Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել անվանի գիտնական Յուրի Հովհաննիսյանի հիմնած «OGANESSON» մրցանակի հանձնման արարողությունը

Փետրվար 26,2026 14:56

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում՝ Պուշկինի անվան կերպարվեստի պետական ​​թանգարանում, ս․թ․ փետրվարի 20-ին տեղի է ունեցել «OGANESSON» մրցանակի հանձնման արարողությունը։ Մրցանակը հիմնել է հայազգի մեծանուն գիտնական, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Հովհաննիսյանը։

Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԵՊՀ պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանը։

«OGANESSON» 2025 թվականի մրցանակի չորս դափնեկիրներից մեկն է մեր հայրենակից, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրեն Հարություն Ավետիսյանը։

Միջոցառման շրջանակում Ռուբեն Հարությունյանն ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին հանձնեց «Կայունության կղզի» խորագրով փայտափորագրությունը՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Յուրի Հովհաննիսյանի ծննդավայր Դոնի Ռոստովի բնակիչների անունից։ Փայտափորագրությունը նվիրված է Յուրի Հովհաննիսյանի կողմից Մենդելեևի պարբերական աղյուսակի տարրերի «Կայունության կղզի» պատմական հայտնագործությանը, որն արժանացել է մի շարք միջազգային մրցանակների։ Փայտափորագրության հիմքում հայտնի «Scientific American» գիտական ամսագրի մեր հազարամյակի առաջին համարն է, որի շապիկի վրա պատկերված է Յուրի Հովհաննիսյանի հայտնաբերած պարբերական աղյուսակի տարրերի «Կայունության կղզին», որը սկսվել է 114-րդ տարրով։ Մեծարժեք փայտափորագրությունը պատրաստել է գործարար և անվանի վարպետ Գարրի Գրիգորյանը՝ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի հարավային մասնաճյուղի գլխավոր գիտաշխատող, հասարակական գործիչ Արարատ Գոմցյանի նախաձեռնությամբ։

Ռուբեն Հարությունյանը Յուրի Հովհաննիսյանին նաև փոխանցեց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղերձը, որում նշված է, որ 2026 թվականից համալսարանի Ֆիզիկայի ինստիտուտում հաստատվում է ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի անվան կրթաթոշակ։

«Յուրի Հովհաննիսյանը, ծնվելով Ռոստովում, մեծանալով Երևանում, մասնագիտություն ստանալով Մոսկվայում և վերջին 60 տարիներն ապրելով ու գործելով Դուբնայում, պատկանում է ողջ մարդկությանը։ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը սերտ համագործակցում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների, Երևանի պետական համալսարանի և մի շարք այլ գիտական հաստատությունների հետ», – ասաց Ռուբեն Հարությունյանը։

 

«ՕԳԱՆԵՍՈՆ» մրցանակի մասին

2022 թվականին Յուրի Հովհաննիսյանն արժանացել է Սբերբանկի գիտական​​​​մրցանակի՝ գերծանր տարրերի սինթեզի վերաբերյալ իր հիմնարար աշխատանքի համար: Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը որոշել է իր մրցանակը հատկացնել գիտության ոլորտում կարևոր ներդրում ունեցող գիտնականների խրախուսմանը։

Մրցանակի անվանումը ծագում է պարբերական աղյուսակի օգանեսոն (լատիներեն՝ oganesson, Og) քիմիական տարրից՝ 118 ատոմային համարով: Այս տարրն անվանակոչվել է Յուրի Հովհաննիսյանի պատվին Մաքուր և կիրառական քիմիայի միջազգային միության (IUPAC) առաջարկությամբ՝ 2016 թվականին, տրանսակտինոիդ տարրերի ուսումնասիրության մեջ ունեցած իր ներդրման համար:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728