«Մեր պատկերացմամբ, այսօրվա վկան առհասարակ պետք է դատարան չհրավիրվեր եւ մենք պնդելու ենք մեր այս դիրքորոշումը հետագայում էլ, եթե բողոքարկումներ լինեն, որովհետեւ քննիչը սեւով սպիտակի վրա նշել է, որ վկան նախաքննության ժամանակ ասել է՝ այն տեսանյութերը, որոնք մեղադրանքի հիմքում են, վկան չի տեսել։ Այսօր էլ պնդեց, որ չի տեսել։ Վկան պետք է ինչ-որ մի բանից տեղեկացված լինի։ Ի՞նչ կապ ունի տհաճությունը։ Հայհոյանք լսելն ինձ համար էլ է տհաճ ու, առհասարակ, դժվար թե գտնվի մի մարդ, ով իր ընտանիքի հետ նստած լինի, հայհոյանք լսի եւ տհաճություն չզգա։ Բայց էական հարցը սա է՝ արդյոք այս մարդուն (նկատի ունի դատակոչված վկային-Ն․ Գ․) պետք էր անհանգստացնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Իմնեմնիմի» փոդքաստի վարողներ Նարեկ Սամսոնյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում այսօր շարունակվեց «Իմնեմնիմի» փոդքաստի վարողներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի գործով նիստը։ Դատարանը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում։
Դատակոչված վկան հայտարարեց, որ այն տեսանյութը, որը դատարանում իբրեւ ապացույց հետազոտվեց այսօր, ինքը չի տեսել։ Ասաց, որ տղաների մասնակցությամբ մեկ այլ, ավելի կարճ տեսանյութ է տեսել, որտեղ հնչած մտքերն իրեն տհաճություն են պատճառել ու այդ մասին է եղել իր ֆեյսբուքյան գրառումը։ Այնուհանդերձ, հանրային մեղադրողը հարցեր էր տալիս վկային՝ փորձելով ստանալ ընդհանրական պատասխաններ, որ իր համար տհաճ է եղել հնչած բովանդակությամբ տեսանյութեր տեսնելը։ Նա մեջբերեց հետազոտված տեսանյութից Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի ուղիղ խոսքերը՝ «Նիկոլ Փաշինյանը եւ Ալեն Սիմոնյանը բ․․․ի տղերք են» եւ համանման այլ արտահայտություններ եւ վկային հարց ուղղեց՝ իրեն տհաճություններ պատճառե՞լ են նման արտահայտությունները, իրեն հաճելի՞ էր ընտանիքի անդամների ներկայությամբ նման բաներ լսել։
Վազգեն Սաղաթելյանի շահերի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը կարծում է, որ սա նման է կեղծ ապացույց ստեղծելուն։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե իրավական գործընթացների հետ գործ ունենայինք, այս փուլին չէինք էլ հասնի, ուստի, այդ տրամաբանության մեջ, ինքը դատավարությունից ակնկալիքներ չունի․ «Մենք տեսնում ենք, թե ինչպես են վերաբերվում վկային, ով մի քանի անգամ ասում է, որ դատարանում քննվող տեսանյութերն ինքն անձամբ չի դիտել, բայց անընդհատ ուզում են իրեն համոզեն, ստիպեն, որ ասի՝ այո, այդ տեսանյութում ասվածը ես համարում եմ ոչ նորմալ, ես չեմ ցանկանա, որ դա իմ ընտանիքի անդամները լսեն։ Անընդհատ այդպիսի ճնշում եմ նկատում վկայի նկատմամբ, ինչը զավեշտալի է։ Համացանցը ողողված է չվերահսկվող բառապաշարով, ու պետք է ընտրել՝ ինչը դիտել։ Բայց դիտես ու դա դառնա քրեական հետապնդման մաս․․․ աբսուրդ է այս ամենը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նիստի ընթացքում Նարեկ Սամսոնյանի նյարդերը տեղի էին տալիս, մի քանի անգամ լեզվակռիվ եղավ նրա եւ հանրային մեղադրողի միջեւ։ Ի վերջո, հանրային մեղադրողը պոռթկաց․ «Հարց եմ տալիս, ինչ-որ մեկը ծիծաղում է։ Հա, դու ես ծիծաղում»։ Դատավորը միջամտեց՝ զգուշացնելով, որ դատական նիստերի դահլիճում պետք է հանգիստ լինել, սադրանքներ չանել։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































