«Հրապարակի» զրուցակիցը նախկին սոցապնախարար Ռազմիկ Մարտիրոսյանն է:
– Օրերս Նիկոլ Փաշինյանն անսպասելի հայտարարություն արեց՝ չնայած ընդամենը 1-2 ամիս առաջ ասում էին, որ 2026-ին կենսաթոշակների բարձրացում չեն նախատեսում, եւ 10 հազար դրամով թոշակի ավելացումը ոչինչ չի տալու թոշակառուներին, սակայն հանկարծ որոշեցին, որ տալիս է, եւ ապրիլի 1-ից թոշակները 5-10 հազար դրամով կավելանան։ ՔՊ-ական բոլոր ուսապարկերը սկսեցին, իրենց հերթ չտալով, խոսել այդ մասին, այնպիսի տպավորություն է, որ խոսքը ոչ թե 10 հազար դրամի, այլ 10 հազար դոլարի մասին է: Համացանցում մարդիկ անգամ կատակներ են հորինել՝ 10 հազար դրամ թոշակի բարձրացման մասին, գրում են, որ նույնիսկ Բիլ Գեյթսն է ուզում Հայաստան գալ՝ թոշակ ստանալու, եւ այլն: Բացի այդ, 10 հազարով ավելանում է ընդամենը 70 հազար մարդու կենսաթոշակը, իսկ թոշակառուների քանակը մեզանում 600 հազար է։ Ի՞նչ կարծիք ունեք թոշակների բարձրացման մասին՝ որպես նախկին սոցապնախարար:
– Ընդհանրապես, կենսաթոշակները սովորաբար առանձին հիմնադրամներով էին բաշխվում, հիմա, որքան հասկանում եմ, այն բյուջետային է: Սակայն դա սխալ է: Որպես կանոն, պետության պահուստային ֆոնդից թոշակ չեն տալիս, այն չնախատեսված դեպքերի համար է, իսկ թոշակը չի կարող լինել չնախատեսված դեպք, դա ի՞նչ բան է: Հետեւաբար, այս բարձրացումը չի կարող լինել չնախատեսված: Ուրեմն բավարար չէ, որ մեկ անձը, անգամ եթե նա վարչապետն է, իր հայտարարությամբ թոշակ կարող է բարձրացնել:
Այս խնդիրը պարտադիր պետք է գնա Ազգային ժողով, պետք է քննարկվի բյուջետային օրենքում փոփոխություններ մտցնելու հարցը, եւ նոր միայն տեղի ունենա բարձրացումը: Առանց Ազգային ժողովի քննարկման նման որոշում կայացնել՝ նշանակում է արհամարհել Ազգային ժողովը, արհամարհել օրենքներն ու գործընթացները՝ առաջացնելով անորոշություններ: Բայց քանի որ այս մարդկանց մոտ վաղուց չկա, չգիտեմ էլ, թե ինչ ասեմ, ապա կարող են ամեն քայլի էլ դիմել: Առանց օրենքների էլ կարող են աշխատել, սակայն ես չեմ հասկանում մի բան` մեծամասնություն են կազմում իրենք, ի՞նչն է խնդիրը, որ այսպես օրենքներ են խախտում: Բյուջետային օրենքում հարկավոր են փոփոխություններ, թոշակը չի կարող բարձրանալ ինչ-որ մեկի ցանկությամբ:
Կարդացեք նաև
Պետք է օրինական ճանապարհով առաջնորդվել, սա ի՞նչ բան է, ստացվում է՝ ողորմություն են տալիս, բայց սա պետություն է, այդպես չի կարելի: Ես շնորհավորում եմ մեր թոշակառուներին, նրանք անտարբեր չեղան այս հարցում եւ կարողացան գոնե չնչին փոփոխությունների հասնել: Ես շատ տպավորված եմ, որ մեր թոշակառուները պայքարեցին եւ, ի տարբերություն շատերի, անտարբեր չեղան:
Ուզում եմ նաեւ անդրադառնալ իշխանությունների պարգեւավճարներին: Դրանք եւս պետք է բերել օրենքի դաշտ ու կանոնակարգել, որպեսզի չլինի սուբյեկտիվ: Ես գիտեմ դեպքեր, որ հիմնարկի ղեկավարն ինքն է իր անձնական մոտեցմամբ որոշում՝ ում որքան պարգեւատրի: Բնական է, որ այստեղ կա քաղաքական ենթատեքստ: Օրենքով եթե այս հարցը չկարգավորվի, ապա պետականությունն աղճատվելու է:
Խնդիրները պետք է լուծվեն օրենքով, չի կարելի վարչապետին ու այլ պաշտոնյաների թույլ տալ, որ ինչպես ուզեն, վարվեն: Սրանք նախադեպեր են, որոնք հետագայում խիստ բացասական են ազդելու պետության վրա: Չեմ պատկերացնում, թե ինչ է անելու հաջորդ իշխանությունը, որ այս իշխանությունների հեռանալուց հետո քիչ թե շատ օրենքը հարգվի` պաշտոնյաների կողմից:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում


















































