-Ես ավելի քան 1.5 տարի առերեւույթ ապօրինի կալանքի տակ էի: Կալանավորված էի մի հոդվածով, որն ընդունման պահից գոյություն չուներ: Եվ այդ ժամանակահատվածի մի զգալի մասը եղել է նախաքննության փուլում: Հիմա ներկա դատախազը սրա հետ առնչություն ունի՞,- այսօր Հակակոռուպցիոն դատարանում այս հարցադրումը առաջ քաշեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երբ դատարանը հայտնեց, որ մերժում է հանրային մեղադրողի՝ վարույթից հեռացնելու վերաբերյալ միջնորդությունը:
Հիշեցնենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստում նիստը նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանը մերժեց մեղադրյալներից ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի միջնորդությունը՝ մեղադրող դատախազին վարույթից հեռացնելու վերաբերյալ: Պաշտպանը դատախազին բացարկի միջնորդություն էր ներկայացրել, քանի որ դատախազ Հայկ Հովհաննիսյանը ժամանակին եղել է նաեւ այս գործով քննչական խմբի կազմում:
-Ես հիմա նստած՝ պետք է նայեմ մի մարդու, որը ուղղակի մասնակից է եղել իմ ապօրինի կալանքին: Փաստաբանները բոլոր նիստերի ժամանակ ասում էին, որ սա հակասում է Սահմանադրությանը: Քննչական խմբի ղեկավարն ու մասնակից դատախազները իրենց ճղում էին՝ չէ: Հիմա այս դատախազը մասնակից է եղել այդ քննչական խմբին, իմ հարցը հետեւյալն է՝ ինքն այս ամենի հետ կապ ունի՞, թե՞ չունի: Անկեղծ ասած՝ չգիտեի, որ քննչական խմբում է եղել,- հավելեց Քոչարյանը,- Հիմա այդ ընթացքում ինչ արվել է, ինքը պետք է փորձի կոծկել, ամեն գնով իր ճշտությունը պաշտպանել:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































