Aravot.am-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով։
Իսկ սա նշանակում է, որ Շիրակի մարզում երբեմնի մեծ ընտրազանգված ունեցող ԲՀԿ-ն նորից կուժեղացնի իր դիրքերն այստեղ։
Նկատենք, որ Գյումրիում մեծ շրջապատ ու կայուն ընտրազանգված ունեցող Մարտուն Գրիգորյանը նոր մարդ չէ ԲՀԿ-ի համար․ նա 2009-2015թթ. եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ՝ լինելով պատգամավոր ու գլխավորելով կուսակցության Գյումրու կառույցը։
Գյումրու ազդեցիկ դեմքերից Գագիկ Ծառուկյանի հետ ջերմ հարաբերություններ ունի ոչ միայն Մարտուն Գրիգորյանը, այլ Վարդան Ղուկասյանը, որը ևս ԲՀԿ ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։
Կարդացեք նաև
Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից նեղացած Սամվել Բալասանյանի շրջապատն էլ սատարի հենց ԲՀԿ-ին․ նկատի ունենալով նրա՝ ժամանակին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ լինելն ու Գյումրու քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին Գագիկ Ծառուկյանի հետ մտերիմ, բարիդրացիական հարաբերություններ պահպանելը։ Իսկ եթե նրանց միանա ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդևան Գրիգորյանը, որը ևս հանրապետության երկրորդ քաղաքում հարգված ու հեղինակություն ունեցող քաղաքական գործիչներից է և աչքի է ընկնում ընտրական գործընթացներ կազմակերպելու իր կարողությամբ, ապա ԲՀԿ-ի հաղթանակը Գյումրիում ապահովված կլինի։
Իհարկե, չենք կարող չնշել, որ արդեն իսկ նկատելի է՝ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» ևս՝ որպես նոր ուժ, բավական մեծ թվով համակիրներ ունի այս քաղաքում, այդ թվում և պետական կառույցներում։
Այս ամենը բնականաբար նշանակում է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար Գյումրիում հեշտ չի լինելու, հատկապես որ նրանց նախնական ցուցակում Գյումրիից մեծամասամբ ընդգրկել էին քաղաքում գրեթե ճանաչում չունեցող դեմքերի։
Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար, պատգամավորի օգնական Լիզա Գասպարյանը Aravot.am-ի հարցին, թե ճի՞շտ է արդյոք մեր տեղեկությունը Մարտուն Գրիգորյանի՝ ԲՀԿ-ի ցուցակում ընդգրկվելու մտադրության մասին, պատասխանեց․ «Առաջիկայում Մարտուն Գրիգորյանը հանդես կգա հայտարարությամբ, որից հետո կպատասխանի լրատվամիջոցների հարցերին»։ Նա, ըստ էության, չհերքեց մեր տեղեկությունը։
Նշենք, որ Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը, որի ցուցակով է Մարտուն Գրիգորյանը դարձել «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, այսօր հայտարարություն է տարածել, որ չի մասնակցելու 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին։ Մասնակցելու մասին դեռ հստակ դիրքորոշում չի հայտնել «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմած ՀՀԿ-ն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































