Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես որեւէ մեկին մեղադրանք չեմ առաջադրել, իմ ոչ մի տեղեկություն սուտ չի եղել»․ Արսեն Թորոսյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին

Փետրվար 26,2026 13:10

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՊՎԾ նախկին ղեկավար, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի գործով արդարացման վճռին։ 

Հարցին, թե ներողություն չի խնդրելո՞ւ Դավիթ Սանասարյանից, Թորոսյանը պատասխանեց, թե այս գործով իր հայտնած որեւէ տեղեկություն սուտ չի եղել։

«Գործը հարուցվել է ժամանակին մեր կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա՝ այն ժամանակ Պետական վերահսկողական ծառայության մի շարք աշխատակիցների կողմից իրենց ծառայողական լիազորությունները վերազանցելու կասկածով։ Այդ բոլոր աշխատակիցների գործերը ոչ արդարացման հիմքով կարճվել են, այսինքն՝ ըստ էության իրենց մեղավորությունն ապացուցված է։

Ինչ վերաբերում է կոնկրետ Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ գործընթացներին, դա եղել է իրավապահ մարմինների գնահատականի հարցը։ Ոչ Արսեն Թորոսյանը, ոչ ցուցմունք տվող որեւէ անձ որեւէ լիազորություն չունի, եւ իրավապահ մարմիններն են որոշում այս կամ այն անձին մեղադրանք առաջադրեն, թե չառաջադրեն։ Դատարանն էլ որոշում է՝ արդարացնե՞լ, թե՞ մեղավոր ճանաչել։ Եվ դատարանի վճիռը մեր բոլորի համար վերջնական ակտ է։ Այսքանով պետք է սահմանափակվենք։ Ես որեւէ մեկին մեղադրանք չեմ առաջադրել, իմ ոչ մի տեղեկություն սուտ չի եղել»,- ասաց Թորոսյանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանն իր արդարացման որոշմանն անդրադարձող գրառման մեջ մասնավորապես նշել էր․․ «Արսեն Թորոսյանը, ում նախաքննության եւ դատաքննության ընթացքում տված ցուցմունքները հակասեցին իրար, հետաքրքիր է՝ ինչպե՞ս է քնել այս տարիներին՝ իմանալով, որ զրպարտությամբ իմ անձնական ու քաղաքական կյանքից յոթ տարի խլեց։ Կկարմրի՞ գոնե։ Ու նաեւ՝ այն ՔՊ-ականները, ովքեր բացառում էին, որ իրենց ձևակերպմամբ՝ «Նոր Հայաստանում» հնարավոր է գործ «կարվի», բայց փաստացի՝ ուղղակի կամ անուղղակի ոտնահարում էին անմեղության կանխավարկածը՝ իմ նկատմամբ դատավճիռ կարդալով դեռ դատից առաջ։ Այդպես նաիրիզարյաններն էին անում, երբ Բակունցը բանտում էր։ Կրկնեմ՝ վերևից մի աչք տեսնում է ամեն բան՝ եռապատկված Եռաբլուրից մինչև զրպարտությունների շարան»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728