Հարցազրույց Հրանտ Բագրատյանի հետ
– Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ամեն օր ֆեյսբուքյան գրառումներ է անում՝ ցուցադրելով, թե ինչպես է բարելավվել տնտեսության վիճակը՝ 2017 թվականի համեմատ: Օրինակ, նա պնդում է, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2025 թվականին եղել է 7,2 տոկոս, 2017-ի համեմատ աճել է 2,5 անգամ՝ 11,5 մլրդ դոլարից հասնելով 29,2 մլրդ դոլարի: Եթե այսպիսի մեծ տարբերություն կա, եթե տնտեսությունն այսքան արագ աճում է, ապա ինչո՞ւ բնակչությունն իր մաշկի վրա չի զգում այդ զգալի աճը:
– Նախարարի ասածը (եթե դուք չեք սխալվել հարցը տալիս) իրականության ու տնտեսագիտական գրագիտության հետ կապ չունի։ ՀՀ ՀՆԱ հավելաճը 2025թ․, 2017-ի համեմատ (8 տարի), կազմել է 52.7% կամ միջին տարեկան 5.4%, խոստացած 7%-ի փոխարեն։ 2.5 անգամ աճ չկա։ Նշենք, որ 2010-2017 թթ․ (նորից 8 տարի) ՀՆԱ հավելաճը կազմել է 37%, իսկ 2001-2008 թթ․ (նորից 8 տարի)՝ 126.6%։ Հիմա՝ դոլարային արտահայտությամբ աճի մասին։ 2025-ին, 2017-ի համեմատ, դոլարն էժանացել է 68%-ով (ներառյալ դոլարի արժեզրկումը դրամի նկատմամբ 25%-ով)։ Եթե նախարարն այսքան գիտելիք ունենար եւ 29.5 մլրդ-ից հաներ 68%-ը, ապա կստանար վերը նշված նույն՝ 50.7 տոկոս ՀՆԱ հավելաճը։ Առաջ անցնելով ասենք, որ այդ բոլոր աճերը մենք վերցրել ենք այս իշխանությունների պաշտոնական վիճակագրությունից՝ խաղերի ու զվարճությունների առաջանցիկ «զարգացման» պայմաններում։
– 1 շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը, ըստ էկոնոմիկայի նախարարի, 2017 թվականին եղել է 3 հազար 869 դոլար, իսկ 2025 թվականին՝ 9 հազար 474 դոլար, այսինքն՝ այս ցուցանիշը եւս աճել է ավելի քան 2,5 անգամ: Բայց բնակչության կենսամակարդակը չի աճում, աղքատությունն ավելանում է, եւ այդ մասին, ինչպես հիշում ենք, ասել է վարչապետը՝ անցյալ տարեվերջին: «Մենք ցույց ենք տալիս, մի կողմից, տնտեսական աճ, փողի մեծ շրջանառություն Հայաստանի Հանրապետությունում, բայց մենք աղքատության էական նվազում չենք ունենում»: Նա բացատրում էր այս երեւույթը դպրոցների ավերակ լինելով, Դուք ինչո՞վ եք բացատրում:
Կարդացեք նաև
– 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 2017թ․ իրոք կազմել է 3 հազար 869 դոլար (Համաշխարհային բանկի տվյալներն են՝ https://data.worldbank.org/indicator/NY.GDP.PCAP.CD)։ 2025թ․ դրանք համադրելի գներով եղել են 5 հազար 620 դոլար եւ 8 տարում աճել են սոսկ 1.45 անգամ (պետք է նկատի ունենալ, որ այդ ընթացքում, պարոն Պապոյանի կառավարության հայրենանվեր գործունեության արդյունքում, Արցախը դատարկվել է, եւ 120 հազար մարդ տեղափոխվել է ՀՀ)։ 9 հազար 474 դոլար թիվն ընթացիկ թիվ է եւ ներառում է դոլարի արժեզրկումը։ Կարճ. նախարարի համեմատությունը գրագետ չէ, իրենից ներկայացնում է էժան մանիպուլյացիա։ Նշենք նաեւ, որ առաջին հերթին խաղերի ու զվարճությունների հաշվին ստացված տնտեսական աճը ոչ մի աղերս չունի բնակչության կենսամակարդակի հետ։ Եվ իրոք, եթե որպես աճ ընդունենք իմ կողմից շտկված թվերը, ապա, միեւնույն է, առկա է բնակչության կենսամակարդակի չնչին աճ (թոշակառուներն ու գյուղացիներն ավելի վատ են ապրել, չնչին բարելավում կա բյուջետային ոլորտում եւ նկատելի բարելավում՝ տնտեսության մասնավոր հատվածում)։ Այստեղ էլ պիտի նշենք, որ բարելավումը հիմնականում վերաբերում է ՔՊ կուսակցության վերնախավին։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում


















































