Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող, բ. գ. թ., դոցենտ Էլինա Միրզոյանի և ավագ գիտաշխատող, պ. գ. թ. Թեհմինե Մարտոյանի համահեղինակած հոդվածը` “Women in the Pre-Genocide Turkish Propaganda about Smyrna and the Implementation of the Genocidal Policy, 1919-1922” տպագրվել է միջազգային “The Historical Review/La Revue Historique” ամսագրում (WOS, Scopus)։
Հոդվածով առաջին անգամ գիտականորեն անդրադարձ է արվել թուրք կանանց ներգրավվածությանը նախացեղասպանական և ցեղասպանական քարոզչությանը 1919-20 թթ.` Զմյուռնիայի համար թուրքական բռնապայքարում:
Թեմայի շուրջ Ermenihaber.am-ը զրուցել է Էլինա Միրզոյանի հետ։
– Տիկին Միրզոյան, ինչո՞վ է պայմանավորված թեմայի ընտրությունը։
Կարդացեք նաև
– Շնորհակալ եմ հարցազրույցի համար:
Չնայած Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գիտական հետազոտություններին՝ չենք կարող չնշել, որ դեռևս կային և շարունակում են լինել առանցքային հարցեր, որոնք հետազոտության կարիք ունեն, հիմնականում՝ մասնակի և նեղ ենթաթեմաներ: Այդ շարքին է պատկանում նաև Հայոց ցեղասպանությանը թուրք վերնախավային կանանց համակարգային մասնակցության հարցը, որը կրել է տարբեր դրսևորումներ՝ արտահայտվելով ինչպես անհատական, այնպես էլ համակարգային մակարդակում: Թուրք կանանց մասնակցությունը Հայոց ցեղասպանության գործընթացին՝ իր տարբեր դրսևորումներով և ուղղություններով, գիտականորեն ուսումնասիրված չէ. առկա են միայն մասնակի անդրադարձներ առանձին կանանց գործունեությունների որոշ կողմերին:
Նշեմ, որ դեռևս 2022 թվականին ես, որպես երիտասարդ գիտնական, գիտական նախագիծ եմ ղեկավարել քննվող թեմայով՝ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած:
Ինչպես նաև այդ թեմայով տպագրել եմ հոդված ՀՑԹԻ գիտական հանդեսում 2023 թ.: Հետազոտության ընթացքում հասկացա, որ այդ համատեքստում դեռ շարունակում են մնալ չլուսաբանված, գիտականորեն չուսումնասիրված կողմեր, դրանք չլուսաբանած սկզբնաղբյուրներ, որի հիմքով էլ Հույների ցեղասպանության թեմայի մասնագետներից գործընկերուհուս՝ ՀՑԹԻ ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Թեհմինե Մարտոյանի հետ համահեղինակեցինք հոդվածը` “Women in the Pre-Genocide Turkish Propaganda about Smyrna and the Implementation of the Genocidal Policy, 1919-1922”, Հունաստանի հեղինակավոր սկոպուսյան պարբերականներից մեկում: Հոդվածով առաջին անգամ գիտականորեն անդրադարձ է արվել թուրք կանանց ներգրավվածությանը նախացեղասպանական և ցեղասպանական քարոզչությանը 1919-20 թթ.` Զմյուռնիայի համար թուրքական բռնապայքարում:
– Ըստ Ձեզ՝ ի՞նչը ստիպեց թուրքերին, որպեսզի Զմյուռնիայում հայերի ու հույների ցեղասպանական գործողությունների քարոզչության մեջ ներգարվվեն նաև թուրք կանանց։
– Երիտթուրքական ցեղասպանական քարոզչության համատեքստում առաջին անգամ հետազոտվել է թուրք վերնախավային կանանց համակարգային ներգրավվածությունը` որպես ցեղասպանական քաղաքականության շարունակություն, դերակատարումն ու ազդեցության պատկերը։ Առաջին անգամ գիտական համայնքում քննարկման է դրվել «Հավզա» շրջաբերականը, որը, Աթաթյուրքի կարգադրությամբ, համակարգել է այդ գործընթացը։ Քննարկվել են քարոզչության նախադրյալները, հիմքերը, կազմակերպչական ընթացքը, ձևաչափը և ներգրավված դերակատար բացահայտ և ոչ բացահայտ անձինք։ Ինչպես նաև առանձնակիորեն ուսումնասիրվել է քարոզչության «ռազմավարական քարտեզը»: Նաև առաջին անգամ ուսումնասիրվել է քաղաքական քարոզչական խոսույթը:
Հոդվածում մանրամասնորեն ներկայացվել են պատճառները, թե ինչու թուրք կանայք ներգրավվեցին՝ թեմայի առերևույթ և աներեևույթ կողմերը: Պպատերազմի հետևանքով տղամարդկանց թիվը զգալիորեն պակասել էր, սակայն կային ավելի խորքային ռազմավարական մոտեցումներ՝ կանանց միջոցով հասարակության վստահությունը ստանալ, կանանց ներուժի ներգրավվածությունը մեծացնում էր քարոզչության արդյունավետությունը, օգտագործվում էր իբրև «արևմտականացման փորձ», «աշխարհիկացման փորձ», սական նախացեղասպանական քարոզչական փուլում ծրագրված գործընթացի բաղադրիչ էր այդ գործընթացը: Նաև մոբիլիզացվում էր այն կանանց «հուզական ռեսուրսը», որոնց ամուսինները զոհվել էին պատերազմի դաշտում, շահարկում էին նրանց ապրումային հուզական դրսևորումները:
– Ո՞վքեր էին այդ կանայք ու ի՞նչ մեթոդներ էին կիրառում։
– Վերնախավային պաշտոնավորների կանայք, քույրերը, այսինքն՝ համայնքային կանայք, ինչպես նաև իրավաբանության, բժշկագիտության ոլորտի աչքի ընկնող ուսանողուհիները, որոնք ազդեցություն, համբավ կարող էին ունենալ, նաև հռետորական արվեստով աչքի ընկնող մտավորական կանայք, որոնց մեջ առաջնային ազդեցություն ուներ Հալիդե Էդիպը: Հալիդեի քարոզչական խոսույթի ուսումնասիրությունն է արվել համաիսլամական և համաթուրքական համատեքստում, ուսումնասիրել ենք այլ կանանց քարոզչական բառապաշարը՝ թիրախային կողմերով, որոնց մասին երբեք անդրադարձ չի եղել, սակայն ազդեցությունը մեծ է եղել: Հոդվածի շրջանակում քաղաքագիտական լեզվաբանության դիտակետով են որոշ հարցեր քննվել: Գործածվող խոսույթն աչքի էր ընկնում կրոնական զգացումների մանիպուլյացիայով՝ նպատակ ունենալով մոբիլիզացնելու և հանրության զգացումները կառավարելու։
– Նրանց գործունեությունը ի՞նչ հետևանքների հանգեցրեց։
– Հոդվածի ավարտական հետազոտական հատվածում ուսումնասիրվել, քննվել և սահմանվել է նաև նախացեղասպանական և ցեղասպանական քարոզչության հետևանքը/արդյունքը` որպես ցեղասպանություն` Զմյուռնիայի քրիստոնյաների. առաջին անգամ շրջանառվել են վկայություններ, ցեղասպանության արձանագրումը, փաստագրումը՝ հայ և հույն ականատեսների վկայությունների հիմքով։ Եվ այս գործընթացը ամբողջական ծրագրի բաղադրիչ էր:
Հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Աղբյուր՝ Ermenihaber.am
Հեղինակ՝ Անի Գալստյան


















































