«Առևտուր միշտ էլ արել են, կռվի ժամանակ էլ են առևտուր արել։ Էն ժամանակ էլ բենզին էին վերցնում՝ թեկուզ թաքուն։ Առևտրականը չի հասկանում՝ ինչ է նշանակում կռիվ, իր փողի, էժանության տերն է։ Հիմա էլ թող անեն, առևտուրը վատ բան չէ, բայց ոչ թե միակողմանի՝ տուժվելով, պետք է օգուտ ստանաս դրանից»,- Ծիծեռնակաբերդի բարձունքում տեղադրված Սումգայիթում 1988-ի փետրվարի 26-29-ին հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ադրբեջանահայ փախստականներից մեկը։
2001-ի ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքի համաձայն՝ փետրվարի 28-ը ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրն է։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է հիշում սումգայիթյան ջարդերի մասին։ Ադրբեջանահայ փախստականն ասաց․ «Կամաց-կամաց գնում էր դրան, մի օր այդ պոռթկումը պիտի լիներ։ Դա կազմակերպեցին Ադրբեջանի իշխանությունները և ժողովրդին այնպես ներկայացրին, որ ժողովուրդն էլ արդեն պարտադիր կերպով մասնակցեց։ Բոլորը սկսեցին այդ կոտորածները։ Այդ դեպքերը նաև համընկան Ղարաբաղի դեպքերի հետ․ սկզբում եղավ Ստեփանակերտում, հետո Սումգայիթում, ամեն տեղ, Բավքում։ Ասում են 36 հոգի է զոհվել, բայց սպանվել են շատերը, սկի չեն էլ իմացել դրա մասին»։
Կարդացեք նաև
Ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































