«Հետաքննում է դետեկտիվը» շարքում ներկայացված պատմությունները Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանի եւ Հայաստանի միակ պաշտոնապես գրանցված մասնավոր դետեկտիվ կազմակերպության՝ «Gabrielyan & Partners Detective Bureau»-ի հետաքննված իրական դեպքերի հիման վրա են։ Այսուհետ «Առավոտը» ամեն ուրբաթ կներկայացնի դետեկտիվի արտառոց բացահայտումները։
Հանրահայտ կորպորացիաներից մեկը դիմել էր Gabrielyan & Partners Detective Bureau-ին այն պահին, երբ խնդրի կարգավորումն այլեւս իրենց անվտանգության դեպարտամենտի ուժերից վեր էր։
Կորպորացիան շաբաթներ շարունակ չէր կարողանում կապ հաստատել նախկին ԽՍՀՄ երկրներից մեկում գործող իր ներկայացուցչության ղեկավարի հետ։ Նա ղեկավարում էր գործընկեր կազմակերպությունը, որի հետ ստորագրված էր բացառիկ պայմանագիր՝ նախկին խորհրդային տարածքի գրեթե բոլոր պետություններում կորպորացիայի շահերը ներկայացնելու համար։ Փոխանցվել էր բավականին խոշոր գումարի չափով կանխավճար նոր պրոդուկտների գովազդային արշավի կազմակերպման համար:
Չորս տարի համագործակցության ընթացքում նրան ֆիզիկապես ոչ ոք չէր տեսել։ Ոչ կորպորացիայի մենեջմենթը, ոչ պատասխանատու աշխատակիցները, ոչ էլ այլ գործընկեր կազմակերպությունները։ Բոլոր շփումները եղել էին բացառապես թվային միջավայրում՝ էլեկտրոնային նամակներ, մեսենջերներ, եռամսյակը մեկ՝ տեսազանգեր, բայց միշտ անջատված տեսախցիկով։ Նա դա բացատրել էր իր գտնվելու երկրի ու կորպորացիայի գտնվելու երկրի միջեւ հարաբերությունների հետ կապված անվտանգության նկատառումներով։ Վճարումները իրականացվել են բացառապես կրիպտոարժույթով։
Երբ կապը նրա հետ ամբողջությամբ ընդհատվել է, կորպորացիայի ղեկավարության մոտ առաջին անգամ ծագել էր մի հարց, որը մինչ այդ ոչ ոք չէր համարձակվել բարձրաձայնել.
– Իսկ մենք իրականում ո՞ւմ հետ ենք աշխատել։
Բյուրոյի դետեկտիվները չէին շտապում պատասխանել։ Նման գործերում առաջին եզրակացությունները գրեթե միշտ սխալ են լինում։ Այստեղ պետք էր ոչ թե հավատալ փաստաթղթերին կամ տեղեկատվությանը, այլ փնտրել այն, ինչ չէին կարողացել գտնել կորպորացիայի անվտանգության դեպարտամենտի բարձրակարգ մասնագետները։
Հայկի ու Գագիկի որոշումը պարզ էր. մեկնել այն երկիր, որտեղ գրանցված էր ներկայացուցչի կազմակերպությունը։
Այնտեղ նրանց դիմավորեց իրենց լավ բարեկամ, հայ գործընկերը՝ Հովհաննեսը։ Փորձառու դետեկտիվ, որը տեղական իրականությունը գիտեր ավելի լավ, քան որեւէ անվտանգության ստորաբաժանում։ Առանց ավելորդ ժամանակի կորստի, նա միացավ թիմին։ Այդպիսի գործերում ժամանակը չի սպասում, վատնված ժամանակը պատժում է անհաջողությամբ։
Որոնումները սկսվեցին ծանր ու լարված ռիթմով։ Ստուգվում էին պատվիրատուի կողմից տրամադրված պայմանագրերը, գրանցման տվյալները եւ այլ տեղեկատվություն: Ամեն ինչ օրինական էր, չկար որեւէ անոմալ երեւույթ: Հենց այդ չափից շատ օրինականությունն էլ հուշում էր, որ ինչ-որ բան այն չէ:
Օրերն անցնում էին, իսկ իրական մարդը չէր հայտնաբերվում։ Ռեալ իրավիճակում ոչ գրասենյակ կար, ոչ գրանցված աշխատակիցներ, ոչ էլ ֆիզիկական ներկայություն։ Կար կազմակերպություն, որը գոյություն ուներ միայն պետական փաստաթղթերում եւ թվային միջավայրում։ Այսինքն՝ նա տարիներ շարունակ աշխատանքի ու համագործակցության իմիտացիա էր ստեղծել եւ փոշիացրել այդ ընկերության տրամադրած միջոցները:
Բեկումն եկավ անսպասելիորեն՝ այնտեղ, որտեղ սովորաբար չեն փնտրում։
Հին մասնագիտական ֆորումներից մեկում, որը վաղուց ակտուալ չէր, Հովհաննեսը նկատեց մի էլեկտրոնային փոստի հասցե, որը կրկնվում էր տարբեր թեմաների տակ՝ տարբեր անուններով, բայց նույն լեզվով, նույն ոճով։ Մարդիկ սովորաբար փոխվում են, իսկ ոճը՝ հազվադեպ։ Էլ. փոստի հասցեն հին էր, այդ պլատֆորմը վաղուց փակված էր ու չէր օգտագործվում: Սակայն թվային աշխարհում «հինը» երբեք չի նշանակում «անօգուտ»։ Այդ էլեկտրոնային փոստի հասցեն դարձավ բանալին։ Ստուգումները ցույց տվեցին տարօրինակ պատկեր.
IP հասցեները փոխվում էին, ժամային գոտիները՝ նույնպես, սակայն ոճը նույնն էր։ Միշտ նույն բառերը։
Տարիներ շարունակ ինչ-որ մեկը ստեղծել էր թվային կերպարներ՝ հավաքելով տարբեր կենսագրություններից, տարբեր իրական մարդկանց տվյալներից։
Նա, կազմակերպելով ներկայացուցչությունը, կազմակերպել էր զեղծարար սխեմա ու յուրացրել առանձնապես խոշոր չափի գումարներ:
Այստեղ գործին միացան տեղի իրավապահները։ Այժմ ամեն քայլ պետք էր հիմնավորել։ Ամեն տվյալ՝ ապացուցել։ Կրիպտո փոխանցումների ստվերային քողը բացվեց շերտ առ շերտ, եւ ֆինանսական հոսքերի շղթան դարձավ հասանելի։ Կրիպտո փոխանցումները կատարվել էին միեւնույն դրամապանակին։ Բայց դրանց վերլուծությունը բացահայտեց մեկ կարեւոր հանգամանք՝ գումարները երկար չէին մնում այդ դրամապանակում։ Դրանք ցրվում էին՝ ինչպես ջուրն ավազի մեջ։
Շատ երկար մտածված ու խորքային սխեմա էր:
Երբ էլ. փոստի հասցեով վերջապես նույնականացվեց անձը եւ ճշտվեց գտնվելու վայրը՝ գործողությունն իրականացվեց առանց աղմուկի։
Իրավապահները թակեցին դուռը: Դուռը բացեց այն մարդը, որը տարիներ շարունակ գոյություն ուներ միայն էկրանների վրա: Նա առաջին անգամ կանգնած էր իրական կերպարով։ Նրա հայացքը հոգնած էր, բայց ոչ զարմացած։ Թվաց, թե նա վաղուց էր սպասում այս պահին։
Իրավապահների կողմից ներկայացված փաստաթղթերն ամփոփելով՝ դետեկտիվները հավաքեցին այս հետաքննության ամբողջ փաթեթը եւ Հովհաննեսի հետ մեկնեցին օդանավակայան: Սա հաղթանակ էր, դետեկտիվների հաղթանակը, հայ դետեկտիվների հաղթանակը:
Զեղծարար սխեման բացահայտվել ու վնասազերծվել էր:
Երեւան ժամանելուն պես գնացին գրասենյակ՝ հետաքննության արդյունքները պատվիրատուի անվտանգության դեպարտամենտի ղեկավարին ներկայացնելու համար:
Նա երկար ժամանակ լուռ լսում էր Հայկին: Շատ ուժեղ մասնագետներով, տեխնիկական միջոցներով ու համակարգերով հագեցած հեղինակավոր կորպորացիայի անվտանգության դեպարտամենտի քթի տակ տարիներ շարունակ փոշիացվել էին գումարներ։ Ընկերությունը տարիներ շարունակ գործ է ունեցել ոչ թե մարդու, այլ կառուցված զեղծարար սխեմայի հետ։
Մինչ ուշ գիշեր բյուրոյի գրասենյակում լույսը դեռ վառ էր։ Սեղանին՝ հին հայկական թանկարժեք կոնյակ եւ սուրճ։ Այդպիսի կոնյակ բացում են լուրջ հաղթանակ տոնելու կապակցությամբ:
Երկու եղբայր վերլուծում էին հետաքննությունը:
Հիշում էին նախկին գործերը, երբ դեռ ոստիկանությունում էին, եւ թվային աշխարհը դեռ չէր աջակցում խարդախներին այսքան համոզիչ ստելու գործում։
Զեղծարար մարդիկ գոյություն ունեն միայն այնքան ժամանակ, քանի դեռ ոչ ոք չի համարձակվել հարցնել՝ իսկ դու իրականում ո՞վ ես։
ՀԱՅԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.02.2026թ.


















































