Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Հակոբյան․ Իշխանության համար այս ընտրությունները գոյաբանական կարևորություն ունեն․ նրանք ամեն ինչի գնալու են․ «Փաստ»

Փետրվար 28,2026 09:40

«Բուն իշխանությունը, այն մարդիկ, որոնք որոշումներ ընդունողներ են, ֆինանսատնտեսական խմբերը, որոնք իրականում ստվերային աջակցություն են ցուցաբերում այս վարչախմբին և դրսի ուժային կենտրոնները բոլորիցս լավ գիտեն իրական վիճակը, նկատի ունեմ՝ էլեկտորալ տրամադրությունները Հայաստանում։ Դա արտացոլվում է նաև ժամանակ առ ժամանակ հրապարակվող սոցիոլոգիական հարցումների արդյունքներով, որոնց համաձայն, իշխող ուժը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առավելագույնը 17 տոկոս ձայն է ունեցել վերջին երկու, եթե չասենք՝ երեք տարվա ընթացքում։ Դա արտացոլվում է նաև ՏԻՄ ընտրությունների արդյունքներով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, երբ անդրադառնում ենք երկրում տիրող նախընտրական տրամադրություններին։

Ընդգծում է՝ իշխանությունները շատ լավ հասկանում են, որ իրենց էլեկտորալ ռեսուրսը հիմա բավականին սահմանափակվել է։ «Եթե նույնիսկ համարենք, որ իշխանության վարկանիշը կարող է առանձին ընդդիմադիր ուժերից մի փոքր բարձր կամ հավասար լինել, միևնույնն է, դա շատ քիչ է, որպեսզի գործող իշխանությունները կարողանան կրկին ձևավորել իշխանություն։ Մի բան է, երբ ունես 17-18 տոկոս ձայն, վարչական ռեսուրսով, տարբեր հնարքներով, ճնշումներով, վախի մթնոլորտով կարող ես մաքսիմում ունենալ, ասենք, 30 տոկոս, մեկ այլ բան է, երբ պետք է ունենաս «50 տոկոս +1» ձայն։ Իշխանությունը մեկ խնդիր էլ ունի. ըստ էության, դաշնակից որևէ կուսակցության համար պրոբլեմատիկ է անցողիկ շեմը հաղթահարելը։ Կարող է մեկը քիչ թե շատ մոտենա դրան, բայց դա այս պահի դրությամբ միայն տեսականորեն է հնարավոր։ Պնդում եմ, որ 2024 թվականի հունվարից՝ մարզային դպրոցներում կախիչների ակցիայից սկսած, Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական ակումբը նախընտրական քարոզարշավ են սկսել։ «Կախիչների ակցիայով» նա ուզում էր ցույց տալ, թե ով է տան տերը, ցույց տալ, որ ինքը լավն է, բայց իր թիմն է վատը։ Մի շրջան էլ իրավապահ ամբողջ համակարգի ղեկավարներին փոխեց՝ նրանց վրա բարդելով մեղքը, որ կոռուպցիայի դեմ լավ չեն պայքարում և գույքը հետ չեն բերում։ Հետո էլ իր իմիջը փոխեց, սափրվեց, տարբեր տեսակի գլխարկներ կրեց՝ «կեպկայից» անցավ «շլյապային»։ Ի դեպ, ի՞նչ եղավ «Վարչաբենդը»։ Այս ամենով նա փորձում էր հետաքրքիր դառնալ ընտրազանգվածի տարբեր սեգմենտների համար, առաջին հերթին՝ երիտասարդության։ Իրենց իսկ հարցումների համաձայն, որոնք, կարծում եմ, կատարում են հատուկ ծառայությունները և դրսի՝ իրենց աջակցող հայտնի ուժային կենտրոնների ներկայացուցիչները, տեսնում են՝ 18-ից 35 կամ 18-ից 40 տարեկան ընտրազանգվածն իրենց չի ընտրում, ավելին՝ արհամարհանքով է վերաբերվում՝ որպես պարտվողների ու անհաջողակների։ Այսօրվա երիտասարդությունը, ի տարբերություն նախորդ սերունդների, տուն պահող երիտասարդություն է՝ բարձր աշխատավարձով, կրթված լինելով։ Շատ դեպքերում իրենք են ընտանիքում կարծիք ձևավորողը, ոչ թե ավագ սերունդը։ Դա շատ ճակատագրական նշանակություն կարող է ունենալ, որովհետև երիտասարդ, հաջողակ, կրթված սերնդին չես կարող համոզել, որ պարտությունը հաղթանակ է, ասում էր, չէ՞, պարտվեցինք, բայց ձեռք բերեցինք անկախություն։ Մարդկանց մի հատվածի կարող ես սրանով կերակրել, բայց ինքնաբավ, կրթված, լայն աշխարհայացք ունեցող երիտասարդությանը չես կարող լուզերին որպես հաղթող ներկայացնել»,- նկատում է մեր զրուցակիցը։

Անդրադառնում է Հայ առաքելական եկեղեցու դեմ կատարվող գործընթացիներին՝ դրանք «ավանտյուրա» կոչելով։ «Դա կարող է «թաղել» ցանկացած քաղաքական ուժի կարիերան։ Բայց նա խրվեց դրա մեջ, քանի որ դրսից կար պատվեր, բացի դա, ամբիցիա՝ Հայաստանում բոլոր ինստիտուտները վերահսկողության տակ վերցնելու։ Նա հիմա, կարծես, հասկացել է, որ չի կարողանում հաղթել, որովհետև Եկեղեցու շուրջ նախ և առաջ պարտվել է քարոզչական պատերազմում։ Սոցիոլոգիան էլ է ցույց տալիս՝ մարդկանց 70-80 տոկոսն աջակցում է Եկեղեցուն։ Հիմա չի սրելու այս պրոցեսը, որովհետև նախընտրական շրջան է սկսվում։ Նա հասկանում է՝ ինչ էլ նախաձեռնում է, իր ռեսուրսները չեն հերիքում։ Եվ այս իրավիճակում մնում է ավանդական եղանակը՝ պետական մակարդակով ընտրակաշառքը։ Ասում էր, որ թոշակները չեն ավելանալու, թոշակառուների ինչի՞ն է պետք այդ գումարը, բայց մեկ էլ մի օր հանկարծ հայտարարում է, որ թոշակներն ավելացնելու է, քանի որ կա նման հնարավորություն։ Ընդ որում, բյուջեում այդ տողը գոյություն չունի, իսկ մեր երկրի օրենքով նման հատկացում անելու պարագայում պետբյուջեում պետք է համապատասխան տողը լինի։ Պետական նախընտրական ընտրակաշառքը հարկատուների վրա արժենալու է տարեկան 200 մլն դոլար։ Ընդ որում՝ ոչ բոլոր թոշակառուներն են 10 հազար դրամով ավելացում ստանալու։ Մինչ սա արված շատ քայլեր էլ նախընտրական տրամաբանության մեջ էին։

Զինվորական ծառայության ժամկետը կրճատեցին, քաղաքապետարանը որոշեց մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը բարձրացնել։ Սա սովորական նախընտրական տրամաբանության մեջ է, իշխանությունը, որը բավականին ցածր ռեյտինգ և մրցակցային վիճակ ունի, փորձում է պետական բյուջեի հաշվին փող «լցնել» ընտրողների գրպանները։ Իշխանության համար այս ընտրությունները գոյաբանական կարևորություն ունեն։ Նրանք ամեն ինչի գնալու են, ամեն ինչի ընդունակ են։ Դա տեսնում ենք նաև արտաքին հարաբերություններում։ Առաջին անգամ եմ տեսնում, որ պաշտոնական մակարդակով դիմեն աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի, ասենք՝ ԵՄ-ին, և ասեն՝ քանի որ մեր դեմ ինչ-որ մեկը հիբրիդային պատերազմ է սկսել, ընդ որում՝ ռիսկ և տղամարդկություն չունեն ասելու, թե ով է այդ ինչ-որ մեկը, մեզ մոտ ուղարկեք օպերատիվ արձագանքման խումբ, մեզ փող տվեք, որպեսզի պաշտպանվենք։ Երբ հարցնում ես՝ Ռուսաստա՞նն է այդ հիբրիդային պատերազմ իրականացնողը, ասում է՝ չէ, պարզվում է՝ Ադրբեջանն ու Թուրքիան էլ չեն։ Ի վերջո, հարկատուն, որն իրենց հռչակած հերոսն է, պետք է հասկանա, թե ով է մեր դեմ հիբրիդային պատերազմ վարող այդ թշնամին։ Փաստորեն, Ռուսաստանը չէ, որովհետև հայտարարում են, որ ռազմաբազան չեն հանելու Հայաստանից, Պուտինին էլ շնորհակալություն է հայտնում 2020 թվականին խաղաղություն հաստատելու համար, գնում են Մոսկվա և ծպտուն չեն հանում որևէ հարցի վերաբերյալ։ Ես, օրինակ՝ կասկած ունեմ, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարում են Թուրքիան և Ադրբեջանը և Հայաստանում նրանց հովանավորյալները»,-նշում է քաղտեխնոլոգը։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728