Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Սեդրակ Երկանյան) հերթական համերգը առանձնանում էր իր յուրահատուկ ծրագրով. Պերգոլեզի՝ «Ստաբատ Մատեր», Նախերգանք «Տիրուհի սպասուհին» օպերայից, Վիվալդի՝ «Կոնցերտ ֆագոտի եւ նվագախմբի համար Սոլ մինոր»: Մենակատարներն էին մեցցո-սոպրանո Լուսինե Մարկոսյանը, սոպրանո Գայանե Ղամբարյանը եւ ֆագոտահար Զավեն Հարությունյանը:
Համերգը բավականին գեղեցիկ էր, նաեւ տպավորիչ էր Պերգոլեզիի անմահ «Ստաբատ Մատերի» մեկնաբանությունը :
«Ստաբատ Մատերը» կաթոլիկ պոեմ է, որտեղ խաչված Որդու տառապանքը սգացող Տիրամայրն արտահայտում է իր վիշտն ու հուսահատությունը։ Շատ կոմպոզիտորների համար այն ծառայել է որպես նյութ իրենց ստեղծագործությունները գրելիս, նրանց թվում են՝ Պերգոլեզին, Ռոսինին, Վերդին, Շուբերտը, Դվորժակը, Պուլենկը, Պենդերեցկին…
Թոքախտով հիվանդ Պերգոլեզին, որ շատ երիտասարդ հեռացավ կյանքից, իր Stabat Mater-ի վրա աշխատել է մինչև կյանքի վերջին օրերը։ «Ստաբատ Մատերի» մեներգչուհիներից Գայանե Ղամբարյանը, որի կատարումը եւս փայլուն ընդունվեց, նշում է, որ կրոնական զսպվածության հետ մեկտեղ այս ստեղծագործությունը հագեցած է օպերային դրամատիզմով, լիրիկականությամբ, եւ իր համար շատ հաճելի էր այն կատարելը:
Կարդացեք նաև
Ավելի վաղ, «Առավոտին» տված հարցազրույցում երգչուհին ասել էր , որ «Ստաբատ Մատերն» իր համար յուրատեսակ պրեմիերա է եւ պատասխանատու համերգ, եւ որ պատրաստվելիս կենտրոնացել է հոգեւոր բովանդակության ու այն զգացողությունների վրա, որ կոմպոզիտորը փորձել է արտահայտել՝ նկարագրելով խաչի առաջ ողբացող Տիրամորը: Գայանե Ղամբարյանը նաեւ վստահ է, որ այս դերերգը եւս մեկ քայլով ավելացնում է իր հմտությունները տվյալ ժամանակաշրջանի երաժշտությունը կատարելու առումով:
Անշուշտ, «Տաղարանի» այս ինքնատիպ համերգից, որի կայացման համար մեծ ջանքեր էր ներդրել մաեստրո Երկանյանը, ունկնդիրը հեռացավ գեղագիտական հաճույք ստացած ու մաքրագործված, ի վերջո բարձրակարգ երաժշտության առաքելությունը հենց հոգիները մաքրելն է:Ասվածի վկայությունը հոտնկայս ծափահարություններն ու բրավոներն էին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ




















































