառվելու համար։ Անձի՝ դիմումում նշված հասցեում բնակվելու փաստը ստուգվում է ոստիկանության կողմից: Այս դեպքում հաշվառումն իրականացվում է փաստացի բնակվելու փաստը հավաստող տեղեկատվությունը ոստիկանության կողմից ՄՔԾ բաժին տրամադրվելուց հետո:

Նշենք, որ բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից կարող է նախապես հայտնել առարկություն իր բնակելի տարածության հասցեում դիմումատուին հաշվառելու վերաբերյալ։ Տվյալ դեպքում կատարվում է նշում փաստացի բնակվելու (գտնվելու) վայրի մասին /մասնավորապես՝ նշելով շենքը կամ փողոցը/։

Հարկ ենք համարում ընդգծել, որ հաշվառված անձը /եթե վերջինս չունի տվյալ հասցեի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք/ հանվում է հաշվառումից սեփականատիրոջ կամ համասեփականատերերից մեկի դիմումի հիման վրա, որի համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան դիմում։

Հավելենք նաև, որ 25․12․2025թ․ ընդունված ՀՀ կառավարության 14.07.2005թ. թիվ 1231-Ն որոշման մեջ կատարված լրացումների արդյունքում նախատեսվել է օրենսդրությամբ սահմանված դեպքերում փաստացի հաշվառման դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորություն, իսկ հաշվառման կարգը՝ վերոգրյալ պարզաբանումների շրջանակում, փոփոխության չի ենթարկվել։
Ուշադրություն. որևէ հաշվառվում չի չեղարկվում/փոփոխվում մինչև որ դրա վերաբերյալ գրավոր դիմում չի լինում՝ կամ հաշվառվողի, կամ սեփականատիրոջ կողմից։ Դիցուք, եթե տեղի է ունեցել բնակելի տարածքի առուվաճառք, տվյալ տարածքում հաշվառված անձանց հաշվառումները պահպանվում են, եթե նոր սեփականատերը չի դիմում լիազոր մարմնին վերջիններիս հաշվառումից հանելու պահանջով։ Մեկ այլ օրինակ է, երբ փաստացի բնակության հիմքով հաշվառված անձը փոխում է իր բնակության վայրը։ Տվյալ անձի հաշվառումը նույնությամբ պահպանվում է նախկին հասցեում, եթե ոչ բնակելի տարածքի սեփականատերը, ոչ էլ հաշվառված անձը չեն դիմում լիազոր մարմնին համապատասխան փոփոխությունները կատարելու համար։

Այսօր մեդիա տիրույթում տարածում ստացած գրառումներից մեկում նշվում էր անծանոթ անձանց հաշվառված լինելու փաստի մասին։ Հայտնում ենք, որ դրանք տարբեր տարիների՝ 2006-2019 թթ-ին կատարված հաշվառումներ են, և առաջիկա ԱԺ ընտրությունների հետ կապելու որևէ հիմք չկա։

Մասնավորապես, ԱԺ ընտրություններին մասնակցելու համար անձի ընտրելու իրավունքը ձևավորվում է բացառապես 18 տարին լրացած լինելու և ՀՀ քաղաքացի հանդիսանալու հիմքով, հաշվառումը չի ազդում ընտրելու իրավունքի վրա։

Հորդորում ենք զերծ մնալ մանիպուլատիվ և սադրիչ բովանդակությամբ գրառումներ հրապարակելուց։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728