Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսվել է իրանական պատասխան հրթիռային հարվածն Իսրայելի ուղղությամբ․ Վարդան Ոսկանյան

Փետրվար 28,2026 13:04

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումները

Առայժմ վստահաբար հայտնի է, որ իսրայելական հարվածները թիրախավորել են Թեհրանում մի քանի նախարարությունների շենքերը և այլ ոչ ռազմական նշանակության օբյեկտներ։

Չհաստատված տեղեկություն կա, որ թիրախավորվել են նաև իրանական ՀՕՊ համակարգի հանգույցներ Ղոմի և Քերմանշահի հատվածներում։

Հասցված վնասների մասին հստակ տեղեկատվություն չկա։

ԱՄՆ-ն ևս պաշտոնապես հայտարարեց, որ Իրանի դեմ սկսել է ռազմական գործողություն։

Չնայած Թեհրանի հյուսիսին և արևմուտքին՝ հիմնականում կառավարական հաստատությունների շենքերին, հարվածներին՝ առայժմ չկան տեղեկություններ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության շրջանում զոհերի մասին։

Ի տարբերություն 12-օրյա պատերազմի, կարծես թե չի աշխատել Իրանի ներսում իսրայելական լրտեսական ցանցը, որի միջոցով էլ նախկինում թիրախավորվել էին Իրանի ռազմական վերնախավի մի շարք գործիչներ, ինչը ցուցիչ է, որ Թեհրանում դասեր են քաղել նախորդ պատերազմի փորձից։

ԱՄՆ-ի նախագահ Թրամփի այսօրվա ելույթը նշանակում է մի բան՝ Իրանի դեմ պատերազմի նպատակը ոչ մի այլ բան չի լինելու, քան այդ երկրում իշխանության փոփոխությունը՝ թեկուզ իշխանական համակարգի ներսում ներքին փոխատեղումների միջոցով։

Եթե պարզվի, որ Թեհրանում կառավարական շենքերին հասցված իսրայելական հարվածների հետևանքով Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության շրջանում զոհեր չեն եղել, իսկ առայժմ նման հաստատված տեղեկություն չկա, ապա պարզ կդառնա, որ հարձակման առաջին ալիքն իրականում անարդյունավետ է եղել։

Եթե իսրայելական հարվածի նպատակները եղել են ներքաշել ԱՄՆ-ին պատերազմի մեջ, գլխատել Իրանի ռազմաքաղաքական համակարգը՝ դրանում բանալի անձանց սպանությամբ և հրահրել ներքին անկայունություն հենց համակարգում, իսկ դրան զուգահեռ նաև Թեհրանի փողոցներում, ապա առայժմ հաջողվել է դրանցից միայն մեկը՝ ԱՄՆ-ի ներգրավումը։

Սկսվել է իրանական պատասխան հրթիռային հարվածն Իսրայելի ուղղությամբ։

Մոտ 30 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։

Թիրախավորված են Իսրայելի հյուսիսային և կենտրոնական շրջանները։

Ի տարբերություն 12-օրյա պատերազմի, Իրանը հարվածները հասցրել է առանց նախօրոք հայտարարելու հրթիռակոծության սկզբի մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728