«ՀՀ-ն նախապատրաստվում է խորհրդարանական ընտրություններին, ուստի այս տարի հավանաբար երկիրը կդառնա կամ արդեն գրավիչ թիրախ է դարձել տեղեկատվական մանիպուլյացիայի և ժողովրդավարության այլ հիբրիդային սպառնալիքների համար։ Սրանք նոր մարտահրավերներ չեն ՀՀ-ի համար, ժամանակի ընթացքում դիմակայությունում է ձեռք բերել»,-«Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի մեկնարկային կոնֆերանսի ժամանակ հայտարարեց Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։
Նա տեղեկացրեց՝ այս նոր ծրագրով ԵԽ աջակցությունը կենտրոնանում է ԶԼՄ-ների գրագիտության բարձրացման և տեղեկատվական ամբողջականության ապահովման վրա՝ զարգացնելով կարողությունները լրատվամիջոցների կողմից ընտրությունների պատասխանատու լուսաբանման համար։
ԵԽ ժողովրդավարական ինստիտուտների և ազատությունների վարչության պետ Ռոբերտո Օլլան տեղեկացրեց՝ ԵԽ-ն ստեղծել է գործիքներ, որոնք հասանելի են դարձվում անդամ պետություններին, որպեսզի դրանք կիրառեն՝ հարմարեցնելով տվյալ երկրի կարիքներին․ «Չափորոշիչները, որոնք մշակվում են համակարգող կոմիտեի կողմից, դրանց համապատասխանության համար անդամ պետությունները կարող են դիմել համագործակցության ծրագրի հայտով։ Այսօրվա ծրագիրը ՀՀ-ԵԽ գործողությունների պլանի մասն է։ Նպատակն է օգնել, խորհրդատվություն տրամադրել ՀՀ-ին Խորհրդի մշակած չափորոշիչների կիրակման ոլորտում»։
Կարդացեք նաև
ԵԽԽՎ փոխնախագահ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը շեշտեց՝ ՀՀ- ԵԽ ներկա գործողությունների ծրագրի առանցքային մաս է կազմում խոսքի ազատության, լրատվամիջոցների բազմակարծության, լրագրողների անվտանգության ամրապնդումը, տեղեկատվության հասանելիության խթանումը եվրոպական չափանիշներին համապատասխան․ «2018-ից ի վեր ՀՀ-ն իրականացրել է լայնածավալ բարեփոխումներ այս ոլորտում, բայց դեռ անելիքներ ունենք առկա թերությունները շտկելու համար։ Մեր մամուլը ևս անելիքներ ունի իր թերությունները շտկելու համար։ Հիբրիդային միջամտությունները մեր ժամանակներում քաղաքական պայքարի ամենավտանգավոր և անտեսանելի ձևերից են։ Դրանց հիմքում տեղեկատվությունը՝ որպես միջամտության զենք օգտագործելն է, հանրային ընկալումների ձևավորումը, հոգեբանական ճնշումը, արտաքին միջամտությունները ներքին ժողովրդավարական գործընթացներում»։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նկատեց՝ ծրագիրը սկսվում է մի կարևոր ժամանակահատվածում, երբ ՀՀ-ն ունենալու է համապետական ընտրություններ․ «Ակնհայտ է, որ խոսքի ազատության իրացման հետ կապված խնդիրները շատ ավելի ակնհայտ են դառնում հատկապես համապետական ընտրությունների ժամանակահատվածում։ Այն, որ պետության կողմից մեդիա ազատությունները պետք է երաշխավորված լինեն, նաև լրագրողների անվտանգությունը պետք է երաշխավորված լինի, քննարկման ենթակա չէ, և պետությունը պետք է այս ուղղությամբ առավելագույն ջանքեր գործադրի»։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն էլ նկատեց՝ համապետական ընտրությունների համատեքստում տեղեկատվական միջավայրի կայունությունը և պատասխանատու հանրային քննարկումների ապահովումը դառնում է մեր ժողովրդավարական համակարգի բնական պահանջը։
ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը, փաստելով, որ այս տարի նշում ենք ԵԽ-ին ՀՀ-ի անդամակցության 25-ամյակը, նշեց․ «ԵԽ-ն այս ճանապարհին մեզ համար կարևոր գործընկեր է մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման առումով։ Սրանք այն արժեքներն են, որոնք բխում են մեր հանրության պահանջից, դրանք դրսից բերված պահանջներ չեն»։
Նշենք, որ ծրագրի նպատակն է նաև զարգացնել տեսալսողական մեդիայի ազգային կարգավորող մարմնի և հանրային հեռարձակողի ինստիտուցիոնալ կարողությունները, աջակցել ՀՀ իշխանություններին ապատեղեկատվության դեմ պայքարի և մեդիագրագիտության խթանման գործում՝ հատուկ ուշադրություն դարձնելով նախընտրական շրջանին։ Ծրագիրը նախատեսված է նաև անդրադառնալու հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական դատական հայցերի (SLAPPs) կանխարգելմանը և դրանց արձագանքման օրենսդրական և գործնական միջոցառումներին՝ Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան, ինչպես նաև աջակցելու տեղեկատվության հասանելիության օրենսդրության արդյունավետ իրականացմանը ՝ Թրոմսոյի կոնվենցիային համապատասխան։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































