Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ հավասար գործընկե՞ր, թե՞ վերաձեւման ենթակա տարածք

Փետրվար 27,2026 12:00

«Թյուրքական ինտեգրման» լայն ռազմավարության մեջ հայկական պետական շահը բացակայում է որպես ինքնուրույն գործոն

«Թյուրքական աշխարհն առաջ մղելու» ռազմավարությունը՝ որպես քաղաքական ծրագիր

Բաքվում թուրք զինվորների հուշարձանին այցելության ժամանակ Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է. «Այն հողը, որի վրա ապրում ենք, ոչ միայն բնական ռեսուրսներով է հարուստ, այլեւ մարդկային կապիտալով։ Հետեւաբար, մենք ունենք որոշակի պատասխանատվություն։ Այդ պատասխանատվությունն է առաջ մղել ոչ միայն Ադրբեջանը եւ Թուրքիան, այլեւ ամբողջ թյուրքական աշխարհը»։

Այս ձեւակերպումը սովորական դիվանագիտական արտահայտություն չէ։ Այն հստակ աշխարհաքաղաքական հայեցակարգ է՝ միտված տարածաշրջանային վերաձեւմանը։ Երբ Օքթայը նույն ելույթում շեշտում է, որ «այդ հողը, որի վրա ապրում ենք, ոչ միայն բնական ռեսուրսներով է հարուստ, այլեւ մարդկային կապիտալով», խոսքը միայն տնտեսական պոտենցիալի մասին չէ. դա տարածքային, քաղաքակրթական եւ ազդեցության գոտիների ընդլայնման գաղափարախոսություն է։

Նույն տրամաբանության մեջ է նաեւ նրա հետեւյալ հայտարարությունը. «Երեք պետությունների միջեւ այսօր հատկապես ամուր են հարաբերությունները, եւ դա եւս մեկ անգամ խոսում է ապագայի վերաբերյալ լուրջ պոտենցիալի մասին»՝ նկատի ունենալով Ադրբեջան–Թուրքիա–Վրաստան ձեւաչափը։ Թուրքական ձեւակերպմամբ՝ համագործակցության եռակողմ այս ձեւաչափը փաստացի ձեւավորում է տարածաշրջանային առանցք, որտեղ Հայաստանը դուրս է մղված ռազմավարական հաղորդակցություններից։

Հատկանշական է նաեւ, որ Օքթայը հատուկ ընդգծել է. «Ադրբեջանն աշխարհում առաջատար դիրքերում է նավթի եւ գազի արտահանման ու գազատարով փոխադրման ոլորտում»։ Այս շեշտադրումը ցույց է տալիս, որ էներգետիկ ռեսուրսներն օգտագործվում են ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական լծակների ձեւավորման համար։

Օքթայի՝ «թյուրքական աշխարհն առաջ մղելու» հայտարարությունը ռազմավարական ուղերձ է, ոչ թե պարզապես մշակութային համերաշխության կոչ։ Այն հաստատում է, որ Անկարան եւ Բաքուն Հարավային Կովկասը դիտարկում են որպես միասնական ազդեցության գոտի՝ տնտեսական, էներգետիկ եւ տրանսպորտային վերահսկողության տրամաբանության մեջ։ Իսկ Հայաստանը այս կառուցվածքում դիտարկվում է ոչ թե որպես հավասար գործընկեր, այլ՝ վերաձեւման ենթակա տարածք։ Հետեւաբար, խաղաղության մասին խոսույթը չի կարող դիտարկվել մեկուսացված՝ առանց հաշվի առնելու «թյուրքական ինտեգրման» ավելի լայն ռազմավարությունը, որի մեջ հայկական պետական շահը բացակայում է որպես ինքնուրույն գործոն։

TRIPP. տնտեսական նախագի՞ծ, թե՞ քաղաքական ճնշման գործիք

Օքթայը հայտարարել է, որ՝ «Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել TRIPP ծրագրի շուրջ, որը հայտնի է նաեւ որպես «Զանգեզուրի միջանցք»։

Այս ձեւակերպումն ինքնին խնդրահարույց է։ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ենթադրում է հատուկ կարգավիճակ ունեցող տարածք Հայաստանի տարածքում։ Երբ թուրք պաշտոնյան հրապարակավ օգտագործում է այդ տերմինը եւ ներկայացնում այն որպես համաձայնեցված նախագիծ, դա քաղաքական մեսիջ է՝ ուղղված թե՛ Երեւանին, թե՛ միջազգային հանրությանը։

Օքթայը հավելել է. «TRIPP նախագիծը օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանին, այդ թվում՝ Վրաստանին», եւ որ Անկարան «Բաքվի եւ Երեւանի վերջին քայլերը դիտարկում է որպես վստահության ամրապնդման միջոց»։ Սակայն այստեղ ակնհայտ հակասություն կա. եթե նախագիծը ներկայացվում է որպես համընդհանուր շահի գործիք, ինչո՞ւ է այն մշտապես ներկայացվում որպես «միջանցք», այլ ոչ թե սովորական հաղորդակցություն՝ Հայաստանի ինքնիշխան վերահսկողության ներքո։

Նույն ելույթում նա շեշտել է. «Թուրքիան լիովին աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացին»։ Սակայն այս «լիակատար աջակցությունը» պայմանավորված է կոնկրետ քաղաքական արդյունքներով՝ առաջին հերթին հաղորդակցությունների բացմամբ այն ձեւաչափով, որը ձեռնտու է Բաքվին ու Անկարային։

Այսպիսով, TRIPP-ը ներկայացվում է որպես տնտեսական նախագիծ, բայց դրա քաղաքական ենթատեքստն ակնհայտ է։ «Զանգեզուրի միջանցք» տերմինի կիրառումը ցույց է տալիս, որ խոսքը վերաբերում է ոչ միայն ենթակառուցվածքային կապերին, այլ նաեւ վերահսկողության եւ ազդեցության նոր մեխանիզմների ձեւավորմանը։ Եթե Հայաստանը ընդունում է այդ տրամաբանությունը՝ առանց հստակ ինքնիշխան երաշխիքների, ապա տնտեսական համագործակցության անվան տակ ձեւավորվում է հստակ քաղաքական կախվածություն։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ինքնուրույն գործընթաց չէ

Օքթայը բաց տեքստով հայտարարել է. «Թուրքիայի նախապայմանն այն է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կարգավորվեն»։

Այսինքն, հայ-թուրքական հարաբերությունները ինքնուրույն գործընթաց չեն։ Դրանք կախված են հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքից, ավելի ճիշտ՝ Բաքվի պատկերացրած պայմաններով խաղաղության հաստատումից։ Այսինքն, Անկարան իր քաղաքականությունն ամբողջությամբ կապում է Բաքվի դիրքորոշման հետ եւ միշտ է կապել, այդ քաղաքականությունը չի էլ փոխվել։
Նա նաեւ նշել է. «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման սկսումն իր հետ բերում է նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կարգավորման գործընթացի մեկնարկ»։ Սա հստակ ազդակ է, որ Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները չեն կառուցվելու երկկողմ շահերի հիման վրա, այլ պայմանավորված են երրորդ կողմի պահանջներով։

Օքթայը հավելել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը «դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա»։ Սակայն խաղաղության մասին այս ձեւակերպումները ուղեկցվում են քաղաքական նախապայմաններով, որոնք փաստացի սահմանափակում են Հայաստանի բանակցային ինքնուրույնությունը։

Հետեւաբար, Հայաստան-Թուրքիա կարգավորումը ներկայացվում է որպես հնարավոր, բայց պայմանական գործընթաց։ «Թուրքիայի նախապայմանն այն է…» ձեւակերպումը ցույց է տալիս, որ Անկարան չի դիտարկում Երեւանին որպես ինքնուրույն սուբյեկտ։ Այս պայմաններում Հայաստանի խաղաղության օրակարգը բախվում է կառուցվածքային սահմանափակման. այն կախված է ոչ միայն երկու կողմերի կամքից, այլ նաեւ թուրք-ադրբեջանական համատեղ ռազմավարությունից, որն էլ մեծացնում է քաղաքական ճնշման ռիսկերը։

«Արեւմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունը՝ կրոնա-քաղաքական հռետորաբանությամբ

Ադրբեջանի կրոնական առաջնորդ, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է. 
«Մեր պատմական տարածքներում մշակութային-հոգեւոր ինքնիշխանության եւ կրոնական արդարության ապահովումը հիմնական խնդիրներից մեկն է։ Ադրբեջանական պետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վերականգնումից հետո, մեծ կարեւորության հիմնական հարցերից մեկը մեր պատմական տարածքներում մեր մշակութային-հոգեւոր ինքնիշխանության ապահովումն է, կրոնական-հոգեւոր մակարդակում արդարության վերականգնումը: Մասնավորապես, Ղարաբաղ, Զանգեզուր եւ Արեւմտյան Ադրբեջանի հողերի վերադարձը բացառիկ կարեւորություն ունի, եւ մենք՝ կրոնական գործիչներս, նույնպես պատասխանատվություն ունենք այս հարցում»։

Այս հայտարարությունը բաց տեքստով տարածքային պահանջ է։ Երբ կրոնական առաջնորդը խոսում է «հողերի վերադարձի» մասին՝ ներառելով Լեռնային Ղարաբաղը, «Զանգեզուրը» եւ «Արեւմտյան Ադրբեջանը», դա արդեն գաղափարական հիմք է հնարավոր ապագա պահանջների համար։

Վերոնշյալ ձեւակերպումները սեփական տարածքային հավակնությունները որպես պաշտպանական արձագանք ներկայացնելու դասական օրինակ են։

Փաշազադեն, հիշեցնենք, որ անցյալ տարի ամռանը Եկեղեցիների համաշխարհային խորհրդին նամակ էր հղել, որում Հայ առաքելական եկեղեցուն մեղադրել էր՝ «մարդկանց բռնության մղելու, հայ ժողովրդին մինչեւ մահ պայքարելու կոչ անելու, հայ ժողովրդի ապագան նոր վտանգների ու աղետների մեջ ներքաշելու մեջ»: «Կոչ եմ անում Եկեղեցիների համաշխարհային խորհրդին չաջակցել Հայ եկեղեցու սադրիչ, ռեւանշիստական քարոզչությանը, որը խախտում է փխրուն խաղաղության պայմանները», ասված էր Փաշազադեի նամակում։

Այս հռետորաբանությունը վտանգավոր է նրանով, որ կրոնական հարթակում ձեւակերպվում են քաղաքական պահանջներ։ Դա հասարակական գիտակցության մեջ ձեւավորում է «պատմական արդարության վերականգնման» դիսկուրս, որը ծառայում է որպես հետագա ճնշման գաղափարական հիմք։

Փաշազադեի հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ներսում ձեւավորվում է ոչ միայն պետական, այլեւ կրոնա-քաղաքական գաղափարախոսություն՝ ուղղված Հայաստանի տարածքների նկատմամբ պահանջների լեգիտիմացմանը։ «Հողերի վերադարձ» ձեւակերպումը խաղաղության դիսկուրսի հետ համատեղելի չէ։ Եթե նման հռետորաբանությունը դառնում է համակարգային, ապա խաղաղության գործընթացը կարող է վերածվել շարունակական գործընթացի՝ ավելի լայն ռազմավարական ծրագրի շրջանակում։

Վերոնշյալ հայտարարությունները միասին ձեւավորում են հետեւյալ պատկերը.

1. Թուրքիան եւ Ադրբեջանը իրականացնում են իրենց «թյուրքական աշխարհ» ռազմավարական ծրագիրը՝ տարածաշրջանային ինտեգրման անվան տակ։

2. TRIPP նախագիծը Թուրքիայի ու Ադրբեջանի համար ունի հստակ քաղաքական ենթատեքստ։

3. Հայ-թուրքական կարգավորումը պայմանավորված է Բաքվի օրակարգով։

4. Ադրբեջանում տարածքային պահանջները ձեւակերպվում են նաեւ կրոնական հարթակում։

Այս պայմաններում Հայաստանի իշխանությունների կողմից թմբկահարվող խաղաղության օրակարգը կարող է լինել արդարացված միայն այն դեպքում, եթե ապահովի ինքնիշխանության պահպանման եւ անվտանգային երաշխիքներ։ Առանց դրանց, խաղաղության գործընթացը վերածվելու է փուլային ճնշման մեխանիզմի հետեւյալ վտանգներով՝ տրանսպորտային կախվածության աճ, տարածքային պահանջների գաղափարական լեգիտիմացում, քաղաքական ինքնուրույնության սահմանափակում, ներքին պառակտումների խորացում։

Եթե պաշտոնական Երեւանը խաղաղության օրակարգը չի համադրում անվտանգության եւ ռազմավարական դիմակայության հստակ հաշվարկների ու մեխանիզմների հետ, ապա այն ընթանալու է որպես միակողմանի զիջումների գործընթաց։ Իսկ այդ դեպքում «խաղաղությունը» կդառնա ոչ թե կայունության հիմք, այլ նոր ճնշումների նախերգանք։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

26.02.2026թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728