Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր ձեռքերով ճապոնական ավանդույթները հանդիպում են հայկական ստեղծագործականությանը. Հայաստանում Ճապոնիայի դեսպան

Փետրվար 26,2026 15:00

Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Ճապոնական ավանդական վաշի թղթի եւ օրիգամիի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է Ճապոնիայի ավանդական թղթագործության եւ օրիգամիի նրբագեղությունն ու արվեստը:

Այս ինքնատիպ ցուցադրությունը, որը կարելի է վայելել մինչեւ մարտի 6-ը, հնարավորություն է տալիս ծանոթանալու Ճապոնիայի հարուստ մշակութային ժառանգությանը՝ գեղեցիկ ձեռագործ թղթի եւ օրիգամիի միջոցով:

Ցուցահանդեսի բացմանը Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտական շնորհակալություն հայտնեց Գեղագիտության ազգային կենտրոնին եւ տնօրեն Վահան Բադալյանին՝ տարածք տրամադրելու եւ նախապատրաստական աշխատանքներին աջակցելու համար։

«Վաշին եւ օրիգամին ավելին են, քան պարզապես ավանդական արվեստներ։ Դրանք արտացոլում են համբերություն, հոգատարություն եւ հարգանք, ինչպես նաեւ պարզությունն արժևորելու կարևորությունը»,- նշեց դեսպանը։ Նրա ձեւակերպմամբ, ցուցահանդեսն ավելի յուրահատուկ է դառնում, քանի որ ներկայացված են 5 տաղանդավոր հայ արտիստների ՝ Կարինե Փիլիպոսյանի, Արթուր Կարապետյանի, Զեմֆիրա Եգանյանի, Արմինե Ազիզբեկյանի եւ Շուշանիկ Ալեքսանյանի աշխատանքները։

«Ձեր ձեռքերով ճապոնական ավանդույթները հանդիպում են հայկական ստեղծագործականությանը։ Այս ստեղծագործությունները ցույց են տալիս, թե ինչպես կարող է ավանդական ճապոնական արվեստը ոգեշնչել նոր գաղափարներ եւ իմաստալից մշակութային երկխոսության հիմք դառնալ։ Այս փոխանակումը մեր երկու երկրների միջեւ բարեկամության գեղեցիկ օրինակ է»,-հավելեց դեսպանը:

 

Բացի ցուցահանդեսից, նախատեսված են նաեւ վարպետության դասեր, որոնց ընթացքում հնարավոր կլինի սովորել օրիգամիի եւ թուղթ պատրաստելու արվեստը: Մասնավորապես, փետրվարի 28-ին նախատեսված է օրիգամիի վարպետության դասը, իսկ մարտի 1-ին՝ կամիսուկի (թղթի պատրաստման) վարպետության դասը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728