«Սումգայիթում 1988 թվականի փետրվարի 27-29 հայերի նկատմամբ տեղի ունեցածն, ըստ էության, ցեղասպանություն էր բառիս բուն իմաստով»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը։
Այվազյանի խոսքով՝ Ադրբեջանում հայերի ցեղասպանության սումգայիթյան դրվագն աննախադեպ իրադարձություն էր, քանի որ պետական ամենաբարձր մակարդակով էր կազմակերպված եւ տեղի էր ունենում Սումգայիթի քաղկոմի առաջին քարտուղարի գլխավորությամբ։ Հետագայում ադրբեջանցիները փորձում էին հերքել դա, բայց կան փաստեր։
«Այսինքն՝ ազգությամբ հայ խորհրդային քաղաքացիները միմիայն հայ լինելու համար ենթարկել են ողջակիզման։ Պետք է շեշտել, որ Ադրբեջանի ղեկավարությունն անմիջապես էր ներգրավված ցեղասպանական գործողությունների մեջ, նաեւ դատավարություններ կային, որտեղ ֆիքսված էին, որ մարդիկ բողոքում էին՝ իրենց հեռախոսներն էին անջատված, զանգում էին ոստիկանության մարմիններ, բայց չեն արձագանքում մարդկանց ահազանգերին ու շատ հաճախ լուռ հետեւել են այդ հանցագործություններին։ Մարդիկ շտապ օգնության մեքենաներ էին կանչում, բայց դրանք չէին գալիս։ Այսինքն՝ դա պետական ամենաբարձր մակարդակով կազմակերպված գործողություն էր եւ աննախադեպ մի երեւույթ, որ մի երկրում սեփական քաղաքացիները խաղաղ ժամանակահատվածում ենթարկվեցին ցեղասպանության։ Եվ այստեղ տեղին չէր Գորբաչովի հայտարարությունը, թե դրանք ընդամենը խուլիգանական գործողություններ էին։ Ոչ, դա պետականորեն նախապատրաստված ծրագիր էր եւ դրա մասին բազմաթիվ փաստեր կան, ականատեսների վկայություններ»,- ասաց նա։
Գրիգորի Այվազյանի խոսքով՝ եթե հայկական կողմը ժամանակին միջազգային հանրությանը ճիշտ ներկայացներ Սումգայիթում, Բաքվում, Կիրովոբադում, Գանձակում, Գարդմանք աշխարհում, Նախիջեւանում տեղի ունեցած իրադարձությունները, կապացուցեինք, որ ցեղասպանական բնույթ ունեցող Ադրբեջանի կազմում արցախահայությունը չէր կարող գոյատեւել։
Կարդացեք նաև
Եվ Արցախում տեղի ունեցածը, նրա խոսքով, Ադրբեջանում հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության շարունակությունն էր։ «Նրանք չեն էլ թաքցրել, որ իրենց նպատակը ոչ Սումգայիթն էր, ոչ էլ Բաքուն, նպատակն էր այդ ցեղասպանությունը արտահանել նախ եւ առաջ Արցախ՝ ոչնչացնելով տեղի բնակչությանը եւ այնուհետեւ շարունակել արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում, եթե դա հաջողվի։ Ցեղասպանության սումգայիթյան դրվագն, ըստ էության, մնաց անպատիժ եւ խրախուսվեց ադրբեջանական իշխող տարբեր վարչակազմերի նորանոր հանցագործությունների միջոցով։ Մենք այդպես էլ դաս չենք քաղել Ադրբեջանում հայերի ցեղասպանությունից։ Իսկ Ադրբեջանը, ոգեւորվելով անպատժելիության մթնոլորտից, կրկնեց այդ ցեղասպանության փորձը՝ 2020-2023 թվականներին ցեղասպանության ենթարկելով Արցախի ժողովրդին։ Եվ ամենօրյա ռեժիմով տեղեկություններ ենք ստանում, որ Ադրբեջանն Արցախի տարածքում պատմամշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմ է իրականացնում։ Զուգահեռ տեսնում ենք, թե Ալիեւն ինչ խոսույթ է օգտագործում, այսպես կոչված ադրբեջանցի փախստականների իրավունքների մասին է խոսում՝ մոռանալով մոտավորապես 3 մլն հայության իրավունքների մասին, որոնք ստիպված են եղել լքել իրենց պատմական հայկական հողերը՝ Ուտիքը, Արցախը, Նախիջեւանը, Փայտակարանը եւ այլն»,- հավելեց նա։
Գրիգորի Այվազյանի խոսքով՝ սումգայիթյան դեպքերով ժամանակին մի քանի ցուցադրական դատավարություն է եղել, սակայն ադրբեջանական պատմագրությունը եւ քարոզչությունը հայերի նկատմամբ ցեղասպանության պատասխանատվությունը փորձում էին հենց հայերի վրա բարդել՝ ոտքից գլուխ շրջելով եղելությունը։ Իսկ հետագայում Ադրբեջանում տարբեր միջոցառումների ժամանակ բացականչում էին «փառք սումգայիթյան հերոսներին», նկատի ունենալով գազան մարդասպաններին։ Եվ այդ քաղաքականությունը հետագա տարիներին շարունակվեց։ Այվազյանի խոսքով՝ 30 տարի ադրբեջանցիներն իրենց վենդետան եւ ռեւանշիզմը պահպանում էին եւ իրագործեցին 2020-2023 թվականներին Արցախում։ Ադրբեջանում նոր սերունդ է աճել հայատյացության քարոզչության ներքո։ Իզուր չէ, որ Ռամիլ Սաֆարովի նման մարդասպաններն այդ երկրում պետական մակարդակով հերոսացվում են։
«Մենք ժամանակին պետք է իրավական եւ քաղաքական գնահատական տայինք Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ Ադրբեջանի կողմից վերահսկվող մյուս տարածքներում հայերի կոտորածներին, դրանք պետք է որակեինք ցեղասպանություն։ Եվ դա պետք է օգտագործեինք որպես անկյունաքար արցախյան հակամարտության բանակցային սեղանին՝ որպես ապացույց, որ հայերը չեն կարող խաղաղ գոյատեւել Ադրբեջանի ենթակայության տակ։ Բայց դա չենք արել, ի հակառակ դրա Ադրբեջանում տարվա մեջ երեք անգամ հիշատակում են իբր թե հայերի կողմից ադրբեջանցի թուրքերի նկատմամբ կատարված «ցեղասպանությունները», երեկ էլ այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մասին էր թնդում ամբողջ Ադրբեջանը։ Քարոզներ են գնում, որ հայերից հիմա էլ պետք է վրեժ լուծել, ադրբեջանական լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերն ուղղակի ողողված են այդ տեղեկություններով։ Այնպես որ, սումգայիթյան ցեղասպանությունն այսօր էլ մեզ համար պետք է լինի դաս քաղելու հնարավորություն, որպեսզի թույլ չտանք, որ ապագայում նույնը տեղի ունենա նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչի վերաբերյալ Ադրբեջանը չի թաքցնում իրենց ծրագրերը։
Եվ պետք է միշտ հիշենք, որ Ադրբեջանում հայերի ցեղասպանության ճանաչումը, դրա վերաբերյալ լայն շերտերի իրազեկումը ոչ միայն բարոյականության տիրույթում գտնվող խնդիր է, այլ նաեւ իրավական ու քաղաքական նշանակություն ունի մեր պետական ազգային շահերի եւ ժողովրդի անվտանգության, գոյության իրավունքի պաշտպանության տեսանկյունից։ Մենք չպետք է մոռանանք, որ թուրք-ադրբեջանական ժանգոտված ու արյունոտ յաթաղանը դեռ մեր ժողովրդի գլխավերևում ճոճվում է։ Մենք զգոնության զգացողությունը երբեք չպետք է կորցնենք եւ չխաբենք ինքներս մեզ, թե թուրք ֆաշիստները փոխվել են։ Ոչ, դրանք ուրիշ թուրքեր չեն եւ հանգիստ չեն ապրի, քանի դեռ հայոց աշխարհի իրավատերը՝ հայ ժողովուրդը դեռ իր հայրենիքի որեւէ մասում գոյություն ունի ֆիզիկապես եւ նաեւ պետականություն ունի։ Այնպես որ, մենք պետք է շարունակենք պայքարել մեր կյանքի իրավունքի ու արժանապատիվ ապրելու իրավունքի համար։ Իսկ եթե խաղաղություն, ապա արժանապատիվ խաղաղություն պետք է լինի, մեզ համար ցանկացած ոչ նպաստավոր լուծում կողմից կբերի նորանոր հանցագործությունների իրագործման թուրք-ադրբեջանական տանդեմի»,- նշեց նա։
Ադրբեջանի իշխանությունները նպատակադրված թաքցրել ու նվազեցրել են Սումգայիթի ցեղասպանական գործողությունների զոհերի թվաքանակը։
«Տարբեր տվյալներ կան, կան նաեւ վկայություններ, որ հարեւան Բաքվի եւ այլ բնակավայրերի դիահերձարաններում հարյուրավոր դիեր կային։ Դրանից հետո մաս-մաս էին տալիս դիերը։ Պաշտոնական տվյալներով՝ մինչեւ 30 մարդ է սպանվել Սումգայիթում, բայց իրական տվյալներով՝ տարբեր գնահատականներով 500-ից մինչեւ 1500 մարդ է սպանվել։ Նույն ժամանակահատվածում Ադրբեջանի տարբեր դիահերձարաններից տարբեր պատճառաբանությամբ հայերի դիեր էին հայտնաբերվում կամ անանուն դիեր՝ հրկիզված, այլանդակված։ Բազմաթիվ անհայտ կորած մարդիկ կային, դա պետական ամենաբարձր մակարդակով էր կազմակերպված, համատիրությունները ջարդարարներին նախօրոք տրամադրում էին այն հասցեները, որտեղ կոնկրետ հայերն էին բնակվում։ Նախօրոք սպանությունների զենքերն էին բաժանվում ամբոխին։ Մեկ բնակարանի վրա, որտեղ խաղաղ մարդիկ էին բնակվում, հարձակվում էին մի քանի հարյուր հոգի, եւ ինքնապաշտպանության հնարավորություն ուղղակի չկար։ Սա դասական ցեղասպանության ձեւ էր»,- ասաց Այվազյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































