Լրահոս
Օրվա լրահոսը

«Տասնյակ պետական տենդերներ չեղարկվում են, շաբաթ չկա, որ մեկը չբոցվի այս համակարգի վրա, լուրջ վերանայման կարիք կա»․ Էդուարդ Հայրումյան

Փետրվար 27,2026 17:50

Հայաստանի պետական գնումների առցանց համակարգը շատ շտապ պետք է վերանայվի․ գնումների տասնյակ ու հարյուրավոր մրցույթներ չեղարկվում են, քանի որ համակարգը լավ պաշտպանված չէ, եւ մասնակցության հայտեր են ներկայացնում ֆեյք անձինք՝ ֆեյք կազմակերպությունների միջոցով։ Այս մասին «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը, որն այսօր սոցիալական ցանցում հրապարակում է արել,  թե ինչպես է Ջեկի Չան անունով կեղծ պրոֆիլը TenderCh ընկերության միջոցով օրերս մասնակցել Հայաստանի Հանրապետության ՆԳՆ կողմից հայտարարած 5000 հատ կոստյումների ու 6000 զույգ կոշիկի մրցույթին եւ հաղթել։

«Պետական գնումների կայք ցանկացած ոք կարող է մտնել եւ առանց նույնականացնելու իր անձը կամ կազմակերպությունը մասնակցել տարբեր կառույցների կարիքների համար հայտարարված գնումներին։ Եվ այդ մեկը կարող է լինել ֆեյք, ինչպես այս դեպքում է եղել։ Եվ, ինչպես պարզվում է, նման դեպքերը շատ-շատ են, ինչպես այս դեպքում Ջեկի Չան անունով ֆեյքն է մասնակցել մրցույթին՝ առանց ներկայացնելու բանկային երաշխիք ու որեւէ փաստաթուղթ։ Պարզվում է՝ Չեկի Չանը 20 անգամից ավելի էժան գին է առաջարկել, եւ երբ մրցույթը բացվել է, ստացվում է, որ ինքը շահել է։ Բայց իրականում ոչ այդպիսի մարդ գոյություն ունի, ոչ էլ այդպիսի կազմակերպություն։ Սա նշանակում է, որ այդ համակարգն ունի լուրջ վերանայման կարիք։ Կայքի վատ ու սխալ կազմակերպման պատճառով տասնյակ նման տենդերներ չեղարկվում են՝ 1 կամ 2 ամիս գործընթացը ձգձգվում է, ասում են՝ լինում են դեպքեր, երբ մի քանի անգամ այդպիսի Ջեկի Չաներ են մասնակցում, եւ պետության այս կամ այն կառույցը չի ստանում այն, ինչ իրեն պետք է»,- նշեց Հայրումյանը։

Կոնկրետ այս դեպքում 10 իրական կազմակերպություն է մասնակցել մրցույթին եւ մեկ կեղծ կազմակերպություն։ Բայց հաղթել է ֆեյքը, քանի որ ամենաէժան գինն է առաջարկել։ «Այնինչ, այդ 10 իրական կազմակերպությանը կարելի էր շատ հեշտ նույնականացնել, նույնիսկ հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստով։ Կամ էլ կայքից օգտվելու համար պարտադիր պետք է լինի, որ մարդիկ գրանցվեն, նույնականացվեն ու իրենց էջով մասնակցեն մրցույթներին։ Բայց ունենք այն, ինչ ունենք՝ այսօր 144 մլն-նոց տենդերը 9 մլն դրամով շահում է Ջեկի Չանը։ Այսինքն՝ ստացվում է, որ Ադրբեջանում, Թուրքիայում կամ «Նիժնի Տապռում» նստած մեկը կարող է բոցվել մեր պետական համակարգի վրա, ինչն անթույլատրելի է»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նա նշեց, որ իր տեղեկություններով տարեկան տասնյակ ու հարյուրավոր նման մրցույթներ են չեղարկվել․ «Ինձ նույնիսկ ասացին, որ շաբաթ չկա, որ մեկը չբոցվի մեր համակարգի վրա։ Այսինքն՝ այս դեպքերը շարունակական են, բայց համակարգը որեւէ կերպ չեն փոխում, որպեսզի մեր մատակարարման գործընթացը չխաթարվի»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728