Վերջին շրջանում Հայաստանի քաղաքական օրակարգում փորձ է արվում ներդնել մի նոր հայեցակարգային թեզ։ Իշխանական խոսույթը մեզ համոզում է, թե մենք հաղթահարել ենք «պատմական ցիկլերը» և թևակոխել ենք բացառիկ ինքնուրույնության փուլ։ Սակայն պետականության իրական չափումը ոչ թե հռչակագրերն են, այլ այն կաշկանդվածության աստիճանը, որով կայացվում են որոշումները։
Այսօր հայկական քաղաքական միտքը կանգնած է մի էկզիստենցիալ հարցի առաջ. արդյոք շղթաների բացակայությունը հենց ազատությո՞ւնն է, թե՞ ազատությունը սեփական տան բանալիներին տիրապետելու կամքն է։
Կաշկանդվածության ստվերները
Երբ պետական բարձրագույն ամբիոններից քաղաքացուն կոչ է արվում «տեր կանգնել ձեռքբերումներին», դա հաճախ հնչում է որպես պատասխանատվության պատվիրակում։ Ինքնիշխանությունը «բեռ» չէ, որը կարելի է դնել ժողովրդի ուսերին։ Այն կամք է, որը պետք է գեներացնի Պետությունը՝ որպես ինստիտուտ։
Կարդացեք նաև
Եթե իշխանությունը խուսափում է հասցեական լուծում տալ օտարերկրյա ռազմական ներկայության հարցին, որը տասնամյակներ շարունակ եղել է հենց այդ «կախվածության ցիկլի» երաշխավորը, ապա առաջանում է հիմնավոր կասկած. արդյոք 2018-ի լեգիտիմության գինը չի եղել ռազմավարական անձեռնմխելիության ստվերային պայմանավորվածությունը։
Սա ստեղծում է մի իրավիճակ, որտեղ պաշտոնական Երևանը հայտնվում է քաղաքական ցուգցվանգում՝ կաշկանդված անցյալի երաշխիքներով և ներկայի անվտանգային մարտահրավերներով։
Ռազմական մեքենան և սուվերեն տարածքը
Հայաստանը չի կարող ձևակերպել իր իրական ինքնիշխանությունը, քանի դեռ նրա հողում գործում է այլ պետության շահերը սպասարկող ռազմական մեքենա։ Մենք պետք է դադարենք լինել ուրիշի պատերազմների համար վարձակալված տարածք։ Սա ոչ թե հակառուսականության կամ արևմտամետության հարց է, այլ պետական հիգիենայի։ Իրական «ցիկլը» կփակվի միայն այն պահին, երբ վերջին օտարերկրյա զինվորը կլքի Հայաստանի սուվերեն տարածքը։ Եվ այստեղ է, որ պետք է դրսևորվի նոր որակի քաղաքական հավակնություն։
Լեհաստանում հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետը կրկին հայտարարեց, որ իրենց օրակարգում օտարերկրյա ռազմակայանի հեռացման հարց չկա։ Սա փաստում է, որ գործող վարչակազմը կամովին հրաժարվում է ինքնիշխանության ամբողջականացման օրակարգից։
Այսօր քաղաքական դաշտում պետք է ձևավորվի այնպիսի սուբյեկտայնություն, որը պատրաստ կլինի ստանձնել պետականության վերականգնման ամբողջական պատասխանատվությունը։ Խնդիրն այլևս այնպիսի քաղաքական ծրագրի կենսագործումն է, որտեղ ինքնիշխանությունը սակարկության առարկա չէ։ Պետականության իրական կրողները պետք է պատրաստ լինեն վերցնելու «տան բանալիները» և ավարտին հասցնելու անկախության գործընթացը, քանի որ դա այլևս ոչ թե լոկ ցանկություն է, այլ գոյաբանական անհրաժեշտություն։ Հայրենիքը վայելելու տեղ է, և այդ վայելքը սկսվում է սեփական հողում բացարձակ տեր լինելու զգացողությունից։
Հայկ Միրզոյան
Պահպանողական կուսակցության նախագահ


















































