ԱԺ նախկին պատգամավոր, հանրային գործիչ Անի Սամսոնյանին ամիսներ շարունակ մի տղամարդ է հետապնդել, պոռնոգրաֆիկ նյութեր ուղարկել, գիշերները զանգել է և բացահայտ սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձած փաստերը արդեն հասել են ՀՀ գլխավոր դատախազություն և կարող են վերաճել միջազգային իրավական համագործակցություն պահանջող քրեական վարույթի։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեռ մեկ ամիս առաջ Անի Սամսոնյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ նշելով, որ 2025 թվականի հուլիսից ի վեր ենթադրաբար ենթարկվում է համակարգված հետապնդման Աղջնակ Թովմասյան անունով անձի կողմից։
Դիմումատուի փոխանցմամբ՝ նույն անձը ներկայանում է տարբեր անուններով՝ «Vaxinak», «Vaxo Tovmasyan», «Vahe Avetisyan», «Vaxo Vahe»։ Ըստ Սամսոնյանի՝ իրեն հասանելի տեղեկություններով, տվյալ անձը հանդիսանում է Նիդերլանդների Թագավորության քաղաքացի։
Կարդացեք նաև
Ենթադրյալ հետապնդողը բազմիցս այցելել է իր աշխատավայր և բնակության վայր, հետևել է իրեն հանրային տարածքներում, կատարել է բազմաթիվ հեռախոսազանգեր, այդ թվում՝ ուշ գիշերային ժամերին։ Նշվում է նաև, որ ուղարկվել են սպառնալիք պարունակող հաղորդագրություններ և պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր՝ ներառյալ բացահայտ լուսանկարներ։
Իրավապահներին ներկայացվել է նաև տվյալ անձի լուսանկարը՝ նույնականացման նպատակով։
Դատախազությունը շուրջ մեկ ամիս որևէ բան չի արել։ Իսկ արդեն փետրվարի 18-ին տվյալ անձը ներխուժել է Անի Սամսոնյանի աշխատասենյակ, կրկին սպառնալիքներ հնչեցրել, փորձել է հարձակվել Սամսոնյանի վրա, վերջինս էլ ինքնապաշտպանվել է։
Այնուհետև Սամսոնյանը դիմել է ոստիկանություն, հաղորդում ներկայացրել, դատարանը քննել է ու այդ անձին տնային կալանք տվել։ Բայց Սամսոնյանը դեռ մտահոգված է, քանի որ այդ անկանխատեսելի անձը կրկին կարող է հայտնվել այնտեղ, որտեղ ինքն է լինում, ու կրկին հարձակվել իր վրա։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում


















































