ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանի ՖԲ գրառումը.
Ինձ միշտ զարմացրել է չիմացած բաներից ինքնավստահ և էժան խոսող մարդկանց համարձակությունը, նույնքան և ավելի՝ չիմացած բաները դիտավորությամբ և նենգամտաբար սևացնելը՝ այն էլ ԱԺ ամբիոնից։
Սա սովորական քպ-ական ձեռագիր է և ուրիշ անուն ունի, բայց գերադասում եմ կոռեկտությունը․․․
Օրերս, քպ-ն ներկայացնող պատգամավորուհիներից մեկը ԱԺ ամբիոնից՝ հավանաբար նախընտրական էքստազի ու շեֆին հաճոյանալու մոլուցքի մեջ, հետևյալ մերկապարանոց հայտարարությունն արեց․ «Դաշնակցությունը սփյուռքում կրթում էր երիտասարդների․ չենք ուզում նման կրթություն, եթե դա այն կրթությունն է, որ նախորդ օրը մենք տեսանք համացանցում, ինչպես մարդատյացություն սովորեցնել․․․»։
Կարդացեք նաև
Սոցցանցում հայտված, դաշնակցության հետ որևէ առնչություն չունեցող ինչ-որ մասնավոր անձի, ինչ-որ կիսագրագետի անձնական րիլզի վրա եզրակացություն կառուցելը, այն կրթություն համարելը, հետո էլ սա տիրաժավորելը բառիս ուղիղ իմաստով դեմագոգիա է, ոչ պրոֆեսիոնալիզմ ու պրիմիտիվ չարախոսություն։ Սա նաև սեփական լսարանը չհարգելու էժան պոպուլիստական վարք է, այն էլ՝ կրթությամբ իրավաբանի համար։ Սա քպ-ական ձեռագիր է․ ութ տարի ստով և մանիպուլյացիայով ժողովիդին կերակրող․․․
Իհարկե, մարդիկ, որոնց միտքը, խիղճն ու պարկեշտությունը մթագնել է նախընտրական մոլուցքից, դժվար թե ընդունեն սեփական սխալը կամ՝ փորձեն կողքից ընկալել իրենց հայտարարությունների մեղկությունն ու դատարկությունը։
Եվ, այնուամենայնիվ, Սփյուռքն ու դաշնակցությունն այնքան պիտի չիմանալ, կամ՝ այնքան չսիրել, չհարգել, տառապել սևացնելու մոլուցքով՝ այսպիսի դատարկ ու անպատասխանատու հայտարարության համար։
Դե՜ արի սրանց ուղեղը մտցրու, որ Սփյուռքը հայադեմ պահելու համար, դեռևս 1928-ին Աղբալյանն ու Շանթը Համազգային կրթական և մշակութային միությունը հիմնեցին։ Որ Համազգայինի Լիբանանի ճեմարանն այս տարի իր հիմանադրոթյան 95- ամյակն է նշում և, որ այն Սփյուռքի մտավորական փաղանգի քանի սերունդ է տվել, դե՜ արի ու էս ոչնչատեսիլներին բացատրի, որ Համազգայինի Մարսելի ճեմարանը Ֆրանսիայի լավագույններից է, որ տարիներ շարունակ ճանաչվում է տարածաշրջանի լավագույն ճեմարան և այդպիսին լինելու համար Ֆրանսիային կառավարությունից պետական աջակցություն է ստանում։
Դե՜ արի ու էս չիմացյալներին հասկացրու, որ Համազգայինի Սիդնեյի Գոլսթըն ճեմարանը կրթության գերազանցության համար ընդգրկվել է նահանգի հիսուն առաջատարների ցանկում։
Չէ՜, ձեր բոլշևիկաբարո ուղեղներին չի էլ հասնի, որ աշխարհի տարբեր ծագերում Համազգայինի/Դաշնակցության/ բացած 50-ից ավելի կիրակնօրյա վարժարաններում հարյուրավոր հայ երեխաներ մայրենին են սովորում, որ հայ մնան․․․
Վերջերս ԱՄՆ Արևմտյան շրջանում էի, ուր Լոս- Անջելես նահանգի Ֆերահյան, Շամլյան, Ալեք- Փիլիպոս, Փիլավջեան, Սան Ֆրանցիսլոյի Զաքարեան-Վապուրական ազգային վարժարաններում, Թուֆենկյան նախակրթարանում բարձորակ ազգային կրթություն և դաստիրակություն են ստանում հազարավոր հայ պատանիներ։ Ափսոսում եմ, որ ավելի շատ վարժարաններ այցելելու ժամանակ չունեցա․․․
Երախտագիտության, ակնածանքի ու հարգանքի զգացումս անափ էր՝ տեսնելով, թե ինչ հրաշալի պայմաններում են բարձորակ կրթություն ստանում հայ աշակերտերը, ինչպիսի հոգածությամբ և սրտացավությամբ են շրջապատված նրանք, ազգային ինքնությունն ու ազգային դաստիարակությունը ինչպիսի տեղ է զբաղեցնում նրանց առօրյայում ազգային ինքնությունն ու ազգային դաստիարակությունը, հայոց լեզուն։
Ի դեպ, մինչ դուք ձեր լեզվամտածողությունից ջնջում եք ԱՐՑԱԽԸ, բոլոր դպրոցներից հեռացնում եք Փառքի անկյունները, նոր սերնդի հիշողությունից ջնջելով մեր հերոսներին, մեր հերոսամարտն ու, ըստ էության մեր արժանապատվության պատմությունը, ես բոլոր ազգային վարժարաններում՝ ՀՀ և ԱՄՆ դրոշների կողքին տեսա ծածանվող Արցախի դրոշը, տեսա մեր բոլոր սրբազան խորհրդանիշները, ներկա եղա Վարդանանց պատմության ը նվիրված բաց դասին, լսեցի Հայաստանին ու Հայրենիքին նվիրված երգեր, լսեցի Հայոց Պատմության տարբեր դրվագները ներկայացնող ներկայացումներ, Թումանյանից, Տերյանից ու Իսահակյանից ցուցադրական պաստաեներ, և ամենուր ՄԱՇՏՈՑ, որ ջնջել եք անգամ Այբբերանարանից։ Այս վարժարանները նահանգային իշխանություններ կողմից լավագույն կրթական հաստատություններ են ճանաչվել, սրանց թիկունքում Թեմական խորհուրդների-ազգային վարչությունների, խնամակալ մարմինների, բարեգործների, ծնողների, դաշնակցության տասնամյակների նվիրումն է։
Բայց դաշնակցաֆոբիան և սփյուռքատյացությունը ձեր քաղաքական թիմի կրեդոն է, ձեր ուրացումը հայրասպանության է վերածվել․ բոլշևիկյան մաղձի․․․Այսպես պետություն, այն էլ՝ ազգային պետություն չեն կառուցում։
Նայեք ձեր թողած հետագծին՝ ավեր, կորուստ, մաղձ, պառակտում և ատելություն․․․և հետո համարձակություն և բարոյականություն ունեցեք գնահատելու ՍՓՅՈՒՌՔՆ ու ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ․․․


















































