Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-ին դիմում ենք մեխանիզմների ստացման համար, ոչ թե, որ համատեղ պայքարենք ՌԴ-ից եկող վտանգների դեմ։ ՌԴ-ն չխառնվեր ՀՀ ներքաղաքական կյանքին, իրեն կդիմեինք»

Փետրվար 28,2026 12:00

Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց՝ ռուս փորձագետները թող իրենց տեղում մնան եւ քթները չխոթեն, թե ինչպես է ՀՀ հասարակությունը, քաղհասարակությունը, անգամ կառավարությունը պատրաստվում հիբրիդային հարձակումներին դիմակայելուն։

 

«ՀՀ-ն ժողովրդավարության եւ ազատ ընտրությունների ցուցանիշով տասնյակ հորիզոնականներով բարձր է ՌԴ-ից։ Եթե ընդունեի, որ որեւէ ժողովրդավարական երկրի փորձագետները քննարկում են  ՀՀ-ի ժողովրդավար ընտրությունների հեռանկարները ու դրա ռիսկերը, ես դա կհասկանայի, բայց ռուս փորձագետները թող իրենց տեղում մնան եւ քթները չխոթեն, թե ինչպես է ՀՀ հասարակությունը, քաղհասարակությունը, անգամ կառավարությունը պատրաստվում հիբրիդային հարձակումներին դիմակայելուն»,- «Առավոտի» փաստմանը՝ ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանի՝ Բրյուսել հասցեագրված նամակի հիման վրա ԵՄ-ն պատրաստվում է օգնել Հայաստանին հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններում ՌԴ միջամտությունից խուսափելու համար՝ տեղակայելով Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարող «հիբրիդային արագ արձագանքման խումբ» եւ հիշեցմանը՝ այս առիթով ռուս քաղաքական մեկնաբան Անդրեյ Արեշեւը կարծում է, որ ՀՀ-ում ցանկանում են մոլդովական սցենարը կրկնել, այսպես արձագանքեց Միջազգային եւ անվտանգային հարցերի ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ օրերս Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած Մոսկվա-Երեւան տեսակամուրջի ժամանակ Անդրեյ Արեշեւը նշել էր. «Մենք գիտենք, որ լուրջ գումարներ են հատկացվում այդօրինակ տեղեկատվական գործողությունների համար։ Մոլդովայի դեպքում խոսքը 15 միլիոն եվրոյի մասին էր, Հայաստանի դեպքում էլ համարժեք գումար կլինի։ Խոսքը հանրային կարծիքի մանիպուլյացիայի մասին է խորհրդարանական ընտրությունների նախօրյակին, այնպիսի տեղեկատվական պատկերի ստեղծման մասին է, որը հունիսի 7-ի ընտրություններին կնպաստեր արեւմտյան ուժերի հաջողությանը, քանի որ այս ընտրություններն ունեն նաեւ աշխարհաքաղաքական բնույթ։ Այդ մասին խոսում են նաեւ պրոիշխանական քարոզիչները Հայաստանում»։

Անդրադառնալով ռուսական կողմից հնչող քննադատություններին՝ Ստյոպա Սաֆարյանն ասաց. «էդ ի՞նչ են ուզում Մոլդովայի նման անել, որ ասում են՝ Մոլդովա է կրկնվում։ Եթե չեն ուզում միջամտել ՀՀ-ի ընտրություններին, Մոլդովա-2 տեղի ունենալ չի կարող։ Մոլդովա-2 կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե ՌԴ-ն ուզում է ինչ- որ մի բան անել, եւ դրա մասին գիտեն ռուս փորձագետները։ Թող բարի լինեն հարգեն իրենց ասած՝ դարավոր բարեկամ ժողովրդի ներքին քաղաքական կյանքը եւ չմիջամտեն։ ՀՀ-ն իրավասու է դիմել այս կամ այն երկրին իր դիմակայունության ավելացման համար։ Դա որեւէ մեկի քմահաճույքին հարմարեցման եւ վիճարկման ենթակա չէ։ ՀՀ-ն, ընդհանրապես բոլոր երկրները դիմակայում են հիբրիդային սպառնալիքների ահռելի ծավալի։ Ուզում են ասել, որ ՀՀ-ն պետք է անպաշտպան լինի՞, թող պարզ ասեն, մենք էլ հասկանանք, թե մեր դարավոր բարեկամն ինչ է ուզում մեզնից՝ ուզում է պաշտպանված լինենք, թե՝ ոչ։ Եթե իրենք որեւէ կերպով չխառնվեին ՀՀ ներքաղաքական կյանքին, կդիմեինք իրենց, կասեինք՝ եկեք, մեզ օգնեք դիմակայելու ադրբեջանա-թուրքական եւ այլ երկրներից եկող հիբրիդային վտանգներին»։

Ստյոպա Սաֆարյանը տեղեկացրեց՝ ՄԱՀՀԻ-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ առնվազն չորս երկիր շահագրգռված են՝ ՀՀ-ի դեմ հիբրիդային վտանգներ եւ սպառնալիքներ հարուցելով. «Արտաքին քաղաքականության տասը նպատակ ենք վերցրել, դրանց նկատմամբ մեկ տասնյակից ավելի երկրների վերաբերյալ հետազոտություն արել։ Առաջին հորիզոնականը, ցավոք, գլխավորում է ՌԴ-ն՝ շահագրգռությունների տեսանկյունից, երկրորդ տեղում Ադրբեջանն է, երրորդում՝ Թուրքիան, 4-րդը Իրանը, 5-րդը Վրաստանը»։

Մեր այն փաստմանը՝ եթե երկրները, որոնցից հիբրիդային պատերազմի վտանգներ են գալիս ՀՀ-ի նկատմամբ, մի քանիսն են, այդ դեպքում ինչո՞ւ է «հիբրիդային արագ արձագանքման խումբը» ՀՀ-ին պաշտպանելու միայն Կրեմլից եկող սպառնալիքներից, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Այդ խումբը ոչ թե կոնկրետ երկրից եկող սպառնալիքների դեմ է պայքարելու, այլ ԵՄ-ն ունի մեթոդներ, եւ  դրանց դեպքում էական չէ, թե ով է հիբրիդային վտանգ հարուցում, այլ էական է, թե ինչ արագությամբ ու արդյունավետությամբ են արձագանքում։ Նրանք ձեւն են սովորեցնում, չեն ասում՝ գալիս ենք Ռուսաստանի դեմ։ Պաշտպանիչ ցանցերի, վարքականոնների համար ի՞նչ նշանակություն ունի՝ որ երկրից եւ ումից է գալիս հարձակումը։ Ի վերջո, բազմաթիվ հիբրիդային սպառնալիքներ հենց ԵՄ տարածքից են գալիս։ Ֆրանսիական թերթերում տպվող կեղծ հոդվածները օրինակ՝ Սյունիքում Ֆրանսիայի կողմից միջուկային թափոնների թաղման կամ այլնի մասին։ Հիբրիդային վտանգների դիմակայելու՝ ԵՄ չափանիշներով էական չէ՝ որ տարածքից է վտանգը գալիս, այլ այն, որ կարողանան արդյունավետ հաղթահարել դա՝ առանց նայելու ծագման աղբյուրը։ Խնդիրն այն է, որ համակարգը լինի պաշտպանված, որ ԿԸՀ կայքը ընտրությունների օրը չառեւանգեն, թե դա կլինի ՌԴ-ն, Ադրբեջանը, Թուրքիան, թե Իրանը, էական չէ։ ԵՄ-ին դիմում ենք մեխանիզմների ստացման համար, ոչ թե, որ համատեղ պայքարենք ՌԴ-ից եկող վտանգների դեմ»։

Մեր այն հարցին՝ ռիսկ չկա՞, որ ՌԴ-ԵՄ աշխարհաքաղաքական շահերով պայմանավորված՝ կարող է ԵՄ-ն դա օգտագործի ՌԴ-ի դեմ, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Մոլորակի վրա քիչ բան կա, որ քաղաքական չէ, կամ առնվազն այս շրջանում քաղաքականացված չէ։ ՌԴ-ն ինքն է այդ կարգի խնդիրներ սարքում, ՌԴ-ն մտահոգված է, որ միջամտության, իրավիճակի վրա ազդելու գործիքներից կզրկվի, ՌԴ փորացավը դա է, այլ ոչ թե, որ ՀՀ-ն իրեն պաշտպանում է»։

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

27.02.2026թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728