«Ռուսաստանի կոնյակի շուկան հեղեղված է կեղծ եւ խարդախված արտադրանքով»,- այդ երկրում Կոնյակ, սպիրտ եւ ալկոհոլային արտադրանք թողարկողների միության նախագահ եւ Պետդումայի պատգամավոր Վլադիսլավ Ռեզնիկի այս հայտարարությանն են անդրադարձել ռուսական որոշ լրատվամիջոցներ:
Ասվում է, թե Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ մանրածախ առեւտրում առկա կոնյակի 60-70%-ը կեղծված է: Հայաստանից առեւտրի ցանցեր են հասնում տեխնոլոգիական պահանջների խախտմամբ պատրաստված փոխարինիչներ՝ որակյալ ալկոհոլային խմիչքի արժեքից ցածր գներով:
Ռեզնիկը նշել է, որ իսկական կոնյակի արտադրությունը պահանջում է բարդ եւ երկարատեւ տեխնոլոգիական գործընթաց, որը բացառում է ցածր գնի հնարավորությունը: Անբարեխիղճ վաճառողները, հակառակը, ամեն ինչ անում են արտադրական ծախսերը կրճատելու համար: Ընդսմին, Ռեզնիկի խոսքերով, Հայաստանում բավականաչափ խաղողի այգիներ չկան՝ կոնյակի թորվածքի անհրաժեշտ ծավալներն արտադրելու եւ հայտարարագրված մատակարարման պահանջները բավարարելու համար:
«Հայկական կոնյակը երկար պատմություն ունեցող առանձնահատուկ ապրանքանիշ է, որը ծանոթ է Խորհրդային Միությունում մեծացած յուրաքանչյուրին: Ցավոք, այսօր պետստանդարտի չափանիշներին չհամապատասխանող կեղծված արտադրանքի մատակարարները ակտիվորեն շահագործում են դա… Խաղողը ակնհայտորեն վրացական է, եւ շատ դեպքերում այն «նոսրացվում» է Հայաստանում եւ ուղարկվում Ռուսաստան որպես ցածրորակ ապրանք»,- ասել է Ռեզնիկը «Ուռա.ռու»-ի թղթակցին:
Կարդացեք նաև
Գեղամ ՄԿՐՏՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում


















































