Aravot.am-ի զրուցակիցը վանաձորցի ճանաչված նկարիչ Վահան Շահբազյանն է։
– Ձեր առաջիկա ցուցահանդեսը տեղի է ունենալու Էստոնիայում։ Ի՞նչ զգացողություններ ունեք եվրոպական հանդիսատեսի հետ կրկին հանդիպելու նախօրեին։
– Այո, 2026 թ. մարտի 7-ին Տարտու քաղաքի Էստոնիայի ազգային թանգարանում տեղի կունենա «Զուգահեռներ. Ժամանակակից հայկական արվեստ» խորագրով ցուցահանդեսը։ Մենք այս իսկապես հսկայածավալ նախագծին պատրաստվել ենք շուրջ երկու տարի։ 2024 թ. մարտի 9-ին նույն թանգարանում տեղի ունեցավ իմ անհատական ցուցահանդեսը, որից հետո՝ «Mellnov Fest»-ի հետ արդյունավետ համագործակցության և, որպես Հայաստանից հրավիրված համադրող, ստանձնածս դերի շնորհիվ, աշխարհի յոթ երկրներից 25 հայ նկարիչներ իրենց արվեստը կներկայացնեն եվրոպացի հանդիսատեսին։ Սա, անշուշտ, նախևառաջ մեծ պատասխանատվություն է և երկու կողմերի համատեղ աշխատանքի արդյունքը։ Հպարտ ենք, որ ունենք մեր ձայնն ու տեղը արվեստի աշխարհում և կարող ենք այն հասանելի դարձնել հանրությանը։ Կարևոր է նաև շեշտել, որ արվեստն ունակ է միավորել ժողովուրդներին՝ վերհանելով համամարդկային արժեքները։
– Դուք դարձել եք հայկական տեսողական արվեստի ասպարեզի անբաժանելի մաս՝ մասնակցելով բազմաթիվ ցուցահանդեսների, այդ թվում՝ միջազգային։ Մեծ հաշվով յուրաքանչյուր ցուցահանդես հնարավորություն է տալիս հայացք նետել առանձնահատուկ մշակութային ավանդույթ ներկայացնող արվեստագետի ստեղծագործություններին՝ միաժամանակ հաստատելով բարձր արվեստի համամարդկային արժեքը։ Եթե ձեր արվեստը նկարագրեք հակիրճ՝ երեք բառով, որոնք կընտրեք և ինչո՞ւ։
– Կասեմ այսպես՝ եթե կա գույն ու վրձնահարված, ուրեմն կա խոսք, և կարող է զրույց սկսվել։
– Որո՞նք են այն թեմաները, որ այսօր առավելապես հուզում են ձեզ։
– Մարդը և բնությունը միշտ առանձնահատուկ տեղ են զբաղեցրել իմ ստեղծագործություններում. մենք ինքներս՝ որպես բնության մի մասնիկ, բացահայտում ենք մեզ, փոխվում ենք բնության համապատկերում ու նրա ազդեցության ներքո։ Յուրաքանչյուր վրձնահարված և գիծ նման է լույսի շողի, որը ձևավորում է քեզ։ Վերջին շրջանում սկսել եմ ավելի շատ հետաքրքրվել հին դարաշրջանի ճարտարապետությամբ՝ զուգահեռներ անցկացնելով անցյալի և ապագայի միջև։
– Ձեր կարծիքով, ո՞րն է տարբերությունը հայկական և եվրոպական արվեստասեր հանրության ընկալումների միջև։
– Եվրոպացի հանդիսատեսին շատ է գրավում մեր ստեղծագործական ներկապնակը՝ ներկերի վառ գույները, որոնց մեջ կյանք ու բարություն կա՝ բարություն մարդկության և բնության հանդեպ։
– Ստեղծագործական ճգնաժամերի պահերին ի՞նչն է ձեզ ուժ տալիս վերադառնալ արվեստ ու շարունակել․ հիշողությո՞ւնը, ընտանի՞քը, հավա՞տը, թե՞…
– Ճգնաժամային իրավիճակներում միշտ էլ հույս կա, և, անշուշտ, ընտանիքը պայքարի ու հաղթանակի գլխավոր խթանն է։ Մենք ձեռքներս ծալած երբեք չպետք է նստենք, միշտ պետք է գնանք դեպի նպատակն ու բարություն արարենք։ Խոսքս ոչ միայն կերպարվեստի ոլորտին է վերաբերում։
– Ձեր աշխատանքները շարունակում են բացահայտել Հայաստանի պատկերները, բայց եկեք անկեղծ լինենք և փաստենք, որ ձեր արվեստը գնահատողների մեծ մասը վստահեցնում է, թե որպես գեղագետ ազդված եք և շարունակում եք մնալ այդպիսին՝ սևծովյան բնությամբ, պատկերներով։
– Համամիտ եմ։ Ճակատագրի բերումով մանկությունս անցկացրել եմ Բաթում քաղաքում։ Կյանքիս այդ շրջանը վճռորոշ դարձավ ապագա մասնագիտության ընտրության հարցում։ Աննկարագրելի ակնահաճո մայրամուտների ու հրաշալի արևածագերի, հսկայական ալիքների և զեփյուռների մշտական ներկայությունն իրենց դերն ունեցան ինձ վրա՝ որպես նկարչի և սեփական տեսլականը կտավին հանձնել ձգտող մարդու կայացման գործում։ Իհարկե, վաղուց Հայաստանում եմ՝ իմ հայրենիքում, ծննդավայրում, բայց կապը ծովի հետ երբեք չի ընդհատվել։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ























































