Լրահոս
Օրվա լրահոսը

«Կապսի ջրամբարի կառուցման տապալումը դիվերսիա է երկրի նկատմամբ»․ ջրային կոմիտեի նախագահը համամիտ է Արթուր Խաչատրյանի կոշտ գնահատականի հետ

Փետրվար 26,2026 13:40

«Կապսի ջրամբարի կառուցման տապալումը դիվերսիա է երկրի նկատմամբ»,- ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նիստում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանին դիմեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Արամազդ Ղալամքարյան

«Մի կողմից՝ ցավոտ հարց եք բարձրացնում, մյուս կողմից՝ ջրամբարաշինությունը կառավարության հպարտանալու տեղերից մեկն է․ հինգ ջրամբարների կառուցման ծրագիր է հաստատվել։ Ունենք 18 ջրամբարների կառուցման ծրագրեր, որոնք տարբեր փուլերում են՝ գաղափարից մինչեւ նախագծում։ Կապսի ջրամբարի մասով դաժան գնահատական եք տալիս, բայց համաձայն եմ ձեր գնահատականի հետ։ Կառավարությունը ստիպված է եղել լուծել պայմանագիրը կապալառուի հետ։ Նոր նախագիծ է նախապատրաստվում, կլինի նոր մրցույթ, չի բացառվում նաեւ նոր կապալառու լինի»,- ասաց ջրային կոմիտեի նախագահը։

«Կապիտալ ծախսերի կատարողականում ջրամբարաշինությունն ամենացածր ծախսերն ունի՝ ինչո՞վ եք հպարտանում»,- զարմացավ Արթուր Խաչատրյանը։ Կապսի ջրամբարի մասով էլ նկատեց․ «Բա որ չեք գնացել, չեք վերահսկել, կապալառուին՝ ինչի՞ եք մեղադրում։ Քանի՞ տարի պետք էր կորցնել, որ էլ գայիք 60 միլիոն նվազագույն շեմին, երբ բոլորն ասում էին՝ 60 միլիոնը նվազագույն շեմն է, հետո նոր մրցույթ հայտարարել»։

Արամազդ Ղալամքարյանը պնդեց՝ հպարտանում է, որ կառավարության ղեկավարը լուրջ ուշադրություն է դարձնում ջրամբարաշինությանը եւ հստակ հանձնարարական է տվել՝ ռազմավարական հարց լուծել եւ որտեղ հնարավոր է՝ ջուր ամբարել։

Արթուր Խաչատրյան

Արթուր Խաչատրյանը նաեւ հետաքրքրվել էր․ «Եթե հնարավոր է կառավարությունը մի զանգով «Վեոլիա ջրին» զանգի եւ ասի՝ փոխիր Երեւանի ջրամատակարարման ռեժիմը, արդյոք կառավարությունում պատրաստ են մի քանի զանգ անել եւ «Վեոլիա ջրին» ասել, որ իր վրա վերցնի հանրապետության մի քանի բնակավայրերի ջրամատակարարումը»։

«Վեոլիա ջուրը», ըստ կոմիտեի նախագահի, ծառայություններ է մատուցում հանրապետության 80 տոկոսին, բայց ինքը չի կարծում, որ մյուս 20 տոկոսը ավելի վատ վիճակում են, որովհետեւ համայնքն է սպասարկում։

Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվել էր նաեւ ոռոգման խնդիրների պատճառով չմշակվող հողատարածքների մասին։ Ջրային կոմիտեի նախագահը հայտարարեց․ «Մենք պիտի ձգտենք ունենալ մի երկիր, որ դուք ինքնաթիռով թռչեք, վերեւից նայեք եւ չմշակված ոչ մի կտոր չտեսնեք․ կառավարության ղեկավարն այդ հարցը դրել է»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում էր «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի ջրի եւ ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին  համաձայնագիրը վավերացնելու հարցը։ Արտահերթ էր քննարկվում, քանի որ համաձայնագիրը վավերացնելու ժամկետների հարց կա, իսկ գերատեսչություններում քննարկումները երկար են տեւել։

Վարկային համաձայնագիրը նախատեսում է 70,4 միլիոն եվրոյի տրամադրում, ծրագիրը համաֆինանսավորվելու է Ֆրանսիական զարգացման գործակալության կողմից՝ 70 միլիոն եվրոյի չափով եւ ՀՀ կառավարության կողմից՝ հարկերի եւ տուրքերի մասով։ Ծրագիրը 5 տարով է։

Ջրային կոմիտեի նախագահը հիմնավորեց՝ ոլորտը մինչ օրս չի ունեցել ռազմավարություն կամ ռազմավարական ծրագիր․ այս գործընթացը նաեւ ռազմավարական ծրագրի ներկայացում է նախատեսում։ Ծրագրով ենթակառուցվածքների զարգացման նպատակով լուրջ գումարներ կան նախատեսված, բայց դրանց մեջ չեն մտնում ջրամբարները։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728