Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի 10 մարզից 7-ի ՔՊ-ական ղեկավարները, պարզվում է, բանակում չեն ծառայել. «Հրապարակ»

Փետրվար 27,2026 10:40

Հայաստանի 10 մարզից 7-ի ՔՊ-ական ղեկավարները, պարզվում է, բանակում չեն ծառայել: Հարցում էինք ուղարկել մարզպետարաններ՝ պարզելու, թե մարզպետներն ինչ հիմքով են ազատվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից: Մի քանիսը պատասխանել են, մի քանիսը՝ ոչ։

Օրինակ, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հրաժարվել է պատասխանել՝ ասելով, թե ՀՀ զինված ուժերում ծառայություն չանցնելու հիմքերն անձնական տվյալներ են, որոնք հրապարակման ենթակա չեն:

Վայոց Ձորի մարզպետ Վահագն Արսենյանը հայտնել է. «Ժամկետային զինվորական ծառայությունից ազատվել եմ օրենքով սահմանված կարգով։ Միաժամանակ հայտնում եմ, որ ժամկետային զինվորական ծառայություն չանցնելու պատճառները հանդիսանում են հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ, որոնց հրապարակման վերաբերյալ համաձայնություն չտալն իմ իրավունքն է (հիմք՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդված)։ Հարկ եմ համարում տեղեկացնել նաեւ, որ մասնակցել եմ բոլորիս հայտնի՝ 2016 թվականի քառօրյա, 2020 թվականի քառասունչորսօրյա, 2022 թվականի Ջերմուկի մարտական գործողություններին»։

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի» մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով, այսինքն՝ առողջական պատճառով:

Արարատի մարզպետարանից հարցմանն ի պատասխան՝ գրել են. «Սեդրակ Թեւոնյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով՝ առողջական պատճառներով: Լրացուցիչ մանրամասներ չենք կարող տրամադրել, քանի որ առողջական տվյալների վերաբերյալ տեղեկատվությունը, համաձայն ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, համարվում է հատուկ կատեգորիայի անձնական տվյալ եւ ենթակա չէ հրապարակման՝ առանց տվյալ անձի համաձայնության»:

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է «ՀՀ զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով եւ նույն հոդվածի 5-րդ մասով: Առաջինը սահմանում է երկու կամ ավելի երեխա ունենալու հանգամանքը, իսկ 5-րդ մասը սահմանում է, որ քաղաքացուն տարկետում տրվում է մինչեւ նրա 27 տարին լրանալու օրը: «Եթե 27 տարին լրանալու օրվա դրությամբ քաղաքացին չի կորցրել ստացած տարկետման իրավունքը, ապա 27 տարին լրանալու հիման վրա ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից»:

… Ինչպես հայտնի է, պետական պաշտոնյաների՝ բանակում զինծառայություն անցնելը համարվում է պարտադիր պայման եւ չի կարող թաքցվել հանրությունից՝ այն անձնական տվյալների պաշտպանության ներքո չի կարող լինել։

Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728