Երեկ՝ փետրվարի 27-ին, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի կամարների ներքո կրկին հնչեցին հայոց շարականներն ու աղոթքները՝ վերարթնացնելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով այստեղ, լուսահոգի Ֆրանկիսկոս պապի նախագահությամբ մատուցված հիշարժան և պատմական Սուրբ Պատարագի հիշատակը։
Գրեթե տասնմեկ տարի առաջ՝ 2015 թվականի ապրիլի 12-ին տեղի ունեցած այդ հանդիսավոր արարողության ընթացքում Սրբազան Քահանայապետը նաև հռչակել էր Սուրբ Գրիգոր Նարեկացուն Տիեզերական Եկեղեցու Վարդապետ՝ նրան անվանելով «վարդապետների համաստեղության մեջ փայլող աստղ»։
Երեք տարի անց՝ 2018 թվականի ապրիլի 5-ին, Հռոմի Քահանայապետը՝ Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսների հետ միասին, օրհնեց Վատիկանի պարտեզում տեղադրված Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը։
Երեկվա Երեկոյան ժամերգությունը կատարվեց հայոց մեծագույն սրբերից մեկի հիշատակության օրը, որը նույն Ֆրանկիսկոս պապի որոշմամբ 2021 թվականին ընդգրկվել է նաև Կաթոլիկ Եկեղեցու օրացույցում։
Կարդացեք նաև
Արարողությանը հաջորդեց պրոդյուսեր Ռուզաննա Ղազարյանի և ռեժիսոր Լիլիթ Մխիթարյանի՝ 2025 թվականի նոյեմբերին լույս տեսած «Նարեկացի» վավերագրական ֆիլմի պրեմիերան Վատիկանի ֆիլմադարանում։
Երեկոյան ժամերգությունը նախագահեց Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Արարողությանը մասնակցում էին Սուրբ Աթոռի Արևելյան Եկեղեցիների բաժնի նախագահ կարդինալ Կլաուդիո Գուջերոտտին և Սուրբ Աթոռի Քրիստոնեական միասնության խթանման բաժնի քարտուղար արքեպիսկոպոս Ֆլավիո Պաչեն, Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը, Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության հայրերը, Հռոմի Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի տեսուչը՝ երգչախմբի մասնակցությամբ, Իտալիայի Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվներ Ներսես աբեղա Հարությունյանը և Աթանաս աբեղա Սարգսյանը, ինչպես նաև Սուրբ Աթոռում Անգլիկան Եկեղեցու ներկայացուցիչ եպիսկոպոս Էնթոնի Բոլը և այլ քրիստոնյա հարանվանությունների եկեղեցականներ։
Ներկա էին նաև Վատիկանում և Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպաններ Բորիս Սահակյանն ու Վլադիմիր Կարապետյանը, հայ համայնքի բազմաթիվ անդամներ և հյուրեր։
ԿԱՐԴԻՆԱԼ ԳՈՒՋԵՐՈՏՏԻ ԽՈՍՔԸ
Արարողության ընթացքում Կարդինալ Գուջերոտտին՝ Սուրբ Գրիգոր Նարեկացուն նվիրված իր խորազգաց խոսքում Գրիգոր Նարեկացուն բնորոշեց որպես «ծայրահեղությունների համառոտում» և «արևելյան քրիստոնեական էության իսկական համադրություն»։
Սուրբ Գրիգոր Նարեկացու մեջ իրապես հանդիպում են մարդկային և հոգևոր փորձառության բևեռները․ մի կողմից՝ հոգու, երկրի և ողջ արարչության խորքերից բարձրացող տագնապի ճիչը, մյուս կողմից՝ փրկության սիրահույզ երգը, որ նրա շարականներում վարդերը, գետերը, աստղերն ու արշալույսները կերպարանափոխում է Ավետարանի անդադար գովաբանության։
Կարդինալը շեշտեց, որ Գրիգորը գագաթնակետին է հասցնում արևելյան հոգևոր ավանդությանը բնորոշ լարումը՝ կարողանալով միաժամանակ հայեցել բարությանը աղերսող դժոխքի կրակը և սիրված ու բաղձալի դրախտի ուրախությունը։
Առանձնապես հուզիչ էր նրա հայ ժողովրդի համար բարձրացված աղոթքը, բնորոշելով նրան որպես «նահատակության ձայն, բայց և անդորրի երգիչ»։ Անդրադառնալով մեր օրերի Հայաստանում ներկա «խոցված հակադրություններին»՝ նա զգուշացրեց այն վտանգից, որ հայ ժողովրդի պատմության բազմաշերտությունը կարող է աղավաղվել՝ վերածվելով քարոզչության և պատերազմի ճիչի։
Կարդինալը հիշեց Գրիգորի սիրելի պատկերներից մեկը՝ Եկեղեցին որպես «ոտքերի պատվանդան երկրի վրա» և միաժամանակ «մանուկ գահ»․ այն վայրը, որտեղ տառապանքն ու հույսը հանդիպում են։ Նա հորդորեց մարդկային ընդերքի բարդությունը չհայտարարել անհասկանալի, քանզի այն ունակ է «արյունահոսել մոր պես և միևնույն ժամանակ պահել ծնվող կյանքը»։
Քարոզը եզրափակվեց գոյության հակասությունը ընդունելու կոչով՝ այն չանջատելով փրկության ուրախությունից, որովհետև նույնիսկ Աստված չի կամեցել հանգուցալուծել այդ լարումը։ «Գրիգոր Նարեկացին, որ իր «Մատյանում» իրեն անվանում էր «Մատեանս շնչական»՝ «մարդկության ձայն», շարունակում է ազատագրել մարդկային փորձառությունը ամեն տեսակ հռետորական պարզեցումից՝ վերադարձնելով նրան խոնարհության և ազատության էպիկական շունչը», – իր խոսքն այսպես ավարտեց կաթոլիկ եկեղեցականը։
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՐԲ ԱԹՈՌՈՒՄ




















































