Լրահոս
Օրվա լրահոսը

Այստեղ գործ ունենք ոչ թե պարզապես իշխանությունը կորցնելու վախի հետ, այլև դրանից հետո պատասխան տալու անխուսափելիության. «Փաստ»

Փետրվար 28,2026 10:10

Վախն, առհասարակ, ուժեղ մոտիվատոր է: Չնայած, վախն իռացիոնալ է ինքնին: Բայց կան վախեր, որոնք առավել տարօրինակ են թվում բանականության տեսանկյունից: Նման վախերից մեկը իշխանությունը կորցնելու վախն է: Բանն այն է, որ ոչ մի աշխարհիկ իշխանություն հավերժ չէ, այն ունի վերջ: Եվ պատմությունը դրա անջնջելի վկայությունն է: Բայց փաստ է և այն, որ ցանկացած աշխարհիկ իշխանավոր ձգտում կամ գոնե երազում է իշխանավարել հնարավորինս երկար: Նաև այդ պատճառով է, որ ժամանակակից նորմալ երկրները որոշակի օրինական սահմանափակումներ են նախանշել: Նման պայմաններում, համաձայնեք, առավել ևս տարօրինակ են երևակվում իշխանությունը կորցնելու վախերը:

Բայց սա շաբաթօրյա խոհափիլիսոփայական զրույց չէ, այլ միանգամայն կոնկրետ դիտարկում, որի նախադրյալը Հայաստանի գործող իշխանության համանման վախերը, եթե կուզեք՝ անհանգստություններն են: Այո, Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչներն իրականում որոշակի վախեր և անհանգստություններ ունեն: Մեծ վախեր ու անհանգստություններ: Եվ դա միանգամայն ակներև է: Ավելին, նաև շատ օբյեկտիվ հիմքեր ունի: Նրանք հատկապես վերջին շրջանում իրենց այնպես են պահում, որ նույնիսկ քաղաքականությունից կիլոմետրերով հեռու կանգնող հայրենակիցներն են նկատում, թե իշխանափոխության ինչպիսի իշխանավախություն է նրանց համակել:

Ընդհանրապես, գրեթե չեն լինում իշխանություններ, որ ցանկանում են կորցնել կամ զիջել իշխանությունը: Բայց մեր դեպքը փոքր-ինչ այլ է: Այստեղ գործ ունենք ոչ թե պարզապես իշխանությունը կորցնելու կամ ոչ միայն դրա վախի հետ, այլև դրանից հետո պատասխան տալու անխուսափելիության: Ու ոչ այն տարբերակով, ինչպես այլ, քաղաքակիրթ երկրներում է, որտեղ խոստացած, բայց չարածի, սխալ արածի, անարդյունավետ արածի համար իշխանությունները կրում են քաղաքական պատասխանատվություն: Եթե միայն դա լիներ Փաշինյանի դեպքում, նա թերևս նույնիսկ ուրախանար: Փաստ է, որ, օրինակ՝ 2021 թվականի իրենց խոստումների ճնշող մեծամասնությունը, եթե կուզեք՝ կառավարության գործունեության 2021-26 թթ. ծրագիրը այս իշխանությունը տապալել է (մենք ոչ մեկ անգամ անդրադարձել ենք այդ փաստերին): Սակայն այս դեպքում պատասխանատվությունը ենթադրվում է նաև ու հատկապես այն բոլոր փորձանքների համար, որ այս իշխանությունները բերել են երկրի ու ժողովրդի գլխին. պատերազմ(ներ), մարդկային ու տարածքային կորուստներ, Արցախի կորուստ և հայաթափում, պատմամշակութային անգնահատելի ժառանգության կորուստ, ինքնիշխանության և սուբյեկտայնության կորուստ, անվտանգային սպառնալիքների ուժգնացում, բռնատիրության և ոստիկանապետության ձևավորում, ազգային ինքնության և արժեքների դեմ ոտնձգություններ, հարկային անվերջանալի ճնշումներ, պետական միջոցների վատնում և այդպես շարունակ:

Ինքնին հասկանալի է, որ Փաշինյանն ու ՔՊ-ի «վերնախավը» ցանկացած հնարք օգտագործելու են, որպեսզի պահեն իշխանությունը: Պահեն, որպեսզի հենց միայն վերը թվարկվածի համար պատասխան տալու անհրաժեշտությունը չունենան: Եվ այդ տեսանկյունից, այո, նրանց անհանգստությունները նաև լուրջ մոտիվատոր են:

 

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728