Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մարդիկ իրականում վատ են աշխատել, ինչո՞ւ են մնում համակարգում՝ նախարարի խորհրդականի կարգավիճակով. Արշակ Գասպարյանի հարցադրումները

Փետրվար 27,2026 14:10

Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, երբ պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս՝ «ընդհանուր հանցավորության նվազում» (ՆԳ նախարարի մամլո ասուլիսից), բայց հանրությունը ամեն օր տեսնում է ծանր, բռնությամբ ուղեկցվող նոր դեպքեր՝ սպանություններ, հրազենով հաշվեհարդարներ, խմբակային բախումներ և այլն։ Իրականում սա հակասություն չէ․ ընդհանուր հանցավորության ցուցանիշը կարող է նվազել, մինչդեռ ծանր, բռնությամբ ուղեկցվող հանցանքների կառուցվածքը, աշխարհագրական քարտեզը (hotspots) և հրազենի կիրառումը կարող են մնալ նույնը կամ դառնալ ավելի վտանգավոր ու տեսանելի։

Այս իմաստով,  բարձրաստիճանների պաշտոնանկությունները կարող են լինել տեղին՝ եթե դրանք արդյունք են հստակ գնահատման․ ի՞նչը չի աշխատել, ո՞ր կառավարչական շղթան է խափանվել, ինչպե՞ս են փոփոխվում մեթոդաբանությունն ու պատասխանատվությունը։

Բայց երբ աղմկահարույց դեպքերից հետո ուղղակի «գլուխներ են թռչում» ՝ առանց հանրային բացատրության, սա հաճախ հիշեցնում է ցուցադրական կամ խորհրդանշական պատասխանատվություն (symbolic accountability)։ Սրա ամենաթույլ տեղը դառնում է այն, երբ պաշտոնանկված ղեկավարները դուրս չեն գալիս համակարգից, այլ դառնում են, օրինակ, նախարարի խորհրդականներ կամ օգնականներ։ Հանրային վստահության տեսանկյունից, սա կարող է ընկալվել որպես «անվտանգության բարձիկ»՝ հետագայում, ավելի հեշտությամբ, նոր պաշտոնի նշանակելու համար։

Նման գործելաոճի վտանգը, առնվազն, երկակի է.

  • Կառավարման կենտրոնացում և տեղական պատասխանատվության թուլացում –
    Եթե յուրաքանչյուր ծանր դեպքից հետո «մեղավորը վերևինն է», ապա համայնքային օղակները ստանում են սխալ ազդակ․ «իմ մասնագիտական աճը և տեղական պատասխանատվությունը երկրորդական են, ամեն դեպքում վերևինին են մեղադրելու»։ Սա քայքայում է ոստիկանության հենց այն որակը, որը պետք է ուժեղ լինի՝ տեղային պրոֆեսիոնալիզմ և նախաձեռնողականություն։

 

  • «Ուղղաձիգ մեղադրանքի լպրծուն սանդուղք» – Եթե Աջափնյակի և առ այսօր տեղի ունեցած բոլոր կամ «աղմկահարույց» միջադեպերի համար պատասխանատվությունը բարձրացնում ենք մինչև հանրապետական մակարդակի պաշտոնյաներ, ապա նույն տրամաբանությամբ, կարելի է այն բարձրացնել մինչև նախարար և վարչապետ։ Բայց այս մոտեցումը վատ, շատ վատ կառավարման ձև է։ Այն ստեղծում է «մեկ կենտրոնից կառավարվող» սովետական սիմվոլիզմ, որը ինստիտուցիոնալ առումով վնասում է թե՛ ոստիկանությանը, թե՛ պետական կառավարմանը առ հասարակ։

 

 

ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՕՐԻՆԱՉԱՓ Է, ՈՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԻ

  • Եթե մարդիկ իրականում վատ են աշխատել, ինչո՞ւ են մնում համակարգում՝ նախարարի խորհրդականի կարգավիճակով։
  • Եթե նորերը ավելի փորձառու են, ինչու ի սկզբանե նրանց չէիք նշանակում այդ պաշտոններին, իսկ եթե ավելի քիչ փորձ ունեն, ի՞նչն է երաշխավորում, որ համակարգը ավելի լավ է աշխատելու։
  • Եվ ամենակարևորը՝ այս փոփոխություններն ի՞նչ են նշանակում համայնքային օղակների համար․ արդյո՞ք մենք կառուցում ենք պրոֆեսիոնալ, ինքնուրույն, պատասխանատու ոստիկանություն, թե՞ վերարտադրում ենք «ձուկը գլխից է հոտած» սովետական տրամաբանությունը, որտեղ տեղական պատասխանատվությունը մեռնում էր ու սա շարունակվում է առ այսօր։

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆԱԿ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԼԻՆԵԼ։ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆ Է՝ ՈՂՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ (WHOLE-OF-GOVERNMENT)

 

ՄԱԿ, ԵՄ, ԵԽ և ԵԱՀԿ մոտեցումների առանցքը հետևյալն է․ ծանր և/կամ բռնությամբ ուղեկցվող հանցագործությունների կանխարգելումը չի կարող լինել միայն ՆԳՆ/ոստիկանության խնդիր։ Ոստիկանությունն ունի առանցքային դեր՝ կանխարգելում, զսպում, բացահայտում, բայց հանցավոր վարքի հիմնական «մատակարարները» հաճախ գտնվում են այլ դաշտերում՝

  • կրթությունից դուրս մնալ,
  • զբաղվածության խնդիրներ,
  • կախվածություններ,
  • հոգեկան առողջություն,
  • ընտանիք-համայնք կոնֆլիկտներ,
  • սոցիալական շերտերի անհավասարություն,
  • տեղական միջավայրի ռիսկային էկոհամակարգեր։

 

Եթե չկան միջգերատեսչական ծրագրեր՝ կոնկրետ պատասխանատուներով, բյուջեով և չափումներով, ոստիկանությունը դառնում է մշտական «հրդեհ մարող», իսկ հրդեհները կրկնվում են։

 

ԻՆՉ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ, ՈՐՊԵՍԶԻ ԱՅՍ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԻՆԵՆ ԻՐԱԿԱՆ՝ ՈՉ ԹԵ ԶՈՒՏ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ

 

Ծանր և/կամ բռնությամբ ուղեկցվող հանցագործությունների կանխարգելման հարցում արդյունավետ են այն լուծումները, որոնք ուղղված են հիմնական այս մեխանիզմներին.

 

ա) քարտեզագրում և խնդրի վրա կենտրոնացած ոստիկանություն (Hotspot/problem-oriented policing)

Ոչ թե համատարած ուժի ցուցադրություն, այլ կոնկրետ վայրերում կոնկրետ խնդիրների լուծում՝ բռնի կոնֆլիկտների քարտեզավորում, ռիսկային վայրերի վերահսկում, կրկնվող միջադեպերի «պատճառի/արմատի» խափանում։

 

բ) անօրինական զենքի շուկայի խափանում

Զենքը սնիկերս կամ մաստակ չէ, այն դժվար է գնել մոտակա խանութից։ Իսկ եթե հրազեն է շրջանառվում փողոցում, դրանց գործադրումը դեռ կշարունակվի։ Անհրաժեշտ է թիրախային հետախուզական-քննչական կարողություններ՝ ոչ միայն պարեկային «անհանգստացած անցուդարձ»։

 

գ) Կենտրոնացված/ֆոկուսավորված ուշադրություն բարձր ռիսկի խմբերի վրա

Թիրախային, օրինական, համաչափ ու իրավաչափ զսպում՝ միաժամանակ սոցիալական «ելքերով» (աշխատանք, զբաղվածություն, կրթություն, վերականգնողական ծրագրեր)՝ որպեսզի բռնության վերարտադրությունը չեզոքացվի, ոչ թե պարզապես տեղափոխվի այլ տարածք։

 

դ) Հանրային հաշվետվողականություն. «ինչ ենք հասկացել և ինչ ենք փոխում»

Հասարակությունն իրավունք ունի ստանալ առնվազն առաջիկա երեք ամիսների պարզ ճանապարհային քարտեզ՝ առաջնահերթ ռիսկեր, գործողություններ, պատասխանատուներ, KPI-ներ։

 

Կադրային փոփոխությունը կարող է լինել անհրաժեշտ, բայց երբեք բավարար չէ։ Եթե չկա մեթոդաբանության փոփոխություն, տեղական պատասխանատվության ուժեղացում և whole-of-government կանխարգելում, ապա «գլուխներ թռցնելու» մոդելը վերարտադրում է կենտրոնաձիգ կառավարումը՝ քանդելով ինստիտուտի ինքնուրույնությունը, թուլացնելով տեղային պրոֆեսիոնալիզմը և բերում նոր ճգնաժամերի։ Իսկ եթե կա պարզ ծրագիր, պատասխանատուներ և չափելի KPI-ներ, ապա պաշտոնանկությունը դառնում է ոչ թե ժեստ, այլ՝ հանրային անվտանգության կառավարման բարեփոխման գործիք։

Արշակ Գասպարյան
Անկախ խորհրդատու քրեակատարողական բարեփոխումների ոլորտում (բանտային և պրոբացիայի բարեփոխումներ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728