«Իրենք, որ ասում են արևմտյան Ադրբեջան, ՀՀ-ն նկատի ունեն։ Չտրվեք ՀՀ իշխանությունների մանիպուլյացիային, որ իրենք Ղարաբաղը, հարակից տարածքները նկատի ունեն։ Ոչ, իրենք նկատի ունեն հենց ՀՀ-ն»,-Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի դիմաց անցկացված «Ո′չ Արևմտյան Ադրբեջանին» խորագրով բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Նա ահազանգեց՝ արևմտյան Ադրբեջանի օրակարգը, որը պետականորեն Բաքվում խրախուսվում է, դատարկ կարգախոս չէ։ Դա պետության նախագահի աշխատակազմի մակարդակով խրախուսվող ծրագիր է։ Երեկ այդ համայնքի ղեկավարը իմպերատիվ կերպով պնդում էր, որ պետք է վերադառնան արևմտյան Ադրբեջան։
Սուրեն Սուրենյանցը նշեց՝ մի խումբ քաղաքացիներով ձևավորել են ««Ո′չ Արևմտյան Ադրբեջանին» քաղաքացիական նախաձեռնությունը, որը վերկուսակցական է․ «Մենք հետամուտ ենք լինելու, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հետ մեր հասարակության անհամաձայնությունը փորձենք միջազգային կառույցներին տեղ հասցնել։ Միջազգային կառույցներին հիշեցնում ենք իրենց պատասխանատվության մասին»։
Ցույցի մասնակիցները նամակ հանձնեցին Երևանում ԵԽ գրասենյակ։
Կարդացեք նաև
Նա ասաց՝ այստեղ են հիշեցնելու, որ երբ ԵԽ-ն ստեղծվեց, դա եղավ երկու խնդիրների սպասարկման համար՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ։ Եվ վստահեցրեց՝ այն, ինչ անում է Ադրբեջանը, բոլոր չափանիշներով ընկնում է ցեղասպանության հատկանիշի տակ՝ էթնիկ զտում, ցեղասպանություն, մեր պատմական ժառանգության ոչնչացում։
Քաղաքագետը ցավով նշեց՝ ՀՀ իշխանության անգործության պայմաններում ստիպված են այս շարժումն ընդարձակել, ինստիտուցիոնալ առումով կայացնել։ Ասաց, որ մեծ ցույցեր անելու նպատակ չունեն, կսպասեն միջազգային կառույցներից իրենց նամակների արձագանքներին, մինչ այդ կկազմակերպեն գիտաժողովներ և կլոր սեղաններ․ «Ժամանակն ու փորձը ցույց տվեցին, որ Ադրբեջանից հնչող սպառնալիքներին պետք չէ անտարբեր լինել։ Ցավոք, երբ մենք չունենք իշխանություն, որը ազգային օրակարգի կրող է, ամեն ինչ էլ պատահում է»։
Ադրբեջանցիների վերադարձի թեզի մասին էլ նշեց․ «Անկլավները վերադարձնելուց հետո ասելու են՝ անկլավների և բուն Ադրբեջանի կապը ապահովելու համար միջին միջանցք պիտի տաք, քանի որ փախստականները վերադարձել են, իրենց իրավունքները սահմանադրությամբ ամրագրեք, լեզվի հետ կապված խնդիրներ և այլն։ Այնպես որ, հունիսի 7-ի ընտրությունները մեծ իմաստով՝ քաղաքակրթական ընտրություններ են՝ ՀՀ-ի և արևմտյան Ադրբեջանի կոնցեպտի միջև»։
«Ո′չ Արևմտյան Ադրբեջանին» խորագրով բողոքի ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































